Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կարելի՞ է, չէ, մեկ անգամ էլ ռեալ ասել, որ վատ է

Կարելի՞ է, չէ, մեկ անգամ էլ ռեալ ասել, որ վատ է

Հարցազրույց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, բյուջետային քննարկումների ժամանակ Դուք ինչո՞ւ դժգոհեցիք, որ ամեն տարի պետական եկամուտների մոտ կեսը հատկացվում է սոցիալական ոլորտին:

- Մենք այսօր ունենք ավելի քան 33% աղքատություն և սոցիալական ծախսերն ավելացնելով՝ փորձում ենք մեղմել հանրության աղքատ շերտի սոցիալական վիճակը: Բայց կա մեկ այլ տարբերակ՝ ներդրումների ավելացում, կապիտալ ծախսերի ավելացում, մարդկանց կրթական մակարդակի բարձրացում, զբաղվածության ապահովում, որը նույնպես նպաստում է սոցիալական վիճակի բարելավմանը: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ, քանի որ կարծում եմ, որ մարդ ոչ թե պետության օգնությամբ, այլ իր աշխատանքով պետք է լուծի իր խնդիրները:

- Այդ դեպքում ինչո՞ւ չեք կիրառում այդ երկրորդ տարբերակը, որ աղքատությունը սոցիալական ծախսերով եք մեղմում:

- Պարզապես այսօր դա չենք կարող անել: Դրա համար ֆինանսական բավական մեծ ռեսուրսներ են պետք: Սոցիալական ծախսերի համար ավելի քիչ գումար է անհրաժեշտ: Իսկ Համախառն ներքին արդյունքի 1%  աճը աղքատության ընդամենը 0,3%  մեղմացում է ապահովում:

- 2016թ. բյուջեի նախագծով աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները չեն բարձրանում, բայց 4%  գնաճ է կանխատեսվում: Ինչպե՞ս պետք է մեղմացվեն գնաճի հետևանքները:

- Որպես սոցիալական պետություն՝ մեր երկիրն իր վրա կվերցնի աղքատների սոցիալական վիճակը մեղմելու խնդիրը: Որպեսզի աղքատությունն ավելի չշատանա, պետությունը աղքատության շեմին և աղքատության շեմից ցած գտնվող քաղաքացիներին կօգնի: Ընտանեկան աջակցության, աղքատության դեմ պայքարելու համար մենք շուրջ 38 մլրդ դրամ ենք հատկացրել: Եղել են տարիներ, որ լայն սպառման մի ապրանքատեսակի թանկացման պատճառով աղքատությունը կարող էր ավելանալ, բայց կառավարությունն այն կանխել է՝ անապահով խավին փոխհատուցելով: Մյուսները պարտավոր են իրենք հոգալ իրենց խնդիրները: Շատ աշխատեն ու իրենց խնդիրները լուծեն: Իսկ այն քաղաքացիները, որոնք աղքատ չեն, գնաճի պատճառով կտուժեն, քանի որ աշխատավարձերը չեն բարձրանում:

- Բայց աշխատատեղեր չկան, գործազրկության մակարդակը բարձր է:

- Պետությունն ու քաղաքացին աշխատատեղ բացելու առումով հավասարապես պատասխանատու են: Այնպես չէ որ դրա համար ամբողջությամբ պետությունն է պատասխանատու, իսկ քաղաքացին՝ ոչ:

- Մարդիկ փորձում են գործ սկսել, աշխատատեղեր ստեղծել, բայց դժգոհում են, որ գործարար միջավայրը բարենպաստ չէ, և փոքր ու միջին բիզնեսի ոլորտի շատ ընկերություններ փակվում են:

- Համամիտ չեմ, որ գնալով փակվում են: Բայց չէ՞ որ նաև ստեղծվում են, փորձում են աշխատել, հաջողության են հասնում: Այո, մի մասը փակվում է, մյուս մասը՝ բացվում: Կյանքի բնական շարունակության պրոցեսն է սա:

- Կառավարությունը  գնաճին համարժեք ինչո՞ւ  չի բարձրացնում աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները:

- Որովհետև այսօր դրա համար գումար չունենք: Ասեք ինձ, թե ովքեր են շատ աշխատել, որ այդ աշխատանքի արդյունքը վերածենք հարկի, տանենք պետական բյուջե ու աշխատավարձերը բարձրացնենք: Սոցիալական վիճակը պատճառ չէ, հետևանք է: Չաշխատելու կամ աշխատելու հետևանք է:

- Ո՞վ է վատ աշխատում:

- Չգիտեմ:

- Ուրեմն իշխանություններն են վատ աշխատում: Չէ՞ որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը նվազում են:

- Ես նման ցուցանիշներ չունեմ: ՀՀ-ում նախատեսվում է 2,2% զարգացում: Վարչապետը տվեց դրա բացատրությունը՝ մենք ուզում ենք, որ մեր թվերը լինեն ռեալ, կատարվող: Բյուջեի ծրագրավորման ժամանակ օպտիմիստական տեսակետից ենք շարժվել: Եթե հիմա ասենք 5 տոկոս աճ ու հետո այն չապահովենք, լա՞վ կլինի: Ավելի լավ չէ՞ ասենք 2,2% աճ ու այն կատարենք: Ինձ քննադատում են, որ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասում է, թե ժողովուրդը պետք է հարկ վճարի: Այո: Երբ ժողովուրդն աշխատանքով ապահովված լինի ու հարկ վճարի, ապա սոցիալական ապահովության խնդիր չի ունենա: Եթե նա ունենա իր թոշակը նախապես կուտակված, աշխատանք ունենա, ապահովության խնդիր չի ունենա: Ինքն իրեն կապահովի, պետությանն էլ հարկ կվճարի: Սա սոցիալական պետության սկզբունքն է, ինչպես Սահմանադրության մեջ է նշված, մենք սրան պետք է հասնենք քայլ առ քայլ: Պետությունները դրան հասել են 150 տարվա ընթացքում: Օրինակ, Եվրոպան: Մենք էլ պետք է այդ ճանապարհն անցնենք: Արդյո՞ք 150 տարում: Ոչ: Կարծում եմ, որ մերն ավելի կարճ կտևի:

- Պարոն Հակոբյան, 2016թ. բյուջեով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, եկամտային մասը նախորդ՝ 2015թ. համեմատ մոտ 9 միլիարդ դրամով պակաս է պլանավորվում: Ձա ձեր իշխանության ձախողո՞ւմն է:

- Ես գիտեմ, որ հակառակը եղել է: Դուք սիրում եք, որ ասենք ամեն ինչ լավ է, լավ է, բայց վերջում ասենք՝ վատ է: Կարելի՞ է, չէ, մի անգամ էլ ռեալ ասել, որ վատ է: Մենք հիմա ասում ենք, որ վատ է, ասում ենք, որ մեր բյուջեի եկամուտները պակասում են, եկող տարի հույս չունենք հավաքելու: Հիմա ո՞րն է լավը՝ ասել լավ է, լավ է, հետո չանել, թե ասել վատ է, բերեք վատը գնահատենք: Հավանաբար, երկրորդն ավելի ճիշտ է:

Քվեարկության պատմություն

Հակոբյան Հակոբ Ռաֆիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հակոբյան Հակոբ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 903 12 9 6 35 27 22
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները