Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անկախ Հայաստանի աննախադեպ բյուջեն

Անկախ Հայաստանի աննախադեպ բյուջեն

Եկամուտները՝ 1 տրիլիոն 183 միլիարդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 374 մլրդ, դեֆիցիտը ՝ 190.74 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 2,2 %, գնաճը՝ 4 %, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 20,74 %: Սրանք 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներն են: Խորհրդարանական մշտական հանձնախողոները սկսել են հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումը: Ընդ որում՝ դեֆիցիտի 120 մլրդ դրամը նախատեսվում է լրացնել արտաքին աղբյուրներից. կառավարությունը այլ պետություններից ու միջազգային կառույցներից 30,2 մլրդ դրամ դրամաշնորհ և 90 մլրդ դրամ վարկային միջոցներ է ակնկալում:

Առաջին անգամ նորանկախ Հայաստանի բյուջետային պատմության ընթացքում

Հայաստանի տնտեսական պատմության մեջ առաջին անգամ հաջորդ տարվա բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի քիչ են սահմանվում: Բյուջե 2015-ում եկամուտները նախատեսված էին 1 տրիլիոն 191 միլիարդ , իսկ 2016թ. պետբյուջեի նախագծում՝ 1 տրիլիոն 183 միլիարդ դրամի չափով: Այսինքն՝ հաջորդ տարվա ընթացքում ակնկալվող եկամուտները 8 մլրդ դրամով պակաս են ընթացիկ տարվա համար սահմանված ցուցանիշից:

Եկամտային մասի նվազումը պայմանավորված է ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման ցածր մակարդակով: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց, որ 2015-ին հավաքագրումների 7% բացասական շեղում է արձանագրվել: Տարվա կտրվածքով այն կկազմի մոտ 80-90 մլրդ դրամ: Հավելենք նաև, 2016թ. բյուջեն չի նախատեսում կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ոլորտին տրամադրվող այլ վճարների բարձրացում: Մինչդեռ նախորդ տարիներին այդ վճարումները որոշ չափով բարձրացվել են:

Բարելավումներ խոստանալն ամբոխահաճո մոտեցում է

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները»,- ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2016թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ 2016թ. պետական բյուջեն նախորդ տարիների նման սոցիալական ուղղվածություն ունի, քանի որ բյուջետային ծախսերի մոտ կեսը՝ 45,4 %-ը, ուղղվում է սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության ոլորտներին:
Հ.Աբրահամյանը նաև հայտարարեց, թե էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված՝ տարադրամային ցնցումները Ռուսաստանում հանգեցրին տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: «Եվ նման անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարեց, թե գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում «տնտեսական աճի ու հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»:

Պահանջվում է 7 տոկոս տնտեսական աճ

ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ այս գումարման խորհրդարանն արդեն 4-րդ բյուջեն է քննարկում և բոլոր 4 դեպքերում էլ կառավարությունը տնտեսական աճի ցածր տեմպերը հիմնավորել է համաշխարհային տնտեսության աճի անկմամբ: Մինչդեռ արտաքին տնտեսական ցուցանիշները, ըստ Բագրատյանի, այնքան էլ վատը չեն, որքան ներկայացվում են:

«Դուք ասում եք ՝մյուս տարի վատ է լինելու, դրա համար էլ կանխատեսվում է 2,2% տնտեսական աճ: Նայենք, թե որտե՞ղ է վատ լինելու: Աշխարհում հաջորդ տարի սպասվում է 3,8% տնտեսական աճ, ինչը 17 տարվա մեջ երրորդ լավ ցուցանիշն է: Հայաստանի հիմնական գործընկերներն ունենալու են 3,2 % տնտեսական աճ, Իրանը՝ 4,4 % աճ, Թուրքիան՝ 3,5 %, Ադրբեջանն ու Վրաստանը 3-ական %: ԵՄ-ն վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ 2 %-ից բարձր տնտեսական աճ է ակնկալում: Հիմա մենք ինչի՞ հիմա վրա ենք ասում, որ վատանալու է, և ինչո՞ւ պետք է Հայաստանի թիվը իջնի: Տնտեսական աճը վերաբերում է ներդրումներին: Է, ներդրումներ արեք, թող տնտեսական աճը բարձրանա: Բա դրա համար է իշխող կուսակցությունը իշխող համարվում, որ ներդրումներ անի: Բա աճեցրեք տնտեսություն, ինչո՞ւ եք պարտվողական ցուցանիշ դնում: Եթե մոնոպոլ տնտեսություն եք ստեղծել, կանչեք ամեն մեկի վզին հարկ դրեք»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:

Նրա գնահտմամբ՝ Հայաստանին օդի պես անհրաժեշտ է 7 % տնտեսական աճ: Ըստ Բարգրատյանի՝ սա է այն ցուցանիշը, որը կկանխի արտագաղթը : Եվ հակառակը՝ որքան տնտեսական աճը նվազում է, միգրացիայի ցուցանիշներն այդքան աճում են:

Զարգացում չապահովող, ծնունդները չխթանող բյուջե

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը դժգոհ է, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում երեխաների ծննդյան նպաստներն ավելացնելու ուղղությամբ: «2004թ., երբ սկսեցինք երեխաների ծննդյան միանվագ գումար տրամադրել, ծնելիության ցուցանիշը սկսեց աճել: Սա խոսում է այն մասին, որ տրամադրվող գումարը ունեցել է ազդեցություն»,- հայտարարեց Հ.Մարգարյանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ կարծում է, որ «սա գրքաշ բյուջե է», քանի որ որևէ զարգացում չի նախատեսում: Էդմոն Մարուքյանը ճիշտ չի համարում ըստ համայնքների գումարների բաշխման համամասնությունը. տարիներ շարունակ, ըստ պատգամավորի, Երևանն ավելի շատ է զարգանում, քան՝ հանրապետության մյուս քաղաքները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարում է, որ թեև բյուջեի նախագծում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, բայց իրենք 2016թ. համար նման առաջարկություն կներկայացնեն կառավարությանը:

2016թ. բյուջեի նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվելու է մինչև նոյեմբերի 9-ը: Նախնական քննարկումների ավարտից հետո, մինչև նոյեմբերի 12-ը պատգամավորները, խմբակցություններն ու մշտական հանձնաժողովներն առաջարկություններ են ներկայացնելու: Նոյեմբերի 16-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկությամբ նախագիծն ընդգրկվելուէ հերթական քառօրյա նիստերի օրակարգ և քննարկվելու դրա ընթացքում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները