Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԲՀԿ-ն պետք է հստակ հայտարարի՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ

ԲՀԿ-ն պետք է հստակ հայտարարի՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ  

- Պարոն Ռուստամյան, ո՞րն է պատճառը, որ այս ընտրությունների արդյունքներն  ընդդիմադիրների այսքան փոքր  ներկայություն արձանագրեցին  Ազգային ժողովում:

- Դժբախտաբար Հայաստանում ընտրազանգվածը էապես նվազել է: Ֆինանսավարչական ողջ լծակներն ամբողջությամբ աշխատել են, և այդ պայմաններում մարդկանց գրեթե  80 տոկոսն իր ձայնը տվել է կոալիցիոն կուսակցություններին: Սա նշանակում է, որ ընդդիմության ձայն չտված մարդիկ ըստ էության ընտրազանգված չեն, նրանք չեն քվեարկել են ազատ ընտրական իրավունքն իրացնելու տրամաբանությամբ: Այսպիսով, իշխանությունների վերարտադրումը սպասարկող մի զանգված է գոյացել մեր երկրում: Իհարկե, այդ 80 տոկոսի մեջ կարող է լինել 10 տոկոս, որը քվեարկել է հավատով, բայց գնահատականը դրանից չի փոխվում: Եվ ազատ ընտրազանգվածը, որը ինքնուրույն է ընտրություն կատարում, կարելի է հաշվել մոտ 200.000-ի չափ: Հիմնական խնդիրն այս էր:


- Իսկ ինչո՞ւ նման վիճակ առաջացավ:
- Պարզ պատճառով. ՀՀ-ում վաղուց արդեն ժողովրդավարության փոխարեն արմատավորվել է պլուտոկրատիան, այսինքն փողը բերում է իշխանություն, իշխանությունը` հավելյալ փող: Եվ այս արատավոր շղթան ոչ միայն հնարավոր չեղավ կտրել, այլև իշխանության եկած ամեն նոր ուժ ամրապնդեց այն: Փողի իշխանությունը Հայաստանում դարձել է շատ մեծ, խորը արմատներ գցած մի իրողություն: Նաև կարծում եմ որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան համոզել մեր ընտրողին, որ հրաժարվի 10.000 դրամից:

- Ինչո՞ւ ընտրողները չհավատացին արդարություն քարոզող ընդդիմությանը, բայց հավատացին կաշառք բաժանող իշխանություններին:
- Գիտակցող զանգվածն է դա հասկանում, բայց ընտրողների մի զգալի մասը նույն  խորությամբ չի վերլուծում այդ խնդիրները: Նրանք առաջնորդվում են ավելի պարզ տրամաբանությամբ. եթե այս ընտրություններին լուրջ փոփոխություն չի հետևելու, ավելի լավ է վերցնել 10-20 հազար դրամը, որը շատ կոնկրետ է: Մեր  բնակչության կեսից ավելին աղքատ է: Իսկ թշվառության մեջ գտնվող զանգվածը դժվար է դառնում ընտրազանգված, քանի որ  առաջնորդվում է օրվա խնդիրը լուծելու տրամաբանությամբ: Եվ նրա համար 10-20 հազար դրամն իսկապես կարող է մի լուրջ հարց լուծել: Շատ երկրներ կան, որ նման  վիճակներից դուրս գալու համար ընտրություններին մասնակցելու աղքատության ցենզ են մտցրել, որ աղքատները  չգայթակվեն ընտրակաշառքով: Օրինակ, ժամանակին ֆրանսիայում քվեարկելու իրավունք ունեցել են այն անձինք, ովքեր որոշակի սոցիալական կարգավիճակ ունեին: Կամ էլ` գուցե ժողովուրդն այնքան է հավատը կորցրել, որ որևէ մեկին չի ուզում հավատալ: Իսկ նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում:

- Նախորդ ընտրություններին, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, կարողացավ եռակի անգամ ավելի ձայն հավաքել: Սա նշանակում է, որ ընտրողն ավելի շատ նախընտրում է իշխանությա՞նը:
- Մենք կոալիցիայում աշխատում էինք նույն մեթոդներով, ինչպես հիմա ենք աշխատում: Պարզապես ընտրազանգվածը ընտրությունից ընտրություն պակասում է: Եվ միայն մեր ձախողումով բացատրելը սխալ կլինի, որովհետև ողջ ընդդիմությունն է հայտնվել այդ վիճակում: Եթե մեզ ձայն չէին տալիս, թող ընդդիմադիր մյուս կուսակցություններին տային: Ընդդիմությունը շատ լուրջ նահանջ է արձանագրել: Մենք ասում ենք, այս վիճակից դուրս գալու համար առնվազն երկու փոփոխություն  է պետք  կատարել. պետք է իշխանական համակարգը փոխել, որ հակակշիռների ու զսպումների մեխանիզմ ստեղծվի, պետք է հրաժարվել նախագահական համակարգից, որովհետև դա է պլուտոկրատիկ  այս համակարգի պահպանման հենարանը: Այդ աթոռի շուրջ են ձևավորվում մեծահարուստները, ովքեր էլ տնօրինում են հիմնական ռեսուրսները: Պետք է անցնել խորհրդարանական համակարգի` փոխելով նաև խորհրդարանի կարգավիճակը, որտեղ բացառվի տնտեսական բիզնես գործառույթների և պատգամավորի ֆունկցիաների համատեղումը: Երկրորդը անհրաժեշտ է պետական վերահսկողության գործառույթներ տալ ընդդիմությանը:  Իշխանությունները վերջապես պետք է խիզախություն ունենան՝ կատարելու այս կարևոր փոփոխությունները, ստեղծելու  իրենց վերահսկող համակարգ և այդ վերահսկող լծակները տրամադրելու ընդդիմությանը:

- Այսքան փոքրաթիվ  ներկայությամբ ինչպե՞ս եք  կարողանալու ազդել իշխանությունների վրա, որ նման զիջումների ու փոփոխությունների գնան:
- Նախ, մենք չենք հրաժարվելու ամբողջական իշխանափոխության մեր ռազմավարությունից, բայց ստեղծված պայմաններում պետք է համապատասխան մարտավարություն  որդեգրենք, որովհետև դա անհապաղ իրականացնելու խնդիրը հետաձգվում է: Քանի դրա առիթը չկա, մենք պետք է գործենք ԱԺ  կանոնակարգով սահմանված այն դաշտում, որ ընդդիմությանը  տալիս է առնվազն երկու կարևոր ֆունկցիա իրականացնելու հնարավորություն: Նախ, պետք է քաղաքական ամբիոնի վերածել ԱԺ-ն, իսկ դա կարևոր է, որ բոլոր այդ գաղափարները, որոնց մասին խոսում ենք, կամաց-կամաց մտցնենք մեր հասարակության գիտակցության մեջ: Երկրորդը` հնարավորինս կանխել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք մեծամասնությունը կարող է բերել, և դրանք կարող են լինել հակասահմանադրական կամ հակաօրինական:

- Նման բազմաթիվ օրենքների մասին բարձրաձայնում էիք նաև նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ ընդդիմությունը համեմատաբար մեծ ներգրավվածություն ուներ, բայց չկարողացավ կասեցնել դրանց ընդունումը:
- Եթե այդ օրինագծերի խոցելիությունը ցույց ես տալիս, դա էլ  է քաղաքական խնդիր  լուծում: Ժողովուրդը պարզ տեսնում է, որ դու միայն դատարկ հայտարարություններ չես անում, խորքային պատկերացնում ես, թե երկրում ինչ խնդիրներ է պետք իրականացնել: Դա դրսևորվում է բանավեճի մեջ: Պետք է իրական բանավեճ առաջացնել և խոցելիությունը վեր հանել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիա չմտնելու արդյունքում ակնկալում ենք, որ կստեղծվի իշխանությունների վրա ազդելու գոնե մեկ մակարդակ հաղթահարելու հնարավորություն: Այդ մակարդակը որևէ վիճելի օրենքի համար Սահմանադրական դատարան նվազագույն  27 պատգամավորների ստորագրություն ունենալու հնարավորությունն է: Կառավարության ծրագիրը հաստատելուց հետո ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, և դրանից հետո պարզ կլինի, թե որ ուժը որ դաշտում է: Այդ ժամանակ իշխանությունների համար շատ լուրջ խնդիր կառաջանա Մի պաշտպան, Գլխավոր դատախազ ընտրելու դեպքում: Դրա համար անհրաժեշտ է մի փոքր ավելի որակյալ մեծամասնություն, որն այսօր կոալիցիան չունի: Այսինքն  հակակշռող էլեմենտներ կարող են առաջանալ` կախված այն հանգամանքից, թե այն ուժերը, ովքեր կոալիցիայում չեն, որքանով են պատրաստ զսպել գործող իշխանություններին: Փոքրաթիվ լինելով` մենք մի քանի անգամ կանխել ենք մի քանի օրենքների անցկացումը պարզ մեթոդ կիրառելով` բոյկոտելով քվեարկությունները, երբ հասկացել ենք, որ նրանք չեն կարող 66 ձայն ապահովել: Մենք այդ մեթոդներն օգտագործելու ենք, որ կանխենք հակաօրինական, հակաժողովրդական օրենքների անցկացումը: Իհարկե, մենք իլյուզաներ չունենք, որ մեր առաջ քաշած լուրջ բարեփոխումներ ենթադրող օրենքները կընդունվեն, բայց հասարակական գիտակցության վրա ազդել կարող ենք:

- Հույս ունե՞ք, որ ԲՀԿ-ն կհայտարարի, թե ընդդիմություն է ու կպաշտպանի՞ ընդդիմության նախաձեռնությունները:
- Դա իրենք կորոշեն, իրենք պետք է  հստակ հայտարարեն` ընդդիմությու՞ն են, թե: ոչ: ԱԺ Կանոնակարգ օրենքը դա է պահանջում: Իրենց «այլընտրանք» ասածը այդ օրենքում արձանագրված չէ: Իսկ ընդդիմության դաշտը որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս: Եթե իրենք չեն հայտարարում, որ ընդդիմություն են, այդ արտոնություններից չեն կարող օգտվել: Որքան մեզ հայտնի է, կոալիցիա մտնելու համար նրանք պահանջել են, որ վարչապետը փոխվի: ԲՀԿ-ն վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությանը ընդդիմադիր է եղել, իր նախընտրական քարոզչությունն այդ ծրագրերով է իրականացրել: Տրամաբանորեն դա ենթադրում է, որ պետք է այս կառավարության նկատմամբ  ընդդիմություն մնա:

Քվեարկության պատմություն

Ռուստամյան Արմեն Եզնակի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ռուստամյան Արմեն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 342 66 236 42 278 10 24
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները