Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

3 Այո՝ ընդդեմ 3 Ոչ-ի

3 Այո՝ ընդդեմ 3 Ոչ-ի

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Տեղի է ունենալու համապետական քվեարկություն, բայց ի տարբերություն համապետական մյուս միջոցառումների (նախագահական ու խորհրդարանական ընտրություններ)՝ այս անգամ քաղաքական կրքերը երկրում չեն եռում:

Մոտ մեկ ամիս՝ հոկտեմբերի 10-ից, սկսվել է քարոզչական շրջանը, միչդեռ այո-ի և ոչ-ի կողմնակիցները չեն շտապում քարոզել իրենց տեսակետները: Այո-ներն այս փուլում ընդամենը քարոզչական շտաբներ են կազմավորել. հայտնի են դրանց պետերն ու տեղեկալները, ոչ-երը զգուշացնում են, որ իշխող ՀՀԿ-ն օրենք է խախտում՝ շտաբի ղեկավար ու անդամներ նշանակելով վարչապետին ու նախարարներին: Նրանք խոստանում են՝ քարոզչությամբ զբաղվելու են ոչ աշխատանքային օրերին ու ժամերին:

Միասնական նպատակ, տարբեր այո-ներ

Որպես կանոն՝ համապետական ընտրություններից առաջ խաթարվում է Ազգային ժողովի աշխատանքի բնականոն ընթացը. բացակաները շատանում են, նիստերը չեն կայանում: Ակնհայտ է, սակայն, որ հանրաքվեից առաջ նման իրավիճակ խորհրդարանում չի գրանցվի: Մինչև դեկտեմբերի 6-ը մնացել է ընդամենը մեկ հերթական քառօրյա, ու նախատեսված է առայժմ մեկ արտահերթ նիստ: Ամանորից առաջ, ինչպես արվում է սովորաբար, մեծամասնությունը կանի ամեն ինչ՝ անհրաժեշտ բոլոր նախագծերն ընդունելու համար: Այլ բան, որ հանրաքվեին հաջորդող քառօրյան, որ կմեկնարկի հենց դեկտեմբերի 7-ին, ամբողջությամբ կանցնի հետընտրական շրջաններին բնորոշ տրամադրություններով:

ՀՀԿ-ի՝ հանրաքվեի շտաբի ղեկավարի տեղակալներ են խմբակցության երկու պատգամավոր՝ Կարեն Կարապետյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Ուշագրավ է, որ Էդվարդ Շարմազանովը, որ բարեհաջող ղեկավարել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում, նրանց թվում չէ: Սա, ըստ նրա, չի նշանակում, թե իր և շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի միջև սև կատու է անցել:

ՀՅԴ հանրաքվեի շտաբի ղեկավարը կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն է: Տարիներ շարունակ խորհրդարանական համակարգը կարևորող դաշնակցությունը քարոզարշավին մասնակցում է կուսակցական ողջ ներկայացուցչականությամբ: Շտաբի կազմում են Բյուրոյի անդամ և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՅԴ-ն քարոզարշավը իրականացնելու է առանձին՝ չմիանալով իշխող ՀՀԿ-ին: Ըստ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի՝ դա պայմանավորված է խորհրդարանական համակարգի գաղափարին իրենց կուսակցության առանձնահատուկ նվիրվածությամբ, ըստ որոշ դիտարկումների՝ ՀՅԴ-ն այսպիսով չի ուզում նույնանալ ՀՀԿ-ի հետ՝ զգուշանալով հատկապես հանրաքվեի տապալումից:

Խորհրդարանում «այո» քարոզող երրորդ ուժը ԲՀԿ-ն է: Մինչև փետրվարյան հայտնի դեպքերը Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ուժը, որ նույնիսկ չէր բացառաել «ոչ»-ի քարոզ իրականացնելու հեռանկարը, քարոզարշավի շրջանակում մարզային այցելությունները ՀՀԿ-ից էլ շուտ սկսեց: Կուսակցությունը, սակայն, որպես այդպիսին քարոզչական շտաբ չի ստեղծել: Քարոզարշավի ընթացքը ղեկավարելու է համակարգող մարմինը. այդ մարմնի անելիքների հետ կապված հարցերին սովորաբար պատասխանում է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, իսկ խմբակցության ու կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը առայժմ հմտորեն խուսափում է թեմային առնչվող հրապարակային քննարկումներից: ԲՀԿ-ն էլ է քարոզարշավը միայնակ իրականացնում. dարձյալ ըստ որոշ վերլուծաբանների՝ հանրաքվեն ԲՀԿ-ի համար փորձություն է լինելու՝ առաջիկայում իր տեղը քաղաքական դաշտում հստակեցնելու առումով:

Միասնական նպատակ՝ տարբեր ոչ-եր

Ոչ-ի ճակատում ևս միասնական պայքար չկա: Խորհրդարանական «ոչ» քարոզող ուժերից ՕԵԿ-ը ՀԱԿ-ին կամ «Ժառանգությանը» չի միացել, բայց միայնակ չէ: Հեղինե Բիշարյանի խոսքով՝ իրենք «ոչ»-ը քարոզելու են բազմաթիվ կազմակերպությունների հետ միասին, բայց առայժմ պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու քարոզարշավը կամ ով է ղեկավարելու հանրաքվեի շտաբը:

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» միասին են ու առանձին՝ միաժամանակ: «Ժառանգությունը» «ոչ» քարոզող «Նոր հայաստան» փրկության ճակատի անդամ է, ՀԱԿ-ը միացել է «Չեք անցկացնի» նախաձեռնությանը: Միասնական միջոցառումներ նրանք դեռ չեն անցկացրել: Հանրահավաքներ ու երթեր անում են առանձին-առանձին՝ չբացառելով ինչ-որ պահի միասին գործելու հավանականությունը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները