Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը որոշում ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցին հավանություն տալու մասին: «Կողմ» քվեարկեցին ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները, «կողմ» քվեարկողներ կային իրենց «դեմ» դիրքորոշման մասին հայտարարած ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություններում, ՕԵԿ-ականները քվեարկեցին դեմ ու ձեռնպահ:

Ջանի Բուքիքյոն՝ Շարմազանովի շուրթերով

Եթե հանգամանքները ավելի բարենպաստ լինեին, Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունմանը Ազգային ժողովում կարող էր ներկա լինել անձամբ Ջանի Բուքիքյոն՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահը: Հայաստանից ուղարկված հրավերը նա ընդունել էր, բայց ժամանել չկարողացավ: Նրան գուցե ավելի ուշադիր լսեին, քան նրա ուղերձը ընթերցող Էդուարդ Շարմազանովին, ով դահլիճում աղմուկը լռեցնելու համար պարբերաբար կրկնում էր՝ «հա, լավ, հասկացանք, կուլտուրա ունեցեք»:

Այն, որ համամասնական ընտրակարգի կոնկրետ տարբերակը արձանագրվելու է ոչ թե Սահմանադրությամբ, այլ թողնվելու է Ընտրական օրենսգրքին, նախ հայտնի դարձավ հենց Բուքիքյոյի ուղերձից. Վենետիկի հանձնաժողովը նպատակահարմար էր գտել, որ ընտրակարգի ճշգրտումը՝ մեծամասնական բոնուսի սկզբունքով, ամրագրվի օրենսգրքում:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի ուղերձը անդրադարձ էր Հայաստանի հետ ունեցած համագործակցությանը՝ սկսած 2001 թվականից: Այն նաև հիշեցնում էր, որ երկրի կառավարման որևէ ընտրակարգ ընտրելու իրավունքը Հայաստանինն է, կարևոր է միայն, որ հանրաքվեն անցկացվի միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ Սահմանդրության փոփոխությունների շուրջ լինի հնարավորինս լայն քաղաքական համաձայնություն:

Նախագահի հավանած տարբերակը՝ Վարդան Պողոսյանի ներկայացմամբ

Հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանն ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ պատգամավորներից ստացված բազմաթիվ առաջարկները նախագահը քննարկել է՝ զիջումների գնալու պատրաստակությամբ և հնարավորինս քաղաքական մեծ համաձայնության հասնելու նպատակով: Արդյունքում՝ ընդունվել են բազմաթիվ առաջարկություններ, որոշ դեպքերում էլ մասնագիտական հանձնաժողովը վերանայել է իր դիրքորոշումն ու թողել այսօրվա Սահմանդրությունում եղած ձևակերպումները: Մասնավորապես, պահպանվում է միջազգային պայմանագրերի գերակայությունը ներքին օրենսդրության նկատմամբ, վերականգնվել է դրույթը, համաձայն որի անձը կարող է զրկվել սեփականությունից միայն դատական կարգով: Սահմանադրության նախագծից դուրս է բերվել ՏԻՄ ընտրություններին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությունն ամրագրող դրույթը. հարցը կկարգավորվի Ընտրական օրենսգրքով:

Ընտրական օրենսգրքով է կարգավորվելու նաև խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը. նախագծով ամրագրվում է դրա, ինչպես նաև 2-րդ փուլից առաջ դաշինքներ ձևավորելու հնարավորությունը: Համամասնական ընտրակարգ ամրագրող դրույթը դասվում է այն հոդվածների շարքին, որը կարելի է փոփոխել միայն հանրաքվեի միջոցով: Երկրի նախագահը ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ առանց նախապես քննարկվող ընտրիչների ժողովի մասնակցության:

Սահմանադրության նախագիծը՝ քաղաքական զարգացումների հիմքում

Նախորդ քառօրյայում, երբ ԲՀԿ-ն հայտարարեց Սահմանադրության փոփոխությունների նախագծին կողմ լինելու մասին, վերլուծաբանները սա դիտարկեցին որպես ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ուրվագիծ: Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ն այդ կոալիցիայի 4-րդ կողմը չի դառնա. խմբակցությունը ոչ միայն չշտապեց կողմ դիրքորոշում հայտնել, այլև քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելով՝ մոտ մեկուկես ժամով հետաձգեց փոփոխությունների նախագծի ընդունումը: Ի վերջո, ՕԵԿ խմբակցության 5 պատգամավորից 2-ը քվեարկեց դեմ, 3-ը՝ ձեռնպահ: Քվեարկության հարցում միակարծություն չկար նաև ԲՀԿ-ում. խմբակցության «դեմ» դիրքորոշում ունեցող պատգամավորները՝ Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանն ու Հայկ Խաչատրյանը նախընտրել էին դեմ քվեարկելու փոխարեն ընդհանրապես չգրանցվել ու չմասնակցել քվեարկությանը: «Դեմ» լինելու մասին հայտարարած «Ժառանգությունում» միակ «դեմ» քվեարկածը Զարուհի Փոստանջյանն էր, իսկ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ի միակ «կողմ» քվեարկած պատգամավորն էր:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները