Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նարեկաբուժության ձախողված սեանս՝ ԱԺ-ում

Նարեկաբուժության ձախողված սեանս՝ ԱԺ-ում

Հայաստանի կառավարությունը հրատապ կարգով որոշել է ստանդարտավորել եւ կարգավորել ճշմարտությունը։ Եթե հավատանք մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին՝ «խորհրդանշանները հավերժական խտացված ճշմարտություններ են», եւ գործադիրն ԱԺ արտահերթ նստաշրջանում հրատապ կարգով օրինագիծ է մտցրել, որպեսզի այդ ճշմարտությունների «ընդհանուր տեխնիկական պայմանները հաստատի կառավարությունը»։

ԱԺ-ում զինանշանի եւ դրոշի մասին օրենքներում առաջարկվող լրացումների քննարկման ժամանակ կարելի էր լսել բազմաթիվ վերամբարձ հատարարություններ, թե ինչպես պետք է հարգել խորհրդանշաններն ու ինչպես կառավարության եզրակացության մեջ է նշված «պետության քաղաքացիների վերաբերմունքը երկրի խորհրդանշանների նկատմամբ ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ եւ հավատում նրա ապագային»։ Ու դա ամենաշատն ասում էին այն մեծամասնության եւ նրան կից կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մի քանի ամիս առաջ՝ ԵՏՄ- ի անդամակցության քննարկումներում, հրապարակավ փորձում էին պարզել, թե Հայաստանի համար ռուսակա՞ն, պարսկակա՞ն, թե՞ թուրքական լուծն է գերադասելի։

Իսկ այս առաջարկվող փոփոխությունների միակ էությունը պարզ տնտեսական կամ գուցե կոռուպցիոն հաշվարկն է։ Ասենք, ըստ զինանշանի մասին օրենքի 5- րդ հոդվածի, նշված է այն հաստատությունների ոչ լրիվ ցանկը, որտեղ պետական խորհրդանիշները պարտադիր են, դրանց գումարած նաեւ այն տասնյակ հազարավոր պետական ծառայողները, որոնց համազգեստին եւս խորհրդանիշներով տարբերանշաններ կան։ Եվ ահա՝ կառավարությունը կարող է այսուհետեւ «գունային գամմաների» պատրվակով որոշել, թե պետական հսկայական միջոցները իրեն հավատարիմ որ գործարարին պետք է տա՝ խորհրդանիշներ արտադրելու համար։

Սա օրինագծի իրատեսական կողմն է, այժմ խոսենք բարոյահոգաբանական, հայրենասիրական, միստիկական բովանդակության մասին, որը, զորօրինակ զինանշանի «գունային գամմաների» քննարկումներում, ինը պատգամավորի հարցերում եւ եւս հինգի ելույթներում առաջնայինն էր։

Այսպես՝ մշակույթի փոխնախարարը կարեւորում էր խորհրդանիշների հանրայնացումն ու տարածումը, սակայն չէր հիշում, թե ինչպես Թուրքիայի նախագահի Հայաստան այցի ժամանակ Թուրքիա- Հայաստան ֆուտբոլային խաղ- դիվանագիտության շրջանակներում հանրապետական պատգամավորի (կամ պատգամավորների) նախաձեռնությամբ զինանշանից հանվեց Արարատի պատկերը, ըստ երեւույթին՝ Աբդուլահ Գյուլին չվիրավորելու նպատակով։

Փոխնախարարին հարցեր ուղղող պատգամավորներն էլ շատ էին կարեւորում այս փոփոխությունները, այդպես էլ չհետաքրքրվելով, եթե կառավարությունը զինանշանի ստանդարտների հարցը հետաքրքրում էր 2011-ից, ինչո՞ւ հանկարծ հրատապ կարգով ներկայացվեց ԱԺ, կամ ինչո՞ւ այդ ստանդարտները չեն կարող ամրագրվել օրենքով՝ խորհրդարանի կողմից։ Ըստ երեւույթին՝ հայրենասեր պատգամավորները եւս կարծում էին, որ ուրիշի՝ այս դեպքում պետական փողը հաշվելը լավ բան չէ։

Դրա փոխարեն, օրինակ, ԲՀԿ- ական Վահան Բաբայանը խորհրդանիշների նկատմամբ հարգանքը բարձրացրեց մի նոր աստիճանի։ Մասնավորապես՝ հիշեց, թե ինչպես մի քանի օր առաջ իրենց գործընկերներից մեկն այրում էր պետական խորհրդանշանները։ Պատգամավորը խորհրդանշան ասելով նկատի ուներ պետական պաշտոնյաների նկարներն այրելը։ Թեեւ այստեղ ճիշտ կլիներ խոսել ոչ թե խորհրդանիշների, այդ սրբապատկերների մասին։ Դե եթե մեր պետական այրերը սուրբ են, նրանց նկարներն էլ սրբապատկեր պետք է լինեն։

Եվ հասկանալի էր, որ այս ֆոնին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը իրենց «սրբերի» վրայից այրվելու անեծքը հանելու եւ դրանք այրող պատգամավորի միջից սատանային արտաքսելու նպատակով ԱԺ-ում պետք է նարեկաբուժության սեանս անցկացներ։ Ցավոք, չստացվեց, քանի որ երբեմնի ֆիզիկայի ուսուցչուհու կարդացած «Նարեկը» ոչ թե «ի խորոց սրտի» խոսք էր Աստծո հետ, այլ՝ քաղաքական անտաղանդ հայտարարություն։ Այնպես որ, բուժման ու հոգեթերապիայի այս սեանսում ԱԺ-ն ունեցավ այնքան հաջողություն, որքան՝ նախագահն ու կառավարությունը երկրի առջեւ կանգնած մարտահրավերների առաջ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ


Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները