Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջե 2016-ն ընդունվեց

Բյուջե 2016-ն ընդունվեց

Աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայում ՝ դեկտեմբերի 8-ին, ձայների 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդրանն ընդունեց 2016թ. բյուջեի նախագիծը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ էին:

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է բյուջեն այսքան կողմ ձայն ստանում և ընդունվում ոչ միայն խորհրդարանական մեծամասնության ՝ ՀՀԿ-ի, այլ նաև երկրորդ ուժի՝ այս դեպքում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» աջակցությամբ:
Իսկ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթից ակնկալիքները մեծ չեն. անկախ Հայաստանի բյուջետային պատմության ընթացքում առաջին անգամ եկամուտները 2015թ. մակարդակից քիչ են պլանավորվել:

Եկամուտները՝ 1 տրիլիոն 186 միլիարդ , ծախսերը 1 տրիլիոն 377 միլիարդ, դեֆիցիտը 190,7 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,3 %-ը. սրանք են Բյուջե 2016-ի վերջնական ցուցանիշները: Նախագծի սկզբնական տարբերակի համեմատ եկամտային մասն ավելացել է մոտ 3 մլրդ դրամով: Հաջորդ տարվա համար կառավարությունը 2,2 % տնտեսական աճ և հարկեր/ՀՆԱ 21,7 % հարաբերակցություն է ակնկալում: 2015թ. համեմատ նվազել են նաև այս 2 ցուցանիշները: Կանխատեսվում է նաև, որ 2016 թ. ՀՀ պետական պարտքը կկազմի 5 մլրդ 66 մլն դոլար, ինչը 400 մլն դոլարով գերազանցում է 2015-ի վերջին սպասվող պարտքի չափը:

Պահպանողական և համեստ բյուջե

Խորհրդարանում բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ այն ունի հստակ սոցիալական կառուցվածք, քանի որ ծախսերի ավելի քան 47 %-ը բաժին է ընկնում սոցիալ-մշակութային ոլորտներին: «Կառավարությունը քաջ գիտակցում է, որ ներկայացված բյուջեն պահպանողական է և համեստ: Դժվար է չհամաձայնել այն մտահոգությունների հետ, որ ծախսերի ու եկամուտների ցուցանիշները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք պայմանավորված են մեր երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին դժվարություններով: Այո, մեր երկրի պետական պարտքը 2008-ի համեմատ աճել է, բայց այդ աճի զգալի մասը բաժին է ընկել 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն»,- հայտարարեց Պ.Սաֆարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ չնայած համեստ ցուցանիշներին՝ 2016թ. բյուջեի կատարումը կառավարությունից մեծ ջանքեր կպահանջի: Դրանք առավելապես պետք է ուղղվեն ստվերային տնտեսության դեմ պայքարին, քանի որ եկամուտների ֆիքսված մակարդակը լուրջ մարտահրավեր է: Կառավարությունը, սակայն, հաջորդ տարվա համար մոտ 3 %-ով նվազեցվել է հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, ինչը ոչ թե ստվերի կրճատման, այլ ավելացման մասին է խոսում:

Առաջարկությունները բավարարվել են ընտրովի

Կառավարությունն Ազգային ժողովից ստացել է 324 առաջարկություն: Դրանք հիմնականում վերաբերել են այս կամ այն խնդիրների (հիմնականում դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների ու ջրագծերի վերանորոգում) լուծման համար ֆինանսական հատկացումներ տրամադրելուն կամ ավելացնելուն: Առաջարկություններից 198-ը ստացվել են խմբակցություններից, 110-ը ներկայացրել են անհատ պատգամավորները: Ընդ որում՝ միայն ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է 50 առաջարկություն: 16 առաջարկություն էլ ներկայացվել է ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից:

Պ.Սաֆարյանի խոսքով՝ բոլոր առաջարկությունները միասին մոտ 15 մլրդ դրամով կավելացնեին բյուջեի ծախսերը: Կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել է առաջարկություններից միայն 62-ը, որոնք պահանջում են ավելի քան 2 մլրդ դրամ: 66 առաջարկության վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ 196-ը կառավարությունն անընդունելի է համարել այն պատճառաբանությամբ, որ չկան համապատասխան միջոցներ:

«Եթե պետությունը, օրինակ` 40 կմ ասֆալտ պետք է անի, ապա անում է 30-ը և այն 10 կմ-ն թողնում է ՀՀԿ-ականներին, որ նրանք առաջարկ անեն, ու դա ընդունվի: Առաջարկ են անում, ընդունվում է, բայց, ճիշտն ասած, ախալքալաքցիների հացն էլ եք կտրել, իմանան՝ կնեղանան, քանի որ իրենք են անում ասֆալտը: Մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր ասֆալտի առաջարկներն անեք, որպեսզի ժողովուրդը չասի, թե դուք բան չեք անում»,- դժգոհեց Հ. Բագրատյանը՝ նկատելով, որ ընդունվում են հիմնականում իշխանական կամ իշխանամետ պատգամավորների առաջարկները, իսկ մյուսներինն անտեսվում են:

Քննարկման ընթացքում պարզվեց, սակայն, որ մերժվել են նաև ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանի առաջարկությունները: «Իմ նշած երկու համայնքին անհրաժեշտ է 20 մլն դրամ: Այդ խնդիրներին լավ ծանոթ եմ, միայն չասես, թե դրանց լուծման համար 500 կամ 600 մլն դրամ է պետք: Եթե կասկածում ես, կարող եմ տանել՝ ցույց տալ դպրոցը, մանկապարտեզը, տեսնեք, թե անձրևների ժամանակ ինչ է կատարվում: Եթե բաժանում եք՝ հավասար բաժանեք, ինչն է պատճառը, որ 95%-ը մերժել եք»,- Պ.Սաֆարյանին դիմելով՝ վրդովվում էր պատգամավորը:

Բյուջե 2016-ին կողմ է երկու քաղաքական ուժ

Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: «Օրինաց երկիր» ու «Ժառանգություն» խմբակցությունները դեմ էին, ՀԱԿ-ը չմասնակցեց քվեարկությանը, քանի որ բոյկոտում է քառօրյա նիստերը, իսկ «Դաշնակցությունը» հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը:

Բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրելով՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանն այն բանի համար, որ քաղաքական կամք է դրսևորվել հասարակությանը ներկայացնելու այն, ինչ կա: «Ունեցել ենք բյուջեներ, որոնք մոլորության մեջ են գցել , ճնշում ու հարկահավաքություն են նախատեսել: Սա իրատեսական, կայունացման բյուջե է: Պետք չէ մոռանալ, որ օբյեկտիվ պատճառներով է բյուջեն այսքան սուղ, և դա պայմանավորված է գլոբալ խնդիրներով: ՀՀԿ-ն կանգնած է կառավարության կողքին՝ դիամակայելու, հաղթահարելու առկա խնդիրները»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը կոչ արեց դրական սպասումներով առաջնորդվել. «Եթե մենք պարուրվենք, տոգորվենք բացասական սպասումներով, անընդհատ բացասականի մասին խոսենք, գնանք ժողովրդից ստանանք բացասական լիցքեր, չենք կարողանա առաջ շարժվել: Ընտանիքում ո՞նց է, հո չե՞նք կարող անընդհատ բացասական լիցքերով տոգորվել»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, թե ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեին, քանի որ ցանկանում է շանս տալ կառավարությունը, նաև համոզված է, որ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ թեև երկրում տնտեսական աճ կա, բայց այդ աճն ընդհանրապես չի ազդում բնակչության կենսամակարդակի վրա: «Մարդու համար նույնիսկ նվազագույն կենսական պայմաններ չապահովող այս բյուջեն ոչ մի դրական փոփոխություն չի բերելու մեր հասարակության կյանքում, հետեւաբար ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու»,- ավելացրեց նա:

Բյուջեի եկամուտները նվազում են, բայց արդյո՞ք նվազում են իշխանության ներկայացուցիչների եկամուտները ՝ այս հարցը, պարզվեց, մտահոգում է Դաշնակցությանը. «Սա էլ պետք է հետևություն անելու առիթ տա: Նույնիսկ այս պայմաններում, բայց արդյունավետ կառավարման, հավասար պայմաններ ստեղծելու դեպքում մենք կարող ենք հաջորդ տարի ունենալ այլ ցուցանիշներ, մանավանդ` քաղաքական փոփոխությունների այս ֆոնին: Այդ պատճառով է, որ կողմ չենք քվեարկելու այս բյուջեին»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները