Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանական 6 ուժերից միայն 4-ը անդամներ ունեն ընտրական բոլոր հանձնաժողովներում

Խորհրդարանական 6 ուժերից միայն 4-ը անդամներ ունեն ընտրական բոլոր հանձնաժողովներում

Խորհրդարանական կուսակցությունները մինչև նոյեմբերի 11-ը ժամանակ ունեին անդամներ նշանակելու դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից առաջ ձևավորված տեղամասային հանձնաժողովներում: 6 ուժերից միայն 4-ն են կարողացել ապահովել իրենց ներկայությունը բոլոր՝ 1997 հանձնաժողովներում:

«Այո»-ի կողմնակից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն անդամներ են ներկայացրել բոլոր հանձնաժողովներում: «Ոչ»-ի ճամբարի կուսակցություններից միայն ՕԵԿ-ն է կարողացել անդամներ նշանակել տեղամասային բոլոր հանձնաժողովներում: ՀԱԿ-ը անդամներ չի ներկայացրել հանձնաժողովներից 245-ում, «Ժառանգությունը»՝ 118-ում:

Մինչ այդ ԿԸՀ-ն ավարտել էր խորհրդարանական կուսակցությունների միջև հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխումը: Բնականաբար՝ հանձնաժողովի նախագահների ու քարտուղարների ամենաշատ տեղերը բաժին են հասել խորհրդարանական մեծամասնությանը. ՀՀԿ-ն նախագահելու և քարտուղար է ունենալու 888 հանձնաժողովում: Խորհրդարանական երկրորդ ուժին ՝ ԲՀԿ-ին, բաժին է հասել 621, ՀԱԿ-ին՝ 155 տեղ: ՀՅԴ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցություններին հավասարապես բաժին է հասել 111-ական հանձնաժողովի նախագահների և քարտուղարների տեղեր:

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանձնաժողովներում անդամներ ունենալու հարցում առաջնորդվել են փոխհամաձայնեցման ակզբունքով: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ փորձել են այնպես անել, որ բոլոր հանձնաժողովներում իրենցից գոնե մեկ անդամ ներկայացված լինի: Այսինքն՝ այնպես չլինի, որ որոշ հանձնաժողովներում այս երկու ուժերը միասին անդամներ ունենան, իսկ որոշ հանձնաժողովներում ընդհանրապես չունենան: Այս ուժերը վստահեցնում են, որ շատ քիչ թվով հանձնաժողովներում ընդհանրապես անդամ չունեն:

«Մենք փորձել ենք հանձնաժողովներում այնպիսի մարդկանց ներկայացնել, որոնք չեն կաշառվում, չեն ընկրկում և չեն նահանջում տարբեր ճնշումների առջև»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ավելացնում է, որ իրենք փորձել են ուշադրությունը կենտրոնացնել հատկապես գյուղական համայնքների վրա, որտեղ իշխանություններն ամենաշատ կեղծիքն են անում, և որտեղից էլ իշխանություններն ապահովում են իրենց վերընտրվելու քվեները: «2013թ. նախագահական ընտրություններին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գյուղերում չուներ հանձնաժողովի անդամներ, որոնք կպահեին իր ձայները: Դրա համար էլ գյուղերում շատ կեղծեցին, ու Սերժ Սարգսյանը հաղթեց: Իսկ Ր. Հովհաննիսյանը հաղթեց խոշոր քաղաքներում»,- բացատրում է Ա.Մանուկյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ ընտրատեղամասերում գրանցամատյանների մոտ պետք է նստեն ընդդիմադիր հատկապես այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր «ոչ» են ասում Սահմանադրության փոփոխություններին: «Եթե գրանցամատյանի մոտ ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ներկայացուցիչն է, ապա մեկի անվան դիմաց կարող է մեկ ուրիշը ստորագրել ու քվեարկել: Դրա համար էլ ասում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչը պիտի լինի գրանցամատյանի մոտ, որպեսզի նման խախտում թույլ չտա»,- ասում է Հ.Բիշարյանը:

Նա կարծում է, որ հանրաքվեի ժամանակ կեղծիքներ անելու հնարավորությունն ավելի մեծ է, քանի որ քաղաքացիները կարող են քվեարկել նաև նույնականացման քարտերով, որոնց վրա քվեարկությունից հետո որևէ նշում չի արվում, նաև քվեարկողի հասցեն նշված չէ:

«Կեղծիքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Հանձնաժողովի անդամների մեծ մասը ընդդիմության ներկայացուցիչներն են: Նրանց հսկողության ներքո  ինչպես պետք է կեղծիք տեղի ունենա»,- հակադարձում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ա.Մանուկյանն էլ, հակադարձելով Վ.Բաղդասարյանին, ասում է, թե ինքը միայն իր ուժի ընդդիմադիր լինելու վրա է վստահ, իսկ մյուսներին ու հատկապես «այո»-ի դաշտի ընդդիմադիր ուժերին վերապահումով է մոտենում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հավատացնում է, որ Հայաստանի ողջ տեղամասերում նշանակված իրենց անդամներն ամեն ինչ անելու են կեղծիքները վերահսկելու համար:

Ա.Մարտիրոսյանն էլ կարծում է, որ եթե անգամ իրենք ու ՀԱԿ-ը բոլոր տեղամասերում ունենան հանձնաժողովի անդամներ ու վստահված անձինք, միևնույնն է, կեղծիքներ կլինեն: «Ցավոք սրտի, նախորդ բոլոր փորձերը ցույց են տվել, որ և հանձնաժողովի անդամների վրա լուրջ ազդեցություն է լինում և ակնկալել, որ հանձնաժողովի անդամները կարող են ապահովել արդար քվեարկություն, տեղին չէ: Միակ գործիքը, որ կարող է որոշակի վստահություն ներշնչել, ընտրողների ցուցակների հրապարակումն է, ինչին իշխանությունը որևէ կերպ չի համաձայնում»,- եզրափակում է Ա.Մարտիրոսյանը:

Մինչև հանրաքվեն խորհրդարանական կուսակցությունները ձևավորելու են նաև վստահված անձանց խմբերը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները