Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ վերջին հերթական քառօրյան

Դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ վերջին հերթական քառօրյան

Ազգային ժողովի դեկտեմբերի 7-10-ի քառօրյան լինելու է առաջինը դեկտեմբերի 6-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո, և դժվար չէ ենթադրել, որ քառօրյայի գոնե առաջին օրը անցնելու է հետընտրական իրավիճակներին բնորոշ տրամադրություններով:

Դեկտեմբերի 7-ը նաև Սպիտակի ողբերգական երկրաշարժի տարելիցի օրն է: Ու թեպետ «Հիշատակի և տոների մասին օրենքով» այս օրը աշխատանքային է, միանգամայն հարգելի պատճառով այն կարող է ոչ աշխատանքային լինել Շիրակի և Լոռու մարզի պատգամավորների համար, ովքեր, ի հիշատակ զոհերի, ավանդաբար այդ օրն այցելում են աղետի գոտի:

Հանձնաժողովից լիագումար նիստ

Մինչդեռ սպասվող քառօրյան ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան է, որի օրակարգում 2016 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունն է: Բյուջեի վերաբերյալ մի քննարկում էլ ընթացիկ շաբաթ, քառօրյային ընդառաջ, տեղի ունեցավ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց տեղեկանք 2015 թ.-ի բյուջեի առաջին ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ: Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում եկամուտների մասով կատարողականը կազմել է 94.4 % կամ պետական բյուջե է մուտքագրվել 853 մլրդ դրամ: Ինն ամսվա ծախսերը կազմել են 962 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 91.2 %-ը: Բյուջեի եռամսյակային կատարողականը, սակայն, ԱԺ լիագումար նիստում չի քննարկվի. ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ բյուջեի եռամսյակային կատարողականները քննարկվում են միայն մշտական հանձնաժողովում:

Քառօրյայի ընթացում պատգամավորները կքննարկեն Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ընդգրկվեց քառօրյայի օրակարգ: ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կազմելիս թեմաներն ընտրվել են ըստ բյուջետային ծրագրերի՝ հաշվի առնելով առավել ռիսկայիններն ու կարևորները: Մնում է, որ ԱԺ-ն մոռացության չմատնի այս փաստաթղթի քվեարկությունը, ինչպես վարվեց անցյալ տարի. 2015-ի տարեկան ծրագիրը քննարկվեց, բայց քվեարկությունը կազմակերպվեց արդեն 2015-ի փետրվարին՝ 2014-ի դեկտեմբերի փոխարեն:

Դրական եզրակացություն ՕԵԿ-ի նախագծին 

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ քառօրյայի օրակարգ է ընդգրկվել ՕԵԿ-ական պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին: Դրանով առաջարկվում է արտերկրում բուժում ստանալու հնարավորություն տալ բոլոր այն զինծառայողներին, ովքեր վնասվածք, խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն են ստացել՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս՝ անկախ վայրից: Այսօր նման հնարավորություն ունեն մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողները: Կառավարությունը առաջարկին կողմ է, բայց ընդգծել է, որ փոփոխությունը կարող է տարածվել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետեւանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողների վրա: Եթե այս նախագիծը ընդունվի, կլինի ընդդիմադիրների հեղինակած և ընդունված բացառիկ նախագծերից մեկը:

Ընտրություններին ընդառաջ, բայց հետաձգված

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ու մինչև մեկ տարով հետաձգեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծերը, որոնք փոփոխություններ էին առաջարկում Ընտրական օրենսգրքում: Մարուքյանի առաջարկում էր օրենքով ամրագրել, որ մանդատից հրաժարված կին պատգամավորի փոխարեն խորհրդարան պետք է գա կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ կին թեկնածուն: Դա, ըստ հեղինակի, թույլ կտա, որ խորհրդարանում պահպանվի կուսակցությունների ընտրացուցակներով ձևավորված կանանց և տղամարդկանց համամասնությունը:

Ուրիխանյանը ԸՕ-ից բացի փոփոխություն էր առաջարկում նաև օրհներգի մասին օրենքում: Եթե նրա առաջարկությունները քննարկվեին և ընդունվեին, համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոնները պետք է բացվեին և փակվեին պետական օրհներգի հնչյունների ներքո: Դա, ըստ հեղինակի, առավել պաշտոնական բնույթ կհաղորդեր միջոցառմանը, կձևավորեր յուրահատուկ բարոյահոգեբանական մթնոլորտ:

Կառավարությունը, սակայն, այս նախագծերից և ոչ մեկին դրական եզրակացություն չէր տվել, ինչը նշանակում էր, որ դրական չի լինելու նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Բացասական եզրակացությունից խուսափելու համար հեղինակների առաջարկով նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչև 1 տարի ժամկետով:

Կհնչեցվի՞ Առաքել Մովսիսյանի անունն ամբիոնից, թե՞ ոչ

Պատգամավոր Առաքել Մովսիսյանի ձայնը ԱԺ ամբիոնից երբեք չի հնչել, բայց եթե էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը հետևի ԱԺ կանոնակարգ- օրենքին, առաջիկա քառօրյայի ընթացքում նրա անուն-ազգանունը գոնե ԱԺ ամբիոնից կհնչեցվի: Հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին ընդունեց եզրակացություն, որ ՀՀԿ-ական Մովսիսյանը խախտել է պատգամավորի էթիկայի նորմերը: Համաձայն օրենքի, հանձնաժողովի նախագահը այդ եզրակացությունը պետք է հրապարակի ԱԺ-ի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո այն կտեղադրվի ԱԺ-ի ինտերնետային կայքում:

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ նույնաբովանդակ եզրակացություն էթիկայի հանձնաժողովը մեկ անգամ արդեն ընդունել էր, բայց հանձնաժողովի նախագահը նախընտրել էր այդ եզրակացությունը ոչ թե ընթերցել ամբիոնից, այլ տեքստը բաժանել պատգամավորներին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները