Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նորին մեծություն Սահմանադրությունը 2

Նորին մեծություն Սահմանադրությունը 2

Կամ ով կլինի Հայաստան ընտանիքի նոր «կնքահայրը»

1995 թվականին Սահմանադրությանը հանրաքվեում դեմ եմ քվեարկել երկու պատճառով։ Նախ՝ կառավարման խորհրդարանական ձեւի կողմնակից էի, ապա՝ դատական համակարգի առաջարկվող մոդելը, ըստ իս, բացի Սահմանադրական դատարանից, դատական այլ ատյանների անկախ գործելու հնարավորություն չէր տալիս։ Երկու տասնամյակ անց հասկացա, որ կարեւոր չէ, թե կառավարման ինչ մոդել է գործում երկրում, այլ այն՝ թե որքանով է Սահմանադրությունը գործող Հիմնական օրենք։ Այս տարիների ընթացքում հասկացա, որ Հայաստանում կա բարձրագույն մի ավելորդ պաշտոն՝ կամ նախագահ չպետք է ունենանք, կամ՝ վարչապետ։ Բայց մեր նման փոքր երկրի համար պարտադիր է ունենալ կառավարման պարզ եւ վերահսկելի՝ իշխանության թեւերի հստակ հակակշիռներ ունեցող համակարգ, որը թույլ չի տա, ինչպես այժմ է, կոռուպցիան դառնա երկրի կառավարման միակ մոդելը։

Սահմանադրական փոփոխությունների այս ընթացքը, կարծես, առիթ էր, որ Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչները կրկին խոսեն խորհրդարանական եւ նախագահական կառավարման համակարգերի մասին՝ վերսկսելով 20 տարվա հնության բանավեճերը։ Սակայն այս անգամ նման բանավեճերը տարօրինակ զգացումներ են առաջացնում։ Խորհրդարանական կառավարման կողմնակիցները նշում են, որ այն ավելի ժողովրդավարական է։ Սակայն միաժամանակ այս համակարգին կողմ հանդես եկող կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, իրենց կառավարման տարիներին ոչ միայն գործնական քայլեր չէին անում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, այլեւ կարող էին մի գիշերում փոփոխություններ մտցնել եւ, ըստ էության, Հայաստանում արգելել հանրահավաքներն ու երթերը, առանց օրենքի կարող էին երկրում արտակարգ դրությանը եւ գրաքննությանը կողմ հանդես գալ, կարող էին արագորեն փոփոխություններ կատարել հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում ու միանգամից մի քանի հեռուստատեսություն փակել, էլ չեմ ասում, որ կարող էին ընտրակեղծիքները դարձնել ինստիտուցիոնալ՝ զրկելով հասարակությանը ազատ եւ արդար ընտրությունների ոչ միայն հնարավորությունից, այլեւ՝ հեռանկարից։

Մյուս կողմից էլ նախագահական կառավարման համակարգի կողմնակիցներն են պնդում, որ այն առավել գործուն է պատերազմում գտնվող Հայաստանի համար եւ ազգային անվտանգության համար առավել գերադասելի է։ Սակայն նույն այդ ուժերը՝ մասնավորապես ներկայիս ՀԱԿ- ը, իրենց կառավարման տարիներին մերժում էին իշխանության մեջ օտարերկրյա գործակալական ցանցի բացահայտմանը նպաստող լյուստրացիայի իրականացումը մեր երկրում, քայլի, որին գնացին Արեւելյան Եվրոպայի, Մերձբալթիկայի երկրները, իսկ այժմ նաեւ Ուկրաինան՝ ազգային եւ պետական անվտանգությունն ապահովելու նպատակով։

Պատմությունը ցույց է տալիս, որ կառավարման մոդելի կողմնակիցների բացատրություններն այնքան էլ վսահելի չեն։ Հիշենք Ֆոլկլենդյան պատերազմը խորհրդարանական Մեծ Բրիտանիայի եւ նախագահական՝ ավելին՝ ռազմական բռնապետական Արգենտինայի միջեւ։ 1982 թվականի մարտին սկսված պատերազմի սկզբում շատերն էին կարծում, որ Արգենտինան կգրավի Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիները։ Պատճառը ոչ միայն այն էր, որ այդ կղզախումբը գտնվում է Արգենտինայի ափերի մոտ եւ հազարավոր կիլոմետրերով հեռու է Մեծ Բրիտանիայից, այլ որ վարչապետ Թետչերի՝ տնտեսությանը զարկ տալու համար իրականացրած բարեփոխումների պատճառով այս երկիրը գտնվում էր ներքաղաքական բավականին բարդ կացության մեջ։ Սակայն ՄԹ հաղթանակն այս պատերազմում ցույց տվեց, որ երկրի անվտանգությունը կառավարման մոդելի հետ ոչ մի կապ չունի։ Ոչ խորհրդարանական կառավարման երկիր Հյուսիսային Կորեան է ժողովրդավարական, ոչ էլ նախագահական կառավարման Սիրիան է անվտանգ։

Ժողովրդավարական հասարակություններում Սահմանադրությունը նախեւառաջ կարգավորում է իշխանափոխության խնդիրը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են իշխանության համար արյունահեղ պայքարի էջերը։

Ընտրություններն ու ժողովրդավարությունը մարդկության այն ամենակարեւոր նվաճումն են, որը իշխանության համար պայքարը դարձրեց անարյուն եւ իրավական։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ դրանք ԱԺ- ում ներկայացնող ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հիշեց հոկտեմբերի 27-ը՝ նշելով, որ 1995-ի Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն էր։ Ավելի ուշ՝ արդեն ԱԺ ամբիոնի մոտ հայտարարելով, որ «Ես երբեւէ չեմ ասել, որ կա պատճառահետեւանքային կապ 1999-ի նախագահի եւ պառլամենտական մեծամասնության հակասությունները՝ մի կողմից եւ մյուս կողմից՝ Հոկտեմբերի 27-ի միջեւ: Ես ասել եմ, որ այդ ժամանակ պառլամենտական ընտրություններից հետո առաջացել էր առճակատում մի կողմից ՀՀ նախագահի, մյուս կողմից՝ պառլամենտական մեծամասնության միջեւ: Այդ առճակատումը տեւել է մինչեւ 2000-ի գարունը, երբ պառլամենտական մեծամասնության եւ ՀՀ նախագահի միջեւ հարաբերությունները ինչ-որ ձեւով պարզվեցին», մոռացավ նշել, որ նույն այդ Սահմանադրությունը նման առճակատման լուծում տալիս էր։ Նախագահը պետք է ուղղակի սպասեր 1 տարի եւ հակասությունները չհարթվելու դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացներ։

Սակայն եթե իրոք հոկտեմբերի 27-ի ահաբեկչության եւ 2008-ի արյունոտ գարնան պատճառները հենց իշխանության համար պայքարն էր, ապա պետք է արձանագրել, որ որեւէ սահմանադրություն Հայաստանում այս խնդիրը չի լուծելու։ Եթե ձեւավորված քաղաքական վերանախվի մենթալիտետում իշխանափոխությունը ենթադրում է հեղաշրջումը, ահաբեկչությունը, արյունն ու բռնությունը, սակայն ոչ ընտրությունները, ապա այնքան էլ կարեւոր չէ, թե կառավարման ինչպիսի մոդել է ընտրում այդ վերնախավը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները