Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ազգային ժողովում լսում են պաշտպանին

Ազգային ժողովում լսում են պաշտպանին

2014 թվականին մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին ՄԻՊ զեկույցը կազմված է ավելի քան 500 էջից: Հազիվ թե պատգամավորները ամբողջությամբ ծանոթ լինեին այս ծավալուն զեկույցին, բայց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը, ինչպես նաև ՄԻՊ զեկույցը քաղաքական դիտանկյունից քննարկելու ավանդույթը բավական էին, որպեսզի Ազգային ժողովում փաստաթուղթը բավական լայն քննարկման առարկա դառնար: Պաշտպանին հարց տալու և զեկույցի վերաբերյալ տեսակետ հայտնելու համար խորհրդարանում հերթագրվել էր 27 պատգամավոր:

Օմբուդսմենը ինչի՞ համար է

Կարեն Անդրեասյանը համոզված է, որ Պաշտպանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ամենատարբեր խնդիրները լուծելու, այլ դրանք արձանագրելու ու պատգամավորներին ներկայացնելու համար է: Տարեկան զեկույցում նա անդրադարձել է այդպիսի 180 խնդրի՝ տարբեր ոլորտներից, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դժգոհ էր, որովհետև պաշտպանն իր ելույթում չխոսեց անցած տարի տեղի ունեցած բռնության դեպքերի մասին. խոսքը Արամ Մանուկյանի,Գևորգ Սաֆարյանի, Մանվել Եղիազարյանի և այլ դեպքերի մասին էր: Պաշտպանի պատասխանն անկեղծ էր. նախընտրել է խոսել այն հարցերի մասին, որոնց լուծումները գտնելը առավել հեշտ է, մատչելի: Մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ խնդիրներ, ըստ Կարեն Անդրեասյանի, մնում են չլուծված, որովհետև դրանք լուծելու համար չկա քաղաքական կամք ու քաղաքական համաձայնություն:

ՀՀԿ-ի ուսուցիչներն ընդդեմ Պաշտպանի

Խնդիրներից մեկը, որի լուծումը, ըստ Պաշտպանի, առավել հեշտ է և որին նա անդրադարձել էր զեկույցում, վերաբերում էր կրթության որակին: Զեկույցն արձանագրել էր, որ քաղաքային համայնքների համեմատ գյուղերի ավագ դպրոցներում կրթության որակը ցածր է, իսկ «ցածր վարձատրվող ուսուցիչները հաճախ դիտավորյալ ինչպես հարկն է չեն դասավանդում իրենց առարկաները»: Այս տողերը վրդովեցրել էին հատկապես ՀՀԿ խմբակցության նախկին մանկավարժներին. դպրոցների նախկին տնօրեններ Կարինե Պողոսյանին, Գալուստ Սահակյանին ու Ռուզաննա Մուրադյանին: Դեռ նախորդ քառօրյայում տիկին Մուրադյանի հետ հարցուպատասխանը մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Մարգարիտ Եսայանին բարկացրել էր այնքան, որ նա նույնիսկ ակնարկ արեց Պաշտպանի պաշտոնանկության մասին. «Խնդրում եմ այս տոնայնությունը հաջորդ տարվա զեկույցում չլինի, եթե Դուք լինեք մեր մարդու իրավունքների պաշտպանը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Պաշտպանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ

Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ տարիուկես ժամանակ կա, ու նա չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Հնարավոր հրաժարականի մասին պաշտպանին հարց ուղղեց Գագիկ Ջհանգիրյանը՝ չի՞ հոգնել, արդյոք, Անդրեասյանը մարդկանց իրավունքները պաշտպանելու անհաջող փորձերից, ու այդ իսկ պատճառով՝ չի՞մտածում արդյոք նա հրաժարական տալ: Ի պատասխան՝ Անդրեասյանը հայտարարեց, թե չի տեսնում որևէ մեկին, ով իրենից առավել հստակ է պատկերացնում, թե ինչ ծրագրեր պետք է իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մինչդեռ ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արամ Մանուկյանը հստակ պատկերացում ուներ այն մասին, թե ինչպես պետք է գործի մարդու իրավունքների պաշտպանը, որ «ադեկվատ լինի այսօրվա իրականությանը»: Նա Անդրեասյանին հորդորեց լինել ոչ թե պաշտպանվող, այլ հարձակվող, դառնալ ագրեսիվ ու քննադատել՝ չվախենալով քարկոծվելուց. «Ձեր ֆունկցիան քարկոծվելն է», ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: «Քաղաքավարի, հուշիկ-մուշիկ» կեցվածքով խնդիրները չեն լուծվի,-եզրակացրեց Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ միջավայրը այն չէ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները