Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նորին մեծություն Սահմանադրությունը 4

Նորին մեծություն Սահմանադրությունը 4

Կամ ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրությունը


Ճշմարտության հանդեպ եթե վստահություն չկա, ուրեմն ազդեցություն էլ չի լինի։
Ջոն Գոլսուորսի

ԱԺ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2015-ի հոկտեմբերի 14-ին Սահմանադրության փոփոխությունը պատճառաբանում էր գործող հիմնական օրենքի «կոնֆլիկտոգենությամբ»։ Ըստ նրա՝ հենց դրանով են պայմանավորված նախագահական ընտրություններին հաջորդող հետընտրական ճգնաժամերը։ Պատգամավորն այս կարծիքն արտահայտելիս, ըստ երեւույթին, մոռացել էր իր մեկ այլ՝ 15 տարի առաջ արած հայտարարությունը։ 2000թ. հունիսի 29-ին Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի կազմակերպած հանդիպման ժամանակ հարցին, թե 1996, 1998, 1999թթ. տեղի ունեցած իրադարձություններն արդյո՞ք չեն նշանակում, որ ներքաղաքական ճգնաժամերը Սահմանադրությամբ են պայմանավորված, նշել էր, որ դրանցով «Սահմանադրությունն ապացուցեց իր կենսունակցությունը»։ Հակառակ դեպքում, ըստ նրա, մենք ճգնաժամերից դուրս չէինք գա։ 

Փոփոխությունների պարադոքսը

«Ես հիշում եմ, թե տարիներ շարունակ ինչպես էին ընդդիմադիրները բոցաշունչ ելույթներ ունենում՝ հօգուտ այդ համակարգի: Բայց հիմա կա՛մ լռություն է, կա՛մ քննադատություն»,- ասում է ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ փոփոխությունների ամենակարեւոր դրույթներից մեկը համարելով 100% համամասնական ընտրակարգի անցումը։ Պարադոքսն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը, որ տարիներ շարունակ հանդես էր գալիս այս համակարգի դեմ, հանկարծ որոշում է իրականացնել ընդդիմության նախընտրական ծրագիրը։ Բայց ամենապարադոքս այն է, որ մի քանի ամիս առաջ՝ 2014- ի դեկտեմբերի 2- ին նույն մեծամասնությունը 59 դեմ ձայնով մերժեց այս ընտրակարգին անցնելու ընդդիմության հերթական առաջարկը։

Այն ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը ներկայացնելով նշում էր, որ երկրում համակարգային փոփոխությունների առանցքը պետք է լինեն ընտրական համակարգի փոփոխությունները: Այժմ՝ փաստորեն, նա հանդես է գալի «համակարգային փոփոխությունների առանցքի» դեմ։

Իսկ ահա ՀՀԿ- ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ուղղակի նշում էր. «Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական մշակույթի պայմաններում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքական կուսակցությունների առաջնորդները, պայմանավորված ներկուսակցական ժողովրդավարության, որոշ բացառությունները մի կողմ դրած, բավականին ցածր մակարդակով, իրենք են միանձնյա կազմում ընտրացուցակները»։ Մնում է միայն մտածել, որ անցած մի քանի ամսում Հայաստանում բոլորիցս գաղտնի քաղաքական մշակույթ է փոխվել։

Փոփոխությունների խաբկանքը

«Գաղտնիք չէ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ յուրաքանչյուր նախագահական ընտրությունների ժամանակ հասարակությունը չափազանց մեծ սթրեսների է ենթարկվել, մեծ ցնցումներ են եղել, որոնցից կարող ենք խուսափել այս պարագայում, այսինքն՝ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու դեպքում»,- Կարինե Աճեմյանի այս խոսքերն այլ ձեւակերպումներով նշում են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու անհրաժեշտությունը նշելիս։

Իրոք, Հայաստանի պատմության մեջ նախագահական ցանկացած ընտրություն ուղեկցվել է ներքաղաքական ճգնաժամով եւ իշխանությունը այս ճգնաժամի պատճառ համարում է ոչ թե երկրում ստեղծված համակարգային կոլապսը, ոչ թե կեղծված ընտրությունները, այլ՝ նախագահի ինստիտուտը։ Սակայն կառավարման ինստիտուտի փոփոխությունից երկրում եղած խնդիրները չեն փոփոխվում։ Ուղղակի նախագահի ընտրություններին հաջորդող ճգնաժամերն այլեւս հաջորդելու են վարչապետի ընտրություններին։

Վերջապես հասկանանք, որ խորհրդարանում օրենսդրորեն ամրագրված կայուն մեծամասնություն ձեւավորելու ցանկությունը բերելու է նրան, որ մենք ոչ թե խորհրդարան ենք ընտրելու, այլ՝ վարչապետ։ Ավելին՝ իմ շատ ծանոթներ հանդես են գալիս այս փոփոխությունների դեմ՝ անգամ չկարդալով Սահմանադրության նախագիծը։ Նրանք, ինչպես եւ հասարակության մեծամասնությունը, անցած 20 տարիների փորձն աչքի առաջ ունենալով՝ մտածում են, որ իշխանությունը չի կարող Հայաստանի, պետականության եւ ՀՀ քաղաքացիների օգտին քայլեր, այն էլ համակարգային քայլեր ձեռնարկել։

Փոփոխությունների սուտը

«Այս Սահմանադրությունը ընդդիմության դերակատարության բարձրացման, քաղաքական բազմակարծության ընդլայնման, կոմպրոմիսներով կառավարելու, կառավարողների հաշվետվողականության Սահմանադրություն է»,- հայտարարում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ կրկնելով իր ՀՀԿ- ական կուսակիցների նման պնդումները։ Իհարկե՝ խորհրդարանական կառավարման մոդելի հիմքում քաղաքական ուժերի երկխոսությունն ու փոխզիջումն է, որն ի չիք է դառնում «խորհրդարանական կայուն մեծամանություն» ձեւավորելու պայմաններում։

Իտալիայի նախկին, խիստ վիճելի հեղինակություն ունեցող վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ նման մոդելի կիրառումը գուցե Իտալիային տվեց հետպատերազմյան շրջանում ամենաերկարակյաց կառավարությունը, սակայն չփրկեց երկիրը գլոբալ ճգնաժամի ալիքներից։ Հենց Բեռլուսկոնիի արդեն նախկին կուսակիցների կողմից այս մոդելը հարցականի տակ է դրվում։ Ինչ վերաբերում է ընդդիմության դերակատարության բարձրացմանը, ապա Հայաստանում ընդդիմադիր պատգամավորին ԱԺ շենքի երրորդ հարկում՝ ԱԺ նախագահի սենյակի մոտ փոխնախագահի սենյակ եւ կցված մեքենա հատկացնելով ընդդիմության դերակատարությունը չի բարձրանում։ Ինչպես եւ չի ավելանում դերակատարությունը, երբ ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի պաշտոնական մեքենա է կցվում որպես հանձնաժողովի նախագահի։ Սա քաղաքական խնդրի գավառական մոտեցման արդյունք է։

Ընդդիմության դերակատարության բարձրացում չի նշանակում նաեւ մի շարք կարեւոր պաշտոններում,այդ թվում նաեւ դատավորների, ԱԺ 3/5 ձայներով նշանակելու պահանջը։ Անցած 20 տարիների պատմությունը ուղղակի հուշում է, որ ընդդիմությունը երբեք չի զբաղեցնի խորհրդարանի տեղերի 2/5-ը։

Փոփոխության նկատմամբ վստահությունը

Հանրաքվեից առաջ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ նույնականացման քարտ ունեցողներին ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվում՝ միաժամանակ չփարատելով հնարավոր կեղծիքների կասկածները։ Նույնականացման քարտերն արդեն երեք տարի գոյություն ունեն եւ իշխանությունը բավականին ժամանակ ուներ ընտրական օրենսգրքում խնդիրը լուծելու համար։ Սակայն խնդիրն ընկալվեց եւ «լուծվեց» միայն հանրաքվեից երկու ամիս առաջ։ Այսպիսով՝ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը մեկ անգամ եւս հասարակությանը ցույց տվեցին իրենց պետական մտածողության բացակայությունը եւ ռազմավարական ծրագրավորման անընդունակությունը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները