Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Իրավունքները փոփոխությունների նախագծում

Իրավունքները փոփոխությունների նախագծում

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվեց սեպտեմբերի 14-17-ի քառօրյայում: Դրանից հետո, մինչև հաջորդ քառօրյա, նախագծի հեղինակները 2 շաբաթ ժամանակ ունեին՝ պատգամավորներից ու խմբակցություններից ստացված առաջարկությունները քննարկելու, ընդունելու կամ մերժելու համար: Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հոկտեմբերի 5-ին ներկայացրեց նախագիծը՝ նախագահի կողմից ընդունելի փոփոխություններով:

ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը քվեարկվեց ներկայացումից անմիջապես հետո, առանց քննարկվելու: Պատգամավորները ոչ միայն դիրքորոշում չհայտնեցին վերջնական տեքստի վերաբերյալ, այլ նաև բավարար ժամանակ չունեցան ծանոթանալու դրա
ն:


ParliamentMonitoring.am-ն ամփոփել է հիմնարար իրավունքներին ու ազատություններին վերաբերող այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագծում խորհրդարնական քննարկումների ընթացքում: 

Իրավունքներին վերաբերող դրույթներն ամփոփվել են Սահմանադրության նախագծի երկրորդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում: Գործող Սահմանադրության այս բաժինն ընդգրկում էր 43 հոդված, փոփոխությունների նախագծում հոդվածները 58-ն են: «Երկրորդ գլխում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, որոնք, մի կողմից, ճշգրտում են կարգավորվող սահմանադրական իրավունքների բազմազանությունը, մյուս կողմից՝ մտցնում են այնպիսի հստակեցումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում կարող են ավելի դյուրին կերպով կյանքի կոչվել»,- խորհրդարանում հայտարարեց Վ.Պողոսյանը: Չնայած այս պնդումներին ու հոդվածների ավելացմանը՝ նախագծում տեղ գտած դրույթներից շատերը մասնագետները խնդրահարույց ու հետքայլ որակեցին:

Քննադատությունների արդյունքում բաժնում մի շարք փոփոխություններ են կատարվել:  Օրինակ, նախագծի 39-րդ հոդվածում «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին» դրույթին ավելացել է  «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով» կարևոր դրույթը:

Փոփոխություն է կատարվել հավաքների ազատությանը վերաբերող 44-րդ հոդվածում: Նախագծի սկզբնական տարբերակում այս հոդվածի երկրորդ մասում ամրագրված «բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքները օրենքով նախատեսված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա» ձևակերպումն ընդդիմադիր պատգամավորների կողմից բուռն քննադատության արժանացավ և մեկնաբանվեց որպես ինքնաբուխ հավաքների բացառման հիմք, մարդու իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարում: Քվեարկության դրված տարբերակում արդեն ամրագրվեց, որ ինքնաբուխ հավաքների իրականացման համար «իրազեկում չի պահանջվում», ինչև կա նաև գործող Սահմանադրության մեջ:

Փոփոխության է ենթարկվել նաև ընտրական իրավունքի և հանրաքվեին մասնակցելու իրավունքին վերաբերող  48-րդ հոդվածի 3-րդ մասը և կրկին վերականգնվել է գործող Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՏԻՄ ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը կարող է սահմանվել օրենքով: Այս դեպքում նախագծից հանվել է «ՏԻՄ ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք» ձևակերպումը:

Ոչ միայն պատգամավորների, այլ նաև բազմաթիվ իրավաբանների ու հասարակական կազմակերպությունների կողմից բուռն քննադատության էր արժանացել նախագծի 58-րդ՝ սեփականության իրավունքին վերաբերող հոդվածը, որը հնարավորություն էր տալիս  առանց դատարանի վճռի մարդուն զրկել սեփականության իրավունքից: Քվեարկության դրված նախագծում՝ արդեն 60-րդ հոդվածում  վերականգնվել է գործող Սահմանադրության այն ձևակերպումը, ըստ որի՝ «ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից բացառությամբ դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի»:

Վիճահարույց էր նաև 65-րդ հոդվածը, որը վերաբերում էր ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքին: Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ «իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»: Օգոստոսի 21-ին ներկայացված նախագծում «վերաբերյալ» բառը փոխարինվել էր «դեմ» բառով: Վերջնական նախագծում գործող տարբերակը չի վերականգնվել, բայց  հոդվածը ստացել է հետևյալ՝ «ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» ձևակերպումը:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ կային բազմաթիվ մտահոգություններ ինչպես փաստաբանական կորպուսի, այնպես էլ լայն հասարակության կողմից, ներկայացված նախագծում փորձ է արվում  այնպիսի ձևակերպում առաջարկել, որը , մի կողմից, հնարավորություն չի տա պարտադրելու  այն ցուցմունքները, որոնք իր դեմ են, մյուս կողմից՝ թույլ կտա, որ համապատասխան մարմինները Սահմանադրությանը համապատասխանող օրենքների շրջանակներում հնարավորություն ունենան ստանալու համապատասխան ցուցմունքները դատաքննության ընթացքում դատական ճշմարտությանը հասնելու համար»,- փոփոխությունն այսպես մեկնաբանեց Վ.Պողոսյանը:

Եվ վերջապես 72-րդ հոդվածում վերականգնվել է գործող Սահմանադրության այն դրույթը, ըստ որի արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները