Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

2015-ին Հայաստանն աննախադեպ չափի վարկային համաձայնագրեր է ստորագրել

2015-ին Հայաստանն աննախադեպ չափի վարկային համաձայնագրեր է ստորագրել

Ազգային ժողովում 2016թ. բյուջեի նախագծի քննարկման թիվ մեկ մտահոգությունն ու կառավարությանն ուղղված հիմնական քննադատությունը վերաբերում էին Հայաստանի արտաքին պարտքին: 2016թ. մեր երկրի արտաքին պարտքը կհասնի, միգուցե նաև կհատի Համախառն ներքին արդյունքի 50%-ը, ինչը միջազգային չափորոշիչներով համարվում է մտահոգիչ: Քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար, 2015թ. տարեվերջին կկազմի մոտ 4 մլրդ 489 մլն դոլար: 2016-ին, ըստ կանխատեսումների, պետական պարտքը կկազմի մոտ 4 մլրդ 820 մլն դոլար: Այս ցուցանիշը գրեթե 2 անգամ մեծ է, քան Հայաստանի 2016թ. պետական բյուջեն:

Խորհրդարանում, պատասխանելով արտաքին պարտքին վերաբերող հարցադրումներին, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կնքել է շուրջ 35 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 1,5 մլրդ դոլար է: Դա, սակայն, ըստ Գաբրիելյանի, չի նշանակում, որ այդ ընթացքում ողջ գումարը ստացվել է: Կառավարությունը պարզապես սկսել է այդքան գումարի ծրագրեր և ստացել ֆինանսական հոսքեր ունենալու հնարավորություն: Այդ գումարից տնտեսությանն է ուղղվել ընդամենը 146 միլիոնը:

2015 թվականը՝ 1 միլիարդ դոլարից ավելի վարկերով

Ֆինանսների նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը Հայաստանը ստորագրել է 15 վարկային համաձայնագիր՝ 1 միլիարդ 45 միլիոն դոլար և 10 միլոն եվրո ընդհանուր գումարով: Այս ցուցանիշն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության ընթացքում. նախորդ տարիներին մեր երկիրն այսքան մեծ գումարի վարկային համաձայնագրեր երբևէ չի ստորագրել: Համեմատության համար նշենք, 2015-ին միայն Հայաստանը ներգրավել է այնքան վարկային միջոցներ, որքան կազմել է ամբողջ պետական պարտքը 2008-2009թթ.: Ընդ որում, այս գումարի մեջ չի մտնում նոյեմբերի 6-ին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրված 17 մլն դոլար արժողությամբ վարկը: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ վերը նշված թիվն էլի մեծանա: Այս գումարից տարվա ընթացքում ստացվել է միայն 16,3 մլն դոլարը: Մնացածը Հայաստանը կստանա առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում:

2015-ին Վարկային համաձայնագրեր են ստորագրվել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զաւգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Չինական արտահանման-ներմուծման բանկի, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի, ինչպես նաև՝ Ռուսաստանի դաշնության կառավարության հետ: Ի դեպ, ամենախոշոր երկու վարկերը տրվելու են ՌԴ կառավարությունից՝ 270 և 200 մլն դոլար: Առաջինը տրամադրվելու է Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու, իսկ երկրորդը՝ ռուսական զինտեխնիկա ձեռք բերելու համար: Մյուս երկու խոշոր վարկերից մեկը՝ 150 մլն դոլարը, տրվելու է Եվրասիական զարգացման բանկից Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման համար, մյուսը՝ 112,9 մլն դոլար, ստացվելու է Ասիական զարգացման բանկից քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի շրջանակում: Մյուս 11 վարկային համաձայնագրերի գումարի չափը տատանվում է 4-ից 88 մլն դոլարի սահմաններում:

2016թ. բյուջեի ծախսերից երրորդը պարտքի սպասարկումն է

2016թ. բյուջեի նախագծում պարտքի սպասարկման գումարը կազմում է 135 մլրդ դրամ. սա կազմում է բյուջեի եկամուտների մոտ 11 տոկոսը: Այդ 135 միլիարդից 95 միլիարդը պարտքի տոկոսներն են, 40 միլիարդը՝ վարկերի մայր գումարի մարումը: Պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասում է, որ սա վատ ցուցանիշ է: Նրա խոսքով՝ պարտքի վտանգավորության գնահատման տարբեր ցուցանիշներ կան: «Պարտք/ՀՆԱ հարաբերությունը. այս հաշվարկով 50 %-ից ավելին համարվում է վտանգավոր: Հայաստանի պարտքը արդեն ՀՆԱ-ի 50 % է: Կամ՝ պարտքի սպասարկում/արտահանում հարաբերությունը. եթե պարտքի սպասարկումն արտահանման 5 %-ից ավելին է, ապա պարտքի չափը երկրի համար համարվում է վտանգավոր»,- ասում է պատգամավորը: 2015թ. 10 ամիսներին Հայաստանից կատարված արտահանումը կազմել է ընդամենը 583 մլրդ դրամ:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին էլ մտահոգում է այն, թե 2016թ. բյուջեի ծախսերում պարտքի մարումը երրորդ տեղում է: Սոցիալական պաշտպանության 405 և պաշտպանության ոլորտի 208 մլրդ հատկացումներից հետո պարտքի սպասարկմանը հատկացվող 135 մլրդ դրամը պետբյուջեի ծախսերից երրորդն է: Սա նշանակում է, որ պետությունը 2016-ին նախատեսում է պարտքի սպասարկմանն ավելի շատ գումար հատկացնել, քան օրինակ կրթության և առողջապահության ոլորտներին: Համեմատության համար նշենք, որ եթե 2007թ. պետական բյուջեի առողջապահության ծախսերը 4 անգամ գերազանցում էին պետական պարտքի սպասարկման գումարը, ապա 2016թ. պարտքի սպասարկման ծախսերն ավելի քան 4 տասնյակ միլիարդով կգերազանցեն առողջապահության ծախսերը, իսկ հետագա տարիներին այդ տարբերությունն, ըստ փորձագիտական գնահատականների, կլինի ավելի մեծ:

Վարկեր, որ դեռ նոր են համալրելու Հայաստանի ընդհանուր պարտքը

2015թ. ստորագրված վարկային համաձայնագրերի 1 մլրդ 43 մլն դոլար ընդհանուր գումարի մեջ չեն մտնում երկու խոշոր վարկային համաձայնություններ: Գերմանիայի դաշնության կառավարության հետ 205 մլն եվրո վարկային հնարավորության պայմանագիրը դեռևս հունիսին վավերացվեց Ազգային ժողովի կողմից: Առայժմ վավերացվել է հնարավորությունը, իսկ վարկային միջոցները տրվելու են հետագա տարիներին: Կառավարությունը հոկտեմբերին հավանության է արժանացրել նաև Եվրասիական զարգացման բանկից 300 մլն դոլար վարկ ներգրավելու մասին համաձայնագիրը: Այն նույնպես տրվելու է առաջիկա տարիներին բյուջետային աջակցության նպատակով: Այս վարկն ընդամենը 17-18 մլն դոլարով է ավելի 2016թ. պարտքի սպասարկմանը հատկացվող գումարից: Ստացվում է, որ Հայաստանը վարկ է վերցնում նախորդ տարիներին վերցրած վարկերի տոկոսները մարելու համար:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ-ն 2015թ. հունիսի 23-ին փոփոխություն կատարեց «Պետական պարտքի մասին» օրենքում: Ըստ փոփոխությունների՝ պարտքի մեծության սահմանափակումները այսուհետ տարածվելու են ոչ թե պետական, այլ՝ կառավարության պարտքի վրա։ Այս փոփոխության անհրաժեշտությունը կառավարությունը բացատրում էր պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Ընդդիմախոսները համոզված էին, որ փոփոխությունն ընդլայնում է նոր պարտքեր ներգրավելու հնարավարությունը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները