Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սեփականության իրավունքի պաշտպանության նահանջ սահմանադրական նախագծում

Սեփականության իրավունքի պաշտպանության նահանջ սահմանադրական  նախագծում

«Ոչ ոք չի կարող զրկվել իր սեփականությունից՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը եւ կարգը սահմանվում են օրենքով», «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ»: Սահմանադրական փոփոխությունների նախագծի 58-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ անձին հնարավոր է զրկել սեփականությունից՝ նաև առանց դատարանի համապատասխան վճռի: Մինչդեռ գործող Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծում անձին սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող այս ձևակերպումները կամ սեփականությունից զրկելու դեպքում դատական համակարգը շրջանցելու հնարավորությունը հարուցում է մասնագիտական շրջանակների, նաև խորհրդարանականների մի մասի դժգոհությունը: Առաջարկի ընդդիմախոսները նախագծի վերոհիշյալ դրույթները հետքայլ են համարում և կարծում են, որ հարկ եղած դեպքում դրանք թույլ կտան անձին հեշտությամբ զրկել սեփականությունից: Նախագիծը, սակայն, հնարավորություն է տալիս դատարանում վիճարկել սեփականությունից զրկելու օրինականությունը:

Խախտումներն արձանագրող արագաչափերն ու սահմանադրական փոփոխությունները

«Պատկերացրեք՝ մարդուն կալանավորում են առանց դատարանի որոշման, բայց հետո հնարավորություն են տալիս, թե եթե դժգոհ ես, կարող ես դատարանով վիճարկել այդ կալանքը: Այդ ձևակերպումների վտանգներից գլխավորն այն է, որ ամեն ինչ թողնված է օրենքի քմահաճույքին: Եվ մենք պիտի ընդամենը հույս ունենանք, որ օրենսդիրը օրենքի մեջ կսահմանի դատական կարգը: Եթե անգամ սահմանի, դա չի ունենա այն պաշտպանվածությունը, ինչը կարող է ունենալ Սահմանադրության մեջ ամրագրված լինելու դեպքում»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա կարծում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում անձին սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող ձևակերպումներն արվել են՝ ելնելով ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրող արագաչափերի սեփականատիրոջ շահերից: Հիշեցնենք, որ նախորդ տարեսկզբին «Վարչական իրավախախտումների մասին» և մի քանի այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում հնարավոր դարձավ երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքները գանձել՝ շրջանցելով դատական համակարգը: Օրենսդրական այդ փոփոխությունից հետո տասնյակ հազարավոր վարորդներ հանկարծ հայտնաբերեցին, որ խախտումների համար կալանքի տակ են հայտնվել իրենց բանկային հաշիվները: Ընդ որում՝ շատերը կատարած խախտումների և դրանց համար վճարվելիք տուգանքների մասին պատկան մարմնից՝ Ոստիկանությունից պատշաճ ծանուցում չէին ստացել:

«Անցած տարի Սահմանադրական դատարանը քննեց այդ հարցը , Սահմանադրությունն ակնհայտորեն ծռմռեց և ասաց, որ այդ դրույթները հակասում են Սահմանադրությանը: Սա ակնհայտ հակասահմանադրական քայլ էր, բայց մեր ՍԴ-ն ինչպե՞ս է գործեր քննում. հակասահմանադրական է ճանաչում միայն այն օրենքը, որը չի առնչվում ուժեղներից որևէ մեկի շահերին: Հենց մի քիչ շոշափվում է ուժեղներից որևէ մեկի շահերը, սկսում է Սահմանադրությունը համապատասխանեցնել օրենքներին: Իսկ հիմա որոշել են Սահմանադրությունը համապատասխանեցնել ՍԴ այդ որոշմանը, որպեսզի ընդհանրապես խնդիր չլինի: Ավելին` այս ձևակերպմամբ ճանապարհը բաց է ոչ միայն տուգանքները արտադատական կարգով գանձելուն: Այլևս կարող են գերակա հանրային շահ ճանաչված սեփականությունը նույնպես խլել արտադատական կարգով: Եվ հետո ասել՝ եթե դժգոհ եք, դիմեք դատարան»,- մեկնաբանում է Հ.Ալումյանը:

ՍԴ դիմած ՀՅԴ-ն լուրջ առարկություններ չունի

2014թ. «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հայցով ՍԴ էր դիմել «Դաշնակցություն» կուսակցությունը, որը հիմա պաշտպանում է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով ՍԴ-ում պաշտպանում էր իր կուսակցության դիմումը և վստահեցնում էր, որ կատարած խախտումների համար առանց դատական վճռի տուգանք գանձելը հակասահմանադրական քայլ է, Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ նոր ձևակերպումները գործող Սահմանադրության համեմատ հետքայլ են:

Պատգամավորը նշում է, թե իրենց ներկայացրած առաջարկության հիման վրա այդ հոդվածներում փոփոխություն կլինի ու կամրագրվի, որ ՀՀ-ում պաշտպանվելու են սեփականության բոլոր ձևերը: Իսկ ինչ վերաբերում է հանրային գերակա շահի շրջանակներում անձին առանց դատարանի վճռի սեփականության իրավունքից զրկելուն, ապա Ա.Մինասյանը ընդգծում է. «Մենք առաջարկել ենք փոփոխության ենթարկել և հստակեցնել, որ հանրային գերակա շահի անվան տակ վերցվածը պետք է պատկանի պետությանը կամ համայնքին: Անշուշտ, հետագայում այն կարող է մասնավորեցվել, բայց դա պետք է կատարվի ԱԺ-ի մասնակցությամբ»:

Իսկ եթե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը չընդունի՞ ՀՅԴ-ի առաջարկությունը. «Այդ առաջարկությունը մեր ընդհանուր առաջարկների երևի 0,1 %-ն է: Մեր առաջարկությունների մեծ մասն իրականացվել է: 28 առաջարկություն էլ այս փուլում ենք ներկայացնում, վստահ եմ, որ դրա 80%-ը նույնպես իրացվելու է: Այդ դեպքում դեմ արտահայտվել չենք պատրաստվում»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Սահմանադրությունը, միևնունն է, չի գործում

«Կան եվրոպական երկրներ, որտեղ նույնպես հնարավոր է անձին զրկել սեփականության իրավունքից՝ շրջանցելով դատական համակարգը, ինչը հիմա առաջարկում են սահմանադրական փոփոխությունների նախագծով: Բայց քանի որ գործող Սահմանադրությունը սեփականության ունիվերսալ պաշտպանություն է նախատեսում, ստացվում է՝ այս ձևակերպմամբ մենք հետքայլ ենք կատարում»,- ասում է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորը նաև նշում է՝ Հայաստանում դատական համակարգը անկախ չէ, և դժվար է հուսալ, թե սեփականության իրավունքից զրկվելուց հետո նախնական կամ հետագա բողոքարկման փուլում դատարաններն անաչառ կերպով կպաշտպանեն մեր սեփականության իրավունքը: «Բայց քանի որ Սահմանադրության թե այդ, թե տասնյակ այլ հոդվածներ չեն գործել, վստահ եմ, որ եթե անգամ անձին սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող այդ դրույթները մնան նույն խմբագրմամբ, մենք շարունակելու ենք հակասահմանադրական օրենքների ընդունումն ու այդ հոդվածի ոտնահարումը»,- եզրափակում է Գ.Ջհանհգիրյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները