Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հնարավորությունների՞, կայունացմա՞ն, թե՞ յոլա գնալու ու կապիտուլյացիայի բյուջե

Հնարավորությունների՞, կայունացմա՞ն, թե՞ յոլա գնալու ու կապիտուլյացիայի բյուջե

Ազգային ժողովն ավարտեց 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը: Խորհրդարանական մեծամասնությունն այն հնարավորությունների, կայունացման և իրատեսական որակեց:

Հաջորդ տարվա ֆինանսական փաստաթղթից ակնկալիքները մեծ չեն: Եկամտային մասը 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ է, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 8 մլրդ դրամով: Ծախսային հատվածը նախորդ տարվա համեմատությամբ ավելացվել է մոտ 68 մլրդ դրամով` 1 տրիլիոն 373 մլրդ: Դեֆիցիտը 190 մլրդ դրամ է, որից 120 միլիարդը ակնկալվում է ստանալ արտաքին աղբյուրներից, հիմնականում վարկերի տեսքով: Կառավարությունը հաջորդ տարվա համար գրեթե կրկնակի նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը՝ 4 %-ից 2,2 %: 2015-ի համեմատ նվազեցվել է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 24,5 %-ից դառնալով 21,7 %:

Հեծանի՞վ, թե՞ ծառայողական շքեղ մեքենա

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները 2016թ. բյուջեի նախագիծը սոցիալական են որակում, քանի որ չեն կրճատվել սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը: Ընդդիմության գնահատականներով այն հեռանկար ու զարգացում չապահովող, աղքատությունն ավելացնող, յոլա գնալու բյուջե է, քանի որ, ի տարբերություն նախորդ տարիների, աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսում: Փոխարենը չեն կրճատվում, օրինակ, պետական պաշտոնյաներին հատկացվող ծառայողական մեքենաների քանակն ու դրանց սպասարկման ծախսերը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ հաջորդ տարվա ընթացքում պետական ապարատի ծառայողական մեքենաների քանակն ավելանալու է 83-ով և դառնալու է 1072: Դրանց սպասարկման համար բյուջեից հատկացվելու է 1,3 մլրդ դրամ: «128 մլրդ դոլար բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական ապարատում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա: Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: ՀՀ ԱԺ-ում կա 82 ծառայողական ավտոմեքենա»,- ասաց պատգամավորը:

Բյուջեն կազմող և ներկայացնող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ հակադարձեց, թե Դանիայում բնապահպանական, օդի չաղտոտման նպատակով պաշտոնյաները հեծանիվով են աշխատավայր գնում: Նախարարն ինքը պատրա՞ստ է հեծանվով աշխատանքի գնալ, որպեսզի խնայի Դանիայի բյուջեից 50 անգամ պակաս Հայաստանի բյուջեն: «Օրինակ ես չեմ պատկերացնում, որ հեծանվով կարող եմ գնալ գործի: Որոշ երկրների վարչապետներ, ֆինանսների նախարարներ, այո, հեծանիվով են գնում գործի: Հայաստանի իրականությանը դա չի համապատասխանում»,- Ն.Փաշինյանին հակադարձեց նախարարը:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, առաջարկում է կրճատել պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը, որոնք կազմում են բյուջեի մոտ 20 %-ը՝ մոտ 200 մլրդ դրամ: «Խնդիրն այն է, թե արդյոք կառավարական մարմինները ծառայություն են մատուցում էժան ու ճիշտ գնով: Դատելով այն հանգամանքից, որ մեր պետական ապարատի ծախսերը տարբեր գնահատականներով կազմում են բյուջեի 20 տոկոսը և ՀՆԱ-ի 4 տոկոսը, պետք է մտածել, որ այդ կառավարումը հասարակության վրա բավականին թանկ է նստում»,- նշեց Բագրատյանը:

ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն են հայտարարել «դեմ» քվեարկելու մասին

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից ՀԱԿ և «Օրինաց երկիր» խմբակցություններն են հստակ հայտարարել, որ դեմ են քվեարկելու 2016թ. բյուջեի նախագծին: Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը նշել է, որ խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել, բայց չի էլ հստակեցրել՝ դեմ, թե ձեռնպահ են քվեարկելու: «Ժառանգություն»-ը տեսակետ չի հայտնել, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես անորոշ է թողել իր քվեարկության հարցը: Բյուջեի նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարել է միայն Հանրապետական խմբակցությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի նախագծին, հայտարարեց, թե փաստաթուղթը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ երկրի զարգացման ծրագիր ունի, ոչ էլ հույս ու հավակնություն: Տարեկան կտրվածքով բնակչության 2 %-ը կորցնող և 18 % գործազրկություն ունեցող երկրի իշխանությունը հաջորդ տարվա համար ընդամնեը 2.2 % տնտեսական աճ է նախատեսում։ Ըստ ՀԱԿ-ի ՝ հաջորդ տարվա բյուջեն այլ բան չէ, քան երկրի կապիտուլյացիայի և մահախոսականի փաստաթուղթ։ «Նման փաստաթղթերով երկիր չես բարձրացնի։ Մեզ պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ և ժողովրդավարություն»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը։

Ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի` 2016-ի բյուջեն սոցիալական որակելը տեղին չէ, որովհետև կանխատեսվող գնաճի պայմաններում չեն ավելացել ոչ կենսաթոշակները և ոչ էլ նվազագույն աշխատավարձը: «Համեմատելով նախորդ տարվա բյուջեի հետ՝ կարող ենք ասել, որ զարգացում չապահովող բյուջե է: Այն նույնիսկ յոլա գնալու նախագիծ չէ, ոչ մի դրական փոփոխություն չի բերելու մեր հասարակության բարեկեցության ապահովման գործում»,- ասաց Հ.Բիշարյանը՝ հավելելով, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներկայացված բյուջեն արտացոլում է վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքները: Կառավարության իրականացրած քայլերից շատերն, ըստ նրա, կարճաժամկետ ու արկածախդրային են: «Այն կառավարությունն է լավը, որի օրոք ծաղկում է երկիրը, պետությունը, ժողովուրդն ապրում, բարգավաճում է, և այդ ժողովրդի դրսի ներկայացուցիչները վերադառնում են հայրենիք, իսկ վատը՝ դրա հակառակը: Եզրակացությունը թողում եմ ձեզ: Այս բյուջեին, բնականաբար, մենք չենք կարող կողմ լինել»,- ասաց Մինասյանը:

«Պետք չէ բացառապես կառավարությանը մեղադրել՝ մոռանալով ներկա աշխարհաքաղաքական տնտեսական վիճակը»,- ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնելով՝ ընդդիմությանը հակադրաձեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խորհրդարանական մեծամասնության գնահատմամբ՝ կառավարությունը գլոբալ տնտեսական միտումներին ու տարածաշրջանային իրավիճակին համահունչ բյուջեն է ներկայացրել: «Մենք սա համարում ենք կայունացման և իրատեսական բյուջե»,- ասաց Բաղդասարյանը:

2016թ. բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի հաջորդ քառօրյայի ընթացքում: Մինչ այդ պատգամավորները առաջարկներ կներկայացնեն, իսկ կառավարությունը կորոշի, թե առաջարկներից որոնք են ընդունելի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները