Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մատները թանաքոտե՞լ, թե՞ ականջին օղ կախել

Մատները թանաքոտե՞լ, թե՞ ականջին օղ կախել

Ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 500 հազար քաղաքացի դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին կարող է մասնակցել նույնականացման քարտով: Ազգային ժողովը հոկտեմբերի 29-ի նիստի ավարտին ձայների 81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Օրենսդրական փաթեթը հեղինակել են Հանրապետական խմբակցության պատգամավորները: Քվեարկության ժամանակ ՀՀԿ-ին կողմ ձայներով աջակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը: ՀԱԿ, «Օրինաց երկիր», խմբակցությունները, ինչպես նաև «Ժառանգության» 3 պատգամավոր դեմ քվեարկեցին: ՀՅԴ-ն ձեռնպահ էր:

ՀՀԿ-ն առաջարկում է լրացնել օրենսդրական բացը

Նախագծի հեղինակներն առաջարկում են Ընտրական օրենսգիրքն ու «Նույնականացման քարտերի մասին» օրենքը լրացնել դրույթներով, որոնք թույլ կտան քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման կամ ID քարտերով: «Նույնականացման քարտերի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2012թ. հունիսի 1-ից: Հայաստանում այժմ նույնականացման քարտ ունի 558 հազար 401 քաղաքացի, նրանցից մոտ 182 հազարը չունի անձնագիր և որպես անձը հաստատող փաստաթուղթ գործածում է միայն նույնականացման քարտը: Ընտրական օրենսգիրքը, սակայն, թույլ չի տալիս ընտրություններին մասնակցել նույնականացման քարտերով: Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն առաջարկում են լրացնել օրենսդարական բացը:

Ոչ իշխանական խմբակցությունները նույնպես կողմ են բացը լրացնելուն, բայց առաջարկում են նաև փոփոխությունների մեջ ավելացնել վերահսկողական լծակներ ամրագրող դրույթներ: Հիմնական մտահոգությունն այն է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկելիս անձնագրում դրոշմակնիք է դրվում, մինչդեռ ID քարտերի դեպքում նման մեխանիզմ չի առաջարկվում: Ընդդիմախոսները պնդում են, որ այս բացթողումը կրկնաքվեարկության, հանրաքվեի արդյունքները կեղծելու հնարավորություն կտա և վերահսկողության մի քանի մեխանիզմ են առաջարկում՝ ընտրատեղամասերում նույնականացման քարտերի քվեարկությունն արձանագող սարքավորումներ տեղադրել, հրապարակել նույնականացման քարտ ունեցող անձանց ցանկն ու այն տրամադրել ընտրատեղամասերին, թանաքոտել նույնականացման քարտով քվեարկող անձանց մատը և այլն:

Բացել գաղտնիքը և տալ քաղաքական լուծում

«Նույնականացման քարտերի էությունն ամբողջ աշխարհում այն է, որ դրանց միջոցով կարելի է համակարգչով տեսնել մարդու տվյալները: Օգտագործելով համապատասխան սարքը՝ հնարավոր է տեսնել՝ արդյո՞ք տվյալ անձը քվեարկել է, թե ոչ: Եթե դուք դա չեք անում, այս քարտը դառնում է ոչինչ, իսկ դրա կեղծելը՝ ավելի հեշտ, քան անձնագրի կեղծումը»,- քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նաև հիշեցրեց, թե հոկտեմբերի 15-ի կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ID քարտատերերը 5000 հազար են, մինչդեռ հիմա նշվում է 182 հազար թիվը: «Բացեք սրա գաղտնիքը կամ էլ ասեք, որ սխալ եք ասել»,- հավելեց Ա.Մանուկյանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե խորհրդարանի 5 ոչ իշխանական խմբակցությունները կողմ են մատը թանաքոտելու տարբերակին և հեղինակներին հորդորեց ընդունել առաջարկը: «Եթե այսչափ անվստահության մթնոլորտ կա, ապա քաղաքական մեծամասնությանը ես կառաջարկեի ընդառաջ գնալ: Կարծում եմ՝ այս հարցը քաղաքական լուծում է պահանջում»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց իր կողմից 5 ամիս առաջ բարձրացված այն հարցը, որ Աբովյան, Արտաշատ և Ալավերդի քաղաքներում քաղաքապետի ընտրություններին նույնականացման քարտով քվեարկություններ են տեղի ունեցել: «Ստացվում է, որ իշխանությունների թեկնածուներն ընտրվել են ID քարտերով քվեարկությունների շնորհիվ: Մեզ հաճախ ասում են, թե ընդդիմություն եք, գնացեք հաղթեք, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ ոք չկարողացավ հաղթել ID քարտերին: Սա է վտանգը»,- հայտարարեց նա:

«Այո , ժողովուրդը ճիշտ է ասում ՝ պառլամենտում մենք հաճախ զբաղվում են ժամավառությամբ: Չէ՞ որ տեսախցիկներ կան, ամբիոն կա, մարդիկ որոշեցին 18 թվականից սկսել, մեկն անգամ ասմունքեց: Բայց եթե դուք ինքներդ ասում եք, որ հանրաքվեն կեղծվելու է, ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ ID-ով ե՞ն կեղծում, թե՞ ուրիշ եղանակով: Դուք պրովոկացիա եք անում՝ թանաքոտել, ականջին օղ կախել, մարդկաց մարմնի հետ այլ գործողություններ անել, որ մարդիկ զզվեն ու չգան ընտրության»,- ընդդիմախոսներին այսպես հակադարձեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

24 ժամյա ռեժիմը չպահպանվեց

ԱԺ-ն քառօրյայի մեկնարկին որոշում էր ընդունել օրենսդրական փաթեթը հատուկ կարգով ընդունելու՝ երկրորդ ընթերցումը առաջինից հետո 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու մասին: Նախագիծը, սակայն, հոկտեմբերի 26-29-ի քառօրյայի ընթացքում ընդունվեց միայն առաջին ընթերցմամբ:

Հոկտեմբերի 29-ին՝ մինչև նիստի մեկնարկը, նախագծի հեղինակներից Հովհաննես Սահակյանը ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել էր քննարկելու վերահսկողական մեխանիզմներին վերաբերող առաջարկները: Քննարկմանը հրավիրվել էին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ու Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետ Մնացական Բիչախչյանը: Քաղաքական մեծամասնությունը մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է կողմնորոշվի, թե ներկայացված առաջարկներից որոնք է ընդունելի համարում:

Նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին հրավիրվելիք արտահերթ նիստի ժամանակ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները