Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քննարկումից հետո, քվեարկությունից առաջ

Քննարկումից հետո, քվեարկությունից առաջ

Հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում քվեարկության կդրվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 2-ին խորհրդարան է ներկայացրել նախագծի վերջնական տարբերակը, որն ընդգրկում է ընդունելի համարված առաջարկությունները: Սակայն օրվա երկրորդ կեսից հետո էլ խմբակցություններն ու պատգամավորները քվեարկության դրվելիք նախագիծը դեռ չէին ստացել և չգիտեին, թե իրենց առաջարկների որ մասը կամ ինչ փոփոխություններ են տեղ գտել դրանում: 

Հոկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին փոփոխությունների ենթարկված նախագիծը պատգամավորներին կներկայացնի ՀՀ նախագահի ներկայացուցիչ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Ընդունված հատուկ ընթացակարգի համաձայն՝ նա մինչև60 րոպե ժամանակ կունենա հանձնաժողովի կողմից ընդունելի համարված փոփոխությունները խորհրդարանին ներկայացնելու համար: 

Ուշագրավ է, որ փոփոխված նախագծի ներկայացումից հետո քննարկում չի նախատեսվում. առանց հարցերի ու ելույթների՝ այն կդրվի քվեարկության: ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածը 2 հնարավոր տարբերակ է նախատեսում. եզրափակիչ ելույթում նախագահի ներկայացուցիչը խորհրդարանին առաջարկում է համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե կամ առաջարկում է հետաձգել քվեարկությունը մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը: Այդ դեպքում, ի դեպ, նախագիծը համարվում է ընդունված՝ առանց քվեարկության

Խմբակցությունները կողմնորոշված են 

Հայտնի է, որ Հանրապետական խմբակցության հետ սահմանադրական փոփոխությունների նախագծին «կողմ» են քվեարկելու նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները պատրաստվում են «դեմ» քվեարկել: «Ժառանգության» դեպքում, սակայն, խնդիրներ կան. խմբակցությունից միայն Զարուհի Փոստանջյանն է հստակ դեմ արտահայտվել նախագծին ( նա այսօր միայնակ է նույնանուն կուսակցությունը ներկայացնում խորհրդարանում) : Խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քարտուղար Թևան Պողոսյանը, պատգամավորներ Ալիկ Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն ընդհանուր առմամբ պաշտպանում են սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

«Օրինաց երկիր»-ը դեռ չի կողմնորոշվել

ՕԵԿ-ը դեռ չի կողմնորոշվել, թե ընդամենը երկու օր հետո ինչպես է քվեարկելու երկրի թիվ մեկ օրենքին՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անցած տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե իրենք դեմ են փոփոխություններին և կարծում են, որ երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Ամիսներ անց ՕԵԿ-ն Ա.Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպեց Ս.Սարգսյանի հետ, այնուհետև առաջարկությունների փաթեթ ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին:

Խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, թե իրենք կստանան նոր նախագիծը, այն կքննարկեն ոչ միայն ՕԵԿ-ում, այլև իրենց նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» միավորման մոտ 130 կառույցների հետ ու կորոշեն՝ ինչպես քվեարկել:

Հանրաքվեն՝ դեկտեմբերի առաջին կեսին

Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից հետո ԱԺ նախագահն այն 7 օրվա ընթացքում կուղարկի ՀՀ նախագահին: Եթե առարկություններով այն հետ չվերադառնա խորհրդարան, ապա 21 օրվա ընթացքում հանրապետության նախագահը հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր կստորագրի: «Հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն պետք է անցկացվի նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո:
Կարծիք կա, որ իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել դեկտեմբերի առաջին կեսին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները