Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մ. Գրիգորյան. Ես ճանապարհի կեսից փախչող չեմ

Մ. Գրիգորյան. Ես ճանապարհի կեսից  փախչող չեմ

Հարցազրույց Գյումրիի թիվ 34-րդ ընտրատարածքի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդամենը տասը օր է մնացել: Ձեր տպավորությամբ այսօր Գյումրիում այո-ի՞, թե՞ ոչ-ի կողմնակիցներն են շատ:

- Տրամադրությունները տարբեր են՝ կան և այո-ի, և ոչ-ի կողմնակիցներ, այս պահին դժվար է կոնկրետ պատասխանել: Մինչ քարոզարշավը այո-ի կողմնակիցներն ավելի քիչ էին, այս ընթացքում կարծես մի փոքր դրական տրամադրվածություն առաջացավ. ժողովրդի մոտ տեղեկության պակաս կար, և այս ընթացքում այդ բացը բավական լրացվեց: Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների նկատմամբ պասիվություն կա, իմ գնահատմամբ այս պահին հանրաքվեին գնալու ցանկություն չունեցողները մեծամասնություն են: Բայց դեռ ժամանակ կա, հուսանք, որ այս ընթացքում այո-ի և ոչ-ի կողմնակիցները կկողմնորոշեն ժողովրդին:

- Գյումրին ամենաաղքատ քաղաքներից է: Մեծ է դժգոհությունը իշխանություններից, հետևաբար, դժվար կլինի նրանց կողմնորոշել դեպի «այո»-ն, հատկապես որ փոփոխությունները իշխանությունն է նախաձեռնել:

- Բնականաբար, դա Գյումրիում դժվար կլինի, ու ընդհանրապես գյումրեցիներին համոզելը դժվար է, քանի որ նրանց տառապանքը փորձ ունի: Գյումրիում խնդիրները որքան էլ լուծվեն, միևնույնն է, մեր քաղաքը այսօր ծանր վիճակում է գտնվում: Սա է պատճառը, որ գյումրեցիները կարծում են, թե սահմանադրական փոփոխություններն իրենց սոցիալական վիճակում բան չեն փոխի: Խնդիրների լուծումը չպետք է կախված լինի մեկ անձից: Կոլեգիալ կառավարման արդյունքում բոլոր քաղաքական ուժերն էլ պետք է փորձեն աշխատանքներ տանել, ներդրումներ կատարել, որպեսզի հետո ստանան ժողովրդի վստահությունը:

- Բայց ներդրումն անում են գործարարները, պետությունը, քաղաքական ուժերը ներդրում չեն անում:

- Այսօրվա դրությամբ նույն կուսակցություններում կան գործարարներ, նույն կուսակցությունում էլ կան գումարներ: Եվ հասկանալի է, որ բոլորն էլ պետք է ներդրում անեն:

- Օրինակ, ընդդիմադիր ՀԱԿ կամ «Ժառանգություն» կուսակցությունները գործարարներ չունեն, գումարներ չունեն, ինչպե՞ս պետք է ներդրում անեն:

- Բա ինչ են անելու քաղաքի համար: Դատարկ խոսելով Գյումրին չի կառուցվի:

- Նրանք գումար չունեն, բայց կարող են Գյումրիի խնդիրները վեր հանել, ինչը անում են:

- Գյումրիի խնդիրներն այսօր մենք էլ ենք վեր հանում: Ես որպես պատգամավոր մեծ հնարավորություններ չունեմ, բայց քաղաքի խնդիրները վեր հանում եմ: Որ դուռը կարողանում եմ բացել, փորձում եմ քաղաքի խնդիրները լուծել:

- Փաստորեն գյումրեցին պետք է ընտրի այն կուսակցություններին, որոնք հարուստ են և շատ փող ու գործարարներ ունեն:

- Մենք Գյումրիում ներդրումներ և աշխատատեղեր ենք ակնկալում: Ես ուրախ եմ, որ ունենք այսքան բարեկարգ Երևան, բայց ցավով եմ նայում, որ հանրապետության երկրորդ քաղաքը՝ սպորտի ու մշակույթի մայրաքաղաքը, սոսկալի վիճակում է:

- Ձեր խոսքերից կարելի է հասկանալ, որ Գյումրիի քաղաքական ու գործադիր էլիտան հանրաքվեի հետ կապված մտահոգություններ ունի:

- Ընդհանրապես Գյումրիում միշտ ընտրությունները դժվար են անցել: Երբ մարդու հետ սկսում ես այդ թեմայից խոսել, նա հիշում է իր դարդուցավը: Ու դժվար է նրան բացատրել այո-ի կամ ոչ-ի առավելություններն ու թերությունները, որովհետև նրա ուղեղում իր սոցիալական խնդիրներն են, վարկերն ու պարտքերը:

- Դուք մեկ տարի առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում ընդդիմանում էիք սահմանադրական
փոփոխություններին: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք պաշտպանել ու դրա օգտին Գյումրիում աշխատել:

- 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես առաջադրվել եմ մեծամասնական ընտրակարգով և կողմ եմ եղել ԲՀԿ-ի ծրագրին: Համարել եմ, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգն ու խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ մեխանիզմներ են: Եթե կուսակցությունը ճիշտ է աշխատում, կարելի է այդ բալանսը փոխել: Բայց, օրինակ, ես մեծամասնական ընտրակարգով եմ ընտրվել ու Գյումրիում բավականին աշխատանք եմ տարել: Եթե այդ ընտրակարգը պահպանվի, ես կաշկանդվելու կամ մտահոգվելու խնդիր չեմ ունենա: Հաջորդ ընտրություններին 34-րդ ընտրատարածքում խնդիր չեմ ունենալու ու 2017թ. նորից խորհրդարան եմ գալու:

- Այսինքն, անցած տարի, երբ իշխանությունները նախաձեռնեցին սահմանադրական փոփոխությունները, բայց ԲՀԿ-ն դրան դեմ էր, դուք կո՞ղմ էիք:

- Չեմ կարող ասել, թե հստակ ընդդիմացա այս փոփոխություններին, բայց այդ ժամանակ ես, որպես ԲՀԿ անդամ, գնացել եմ կուսակցության որդեգրած ուղով: Կուսակցությունը որոշել էր իշխանափոխություն, սահմանադրական փոփոխություններ չէր ուզում, և ես, լինելով այդ կուսակցության անդամ, կես ճանապարհից հետ կանգնողը չէի: Ես գնում էի կուսակցության առաջնորդի հետ: Ես ճանապարհի կեսից փախչող չէի և գնացել եմ մինչև վերջ: Բայց եթե կուսակցությունը կանգ է առել, ու այդտեղից մեր ճանապարհները բաժանվել են, ես ի՞նչ կարող էի անել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները