Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թ.Պողոսյան.Առաքել Մովսիսյանն ընդամենը կարծիք է հայտնել

Թ.Պողոսյան.Առաքել Մովսիսյանն ընդամենը կարծիք է հայտնել

«Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ». սպառնալից այս խոսքերը հնչեցնելու համար հերթական, երկրորդ անգամ էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է պատգամավորի էթիկայի նորմերը: Սպառնալիքը նա ուղղել էր բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին մամուլում բացասաբար արտահայտվել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ մասին: Նրա դեմ հայց հանձնաժողովին ներկայացրել էր Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունը: Հարցի ուսումնաիրությամբ էթիկայի հանձնաժողովում զբաղվել էր Թևան Պողոսյանը: Նրա ներկայացրած նախագիծը հանձնաժողովն ընդունել էր միաձայն:

Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի հետ:

-Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, արդեն երկրորդ անգամ, արձանագրեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը դրսևորել է պատգամավորին ոչ վայել պահվածք: Նշանակո՞ւմ է, սա, որ հանձնաժողովի նախորդ որոշումը, փաստորեն, որևէ ազդեցություն չի ունեցել:

-Սա նոր իրողություն չէ, և այս հարցը մեզ համար պետք է ուղեցույց լինի ԱԺ կանոնակարգ- օրենքում փոփոխություններ կատարելու համար: Այս օրենքում պետք է կարգազանց պատգամավորին պատժող գործուն մեխանիզմներ ներառել: Այսօրվա դրությամբ հանձնաժողովը կարող է միայն որոշել՝ խախտել է պատգամավորը էթիկայի նորմերը թե ոչ, ինչին հաջորդում է այդ որոշման հրապարակումը և վերջ: Մենք, իհարկե, դատարան չենք, բայց կարծում եմ, որ առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառելու հնարավորություն պետք է ունենանք:

-Օրինակ, ի՞նչ մեխանիզմներ կարող են լինել:

-Տարբեր. մի քանի օր զրկել քվեարկությունից, ֆինանսական լծակ կիրառվի: Բոլոր այս հնարավորությունները պետք է քննարկվեն, բայց էլի չի կարելի ասել, թե դրանք անպայման ազդեցություն կունենան: Դրա համար ես կարծում եմ, որ որքան շատ հանձնաժողովը դիմում ստանա, այնքան շատ դա կնպաստի օրենսդրական խնդիրների բացահայտմանը, աշխատանքային մշակույթի ձևավորմանը:

-Արդյո՞ք այդ մեխանիզմի բացակայությունը չէ, որ հանձնաժողովին թույլ է տալիս արձանագրել, թե պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը, ի տարբերություն ՀՔԾ-ի և դատարանի, որոնք մերժեցին սպառնալիքներ հնչեցնելու հիմքով Առաքել Մովսիսյանի դեմ գործ հարուցել:

-Մեկնաբանության խնդիր է: Իսկ ինչի՞ համար էին դիմել դատարան, ո՞ւմ է պատգամավորը սպառնացել: Չկա որևէ կոնկրետ հասցեատեր, ո՞ւմ հանդեպ պետք է դատարանը որոշում կայացներ: Մենք որոշել ենք, որ պատգամավորը անվայել պահվածք է դրսևորել, դատարանն էլ պետք է նայեր՝ եղել է գործողություն թե ոչ: Հակառակ դեպքում կարող էր առաջ գալ խոսքի ազատության սահմանափակման խնդիր: Ես, օրինակ, օգտվել եմ ազատ խոսքի իմ իրավունքից ու ֆեյսբուքում գրել, որ կարելի է բանակ զորակոչել նաև աղջիկներին: Ընդամենը առաջարկ եմ արել, բայց ինչ ասես՝ դրա տակ չգրեցին: Ուրեմն, ի՞նչ, պիտի դատի՞ տայի գրողներին:

-Այսինքն, Առաքել Մովսիսյանը ընդամենը օգտվել է իր ազատ խոսքի իրավունքի՞ց:

-Ինքը օգտվել է իր կարծիքը հայտնելու իրավունքից, բայց նա նաև պատգամավոր է, իսկ պատգամավորը պետք է կարողանա ցանկացած պարագայում դրսևորել վայել պահվածք և օգտագործել վայել բառապաշար:

-Խնդիրը ուսումնասիրելու ընթացքում Դուք հանդիպել եք նաև Առաքել Մովսիսյանին. ի՞նչ տպավորություն եք ստացել. պատրա՞ստ է նա փոխել իր պահվածքը:

-Հարցը պետք է իրեն ուղղել:Ես նրան չեմ հանդիպել որպես քննիչ, իմ խնդիրը իրավիճակը հասկանալն էր: Իր բացատրությունը հետևյալն էր. ունեցել է էմոցիոնալ պոռթկում: Պաշտպանության նախարարը իր ռազմական ընկերն է, և ինքը պաշտպանել է ընկերոջը, մարդու, ով հանրության մեջ պետք է բարձր հեղինակություն ունենա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները