Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պաշտպանը 60 օրենսդրական փոփոխություն է առաջարկում

Պաշտպանը 60 օրենսդրական փոփոխություն է առաջարկում

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 8-ին խորհրդարանին ներկայացրեց 2014թ. իր տարեկան զեկույցը՝ «2014թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին»: Այս զեկույցը Ազգային ժողով է ներկայացվել դեռևս մարտ ամսին, մինչդեռ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն քննարկման է դրել աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրիայի ավարտին:

Զեկույցն ավելի քան 500 էջ ծավալ ունի, բաղկացած է 7 բաժիններից և 34 ենթաբաժիններից: Պաշտպանն անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտներին ու գերատեսչություններին՝ նշելով ոչ միայն խախտումները, այլև այն օրենսդրական ու իրավական բացերը, որոնց արդյունքում իրավունքները սահմանափակվում են: Զեկույցում ներկայացված է 188 համակարգային խնդիր, դրանցից 60-ը, օմբուդսմենի գնահատմամբ, օրենսդրական կարգավորում է պահանջում: Կ.Անդրեասյանի խոսքով՝ այդ 60 խնդիրներից 20-ը կարող է լուծվել ավելի կարճ ճանապարհով՝ կառավարության որոշումներով: 40 խնդիրներն էլ առանձնացվել են, որպեսզի տրամադրվեն ԱԺ խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին համափատասխան օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկելու համար: «40 խնդրանքով և 40 խնդրով եկել եմ ԱԺ. այն ակնկալիքով, որ առաջիկա ամիսներին մենք համատեղ ուժերով կկարողանանք դրանք լուծել»,- զեկույցը ներկայացնելիս հայտարարեց Կ.Անդրեասյանը:

Ցեղասպանությունը՝ որպես իրավունքների կոպտագույն խախտում

Կ.Անդրեասյանը 2014թ. տարեկան զեկույցի նախաբանում անդրադարձ է կատարել 2015թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությանը: «Կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում, որը ոտնահարում է ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվության և սեփականության իրավունքը: Այդ գերխնդիրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական ու բարոյական ճանաչման մերժումն է: Մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումը համաշխարհային և տարածաշրջանային առումով միլիոնավոր մարդկանց սպանության և ունեզրկման համար թուրքական իշխանությունների՝ արդեն 100 տարի տևող ուրացումն ու պատասխանատվությունից խուսափումն է… մինչդեռ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության հանցագործության հրապարակային հերքումները կամ արդարացման փորձերը պետք է օրենքով պատժելի լինեն»,- նշված է ՄԻՊ զեկույցում:

40 խնդիրներից առավել ակնառունները

Առաջինը, որ առանձնացրեց Կ.Անդրեասյանը, պետպատվերով տրվող դեղորայքի որակի անբավարար լինելն է: Պետությունն իր կարիքների համար անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու համար հայտարարում է պետական գնումների մրցույթ, որտեղ հաճախ հաղթում է նվազագույն գին առաջարկող ընկերությունը: ՄԻ պաշտպանի ներկայացմամբ՝ ցածր գնով, էժան ձեռք բերված դեղը մեծամասամբ անորակ է լինում ու ոչ միայն չի բարելավում այն ստացողի առողջական վիճակը, այլև լրացուցիչ առողջական խնդիրներ է առաջացնում: Կ.Անդրեասյանի խոսքով՝ անհրաժեշտ է «Գնումների մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ վերանայելով պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացը:

Պաշտպանի առանձնացրած երկորդ կարևորագույն խնդիրը վերաբերում է կրթական ոլորտին: Ըստ նրա՝ օրենսդրական թերի կարգավորման հետևանքով պետության կողմից բուհերին հատկացված անվճար տեղերի մի մասը չի տրամադրվում ուսանողներին: Այս դեպքում նույնպես օրենսդրական փոփոխություն է առաջարկվում: Ըստ օմբուդսմենի՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» մասին օրենքում պետք է վերանայել «առավել բարձր առաջադիմություն» եզրույթի սահմանումը:

Կ.Անդրեասյանի ներկայացմամբ՝ համակարգային խնդիր է դարձել խնամակալության և հոգեբարձության մարմիններին կից գործող հանձնաժողովների գործունեությունը, որը հստակ կարգավորված չէ: Դրա կարգավորումը, ՄԻ պաշտպանի կարծիքով, կփոխի շատերի կյանքը: « Քանի որ չկան հստակ կարգավորումներ, ամուսնալուծության դեպքերում երեխաների ճակատագրերը լուծվում են ի վնաս նրանց, երբեմն անգամ ոչ ծնողների ներկայությամբ: Օրինակ, կարող են երեխաներին տալ հարբեցող ծնողին կամ սուր սոցիալական խնդիրներ ունեցողին»,-մանրամասնեց նա:

ՄԻ պաշտպանի ներկայացրած հաջորդ համակարգային և օրենսդրական լուծում պահանջող խնդիրը վերաբերում է հարկային և տնտեսական ոլորտին: Անդրեասյանի խոսքով՝ տնտեսվարողի բնականոն աշխատանքին հաճախ խոչընդոտում են ստուգումն իրականացնողի որոշ գործողություններ: «Ընդամենն անհրաժեշտ է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանել կոնկրետ չափանիշեր, որոնք կհստակեցնեն, թե օրինակ որ դեպքում է ստուգումն իրականացնողի կողմից իրեր վերցնելը խոչընդոտում տնտեսվարողի բնականոն աշխատանքին»,- բացատրեց Կ.Անդրեասյան:

Եվ վերջապես, ըստ Պաշտպանի՝ սահմանափակվում է նաև լրագրողի՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը: «Անհրաժեշտ է քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել դրույթով, համաձայն որի՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել լրատվական գործունեություն իրականացնողը և լրագրողը՝ բացառությամբ դատարանի որոշման»,- հայտարարեց ՄԻ պաշտպանը:
 
Պատգամավորների հարցադրումներն ու ելույթները՝ հաջորդ քառօրյայի ընթացքում

Հոկտեմբերի 5-ին մեկնարկած քառօրյայի վերջին օրվա վերջին նիստին Կ.Անդրեասյանն ընդամենը կարողացավ ներկայացնել զեկույցը: Փաստաթղթի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրիայի ժամանակ, որի ընթացքում պատգամավորները ներկայացված խնդիրների կամ առաջարկված լուծումների վերաբերյալ հարցադրումներ կանեն ու ելույթներ կունենան:

ՄԻ պաշտպանի տարեկան զեկույցը չի քվեարկվում, այն ընդունվում է ի գիտություն:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները