Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՎՊ հաշվետվության ու ծրագրի քննարկումը՝ գրեթե աննկատ

ՎՊ հաշվետվության ու ծրագրի քննարկումը՝ գրեթե աննկատ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վերջապես խորհրդարանին ներկայացրեց 2014թ. տարեկան հաշվետվությունը և 2016թ. գործունեության ծրագիրը: 2 փաստաթղթերի քննարկումը տեղի ունեցավ ԱԺ տարեվերջյան արտահերթ նստաշրջանի դեկտեբերի 16-ի նիստի ավարտին՝ մի քանի պատգամավորի մասնակցությամբ: ՎՊ նախագահը կարծես խուսափեց լիքը դահլիճից, շատ հարցերից և բուռն քննարկումից:

Ի.Զաքարյանը վերջին երկու տարիներին խուսափում էր անձամբ ներկայացնել իր ղեկավարած գերատեսչության գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը: Այդ գործը նրա փոխարեն անում էին տեղակալները: Հիշեցնենք՝ 2013թ. հունիսին ԱԺ-ում ՎՊ 2012թ. գործունեության հաշվետվության քննարկումը բավականին աղմկոտ ընթացք ունեցավ. Ի.Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70 %-ը կամ մոտ 700 միլիարդ դրամ կոռուպցիոն ռիսկի գոտում է: Իշխող Հանրապետականը կոշտ հակագրոհ կազմակերպեց՝ մոտավորապես «դու մեզ գո՞ղ ես անվանում» տրամաբանությամբ: Ապա նախագահ Սերժ Սարգսյանը նիստ հրավիրեց ու հրապարակավ նախատեց ՎՊ նախագահին: «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք թե ոգևորված, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել», - նիստի ժամանակ ասաց Ս. Սարգսյանը:

Այս զարգացումներից հետո Ի.Զաքարյանը խուսափում էր խորհրդարան գալ ու նիստերի դահլիճում անձամբ ներկայացնել ՎՊ գործունեությանը վերաբերող փաստաթղթերը: 2-ամյա ավանդույթը խախտվեց. ՎՊ նախագահին, թերևս, ԱԺ բերեցին համառորեն շրջանառվող այն պնդումները, թե փաստաթղթերն անձամբ չներկայացնելով՝ ՎՊ նախագահը խախտում է ոլորտը կանոնակարգող օրենքը:

Սենսացիոն բացահայտումներ չկան

ՎՊ 2014թ. հաշվետվությունը բյուջետային միջոցների յուրացման կամ չարաշահումների մասին որևէ ցնցող բացահայտում չներկայացրեց: Ի.Զաքարյանը չասաց, թե բյուջեի որ մասն է մսխվել, վատնվել կամ անարդյունավետ օգտագործվել: Ավելին, փաստաթուղթը ներկայացնելու համար հատկացված 90 րոպեներից Իշխան Զաքարյանն օգտագործեց հազիվ 10-ը, մինչդեռ նախկինում անհամեմատ երկար էր խոսում:

ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է 11 ոլորտ՝ ներդրումային միջավայր, հանրային ծառայությունների կարգավորում, կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն: Նշեց, որ 2014-ի հաշվետվությունն այլ մեթոդաբանությամբ է մշակվել ու ավելի մասնագիտական է, քան նախորդ տարիներինը:

2014-ին, ըստ Զաքարյանի, ՎՊ-ի ուշադրության կենտրոնում եղել է, օրինակ, դեղերի ձեռք բերման եւ բաշխման համար միջոցների օգտագործման հարցը. «Օպերատիվ վերահսկողության ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ կրճատվել է բյուջեից մոտ 634 մլն դրամի ծախս: Օրինակ, ինսուլինի ձեռք բերման համար նախկինում վճարվում էր 4800, հիմա՝ 1345 դրամ, որը նշանակում է միջոցների տնտեսում»,- շեշտեց Ի.Զաքարյանը:

Նա նշեց նաև, որ խախտումներ են հայտնաբերվել «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» ծրագրում, որի նպատակն Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում փոքր սեփականատերերին հայկական մրգի արտադրության մեջ ներգրավելն ու նրանց եկամուտների ավելացմանը նպաստելն էր: Ծրագիրը մեկնարկել է 2011թ և իրականացվել է «Հայկական միրգ» ընկերության կողմից: Բյուջեն կազմել է 13,5 միլիոն դոլար, և ակնկալվում էր, որ պետք է հիմնվեր 700 հեկտար այգի: ՎՊ-ն բացահայտել է՝ ծրագրի սկզբից մինչև ստուգման պահը կատարողականը կազմել է 17 %:

Զաքարյանը նաև ավելացրեց, որ բազմաթիվ խնդիրներ են տեսնում շինարարության ոլորտում, որ մտահոգիչ է հատկապես շինարարության ծրագրավորման ու նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքների որակը: Մանրամասներ, սակայն, այս ոլորտում իրականացված ստուգումներից չներկայացվեցին:

Մալուխն ու ներիշխանական ինտրիգ-դավադրությունը

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փորձեց բացատրել, թե 2013թ. որն է եղել Ի.Զաքարյանի աղմկահարույց հայտարարությունների իրական դրդապատճառը․«Հիշո՞ւմ եք՝ Ի.Զաքարյանը կաբելը, պլինտուսի կտորը, գյաջի կտորները ձեռքին ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է ՀՀ պետական բյուջեի 70 %-ը: Դա ներիշխանական ամենախոշոր ինտրիգ-դավադրության կարևորագույն արտահայտությունն էր, որի առաջնորդը միանշանակ այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, ով իր վերահսկողության տակ առնելով խորհրդարանի ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերի մեծ մասին՝ որոշել էր տապալել Տ.Սարգսյանի կառավարությունն ու վերահսկողություն սահմանել ողջ իշխանական ապարատի նկատմամբ՝ դառնալով իշխանության ժառանգորդ: Եվ ՎՊ զեկույցն այս օպերացիայի կարևորագույն ու անբաժանելի մասն էր»:

Ն.Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ի.Զաքարյանը չի տվել իր առանձնատան ծագումնաբանությանը վերաբերող հարցի պատասխանը, բայց մամուլում բացատրել է, որ առանձնատան գումարը տվել է իր ընկերը՝ հայտնի գործարար Ալբերտ Բոյաջյանը: Պատգամավորը վստահեցրեց, որ Բոյաջյանը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ ինքն այդ գումարները լիազորագրով տվել է Իշխան Զաքարյանին, որ նա տուն կառուցի իր համար. «Ստացվում է՝ այդ մարդու ուղարկած գումարներով Դուք տուն եք կառուցել Ձեզ համար: Սա ի՞նչ է նշանակում՝ մարդը ուրիշ նպատակներով Ձեզ գումար է ուղարկել, Դուք ա՞յլ նպատակներով եք այն օգտագործել: Ուրիշ հարց կա, թե ինչու այդ մարդը չի բողոքում, որ Դուք տուն եք կառուցեր Ձեզ համար: Արդյո՞ք այն պատճառով, որ Հայաստանում նա Ձեր օգնությամբ որոշակի օբյեկտներ է սեփականաշնորհել»,-հարցնում է Ն.Փաշինյանը:

ՎՊ-ն քաղաքական ճնշումների՞ է ենթարկվում

Խորհրդարանում ՎՊ հաշվետվության բովանդակային քննարկում տեղի չունեցավ: Հատուկենտ հարցերում կամ ելույթներում պատգամավորները նկատեցին, որ փաստաթուղթը թույլ է և անատամ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը դժգոհություն հայտնեց, որ զեկույցում այլևս չկան սուր հարցադրումներ ու բացահայտումներ: «Ես ուզում եմ լսել, թե այս ստուգումներից կամ եզրակացություններից հետո առաջարկություններ արվե՞լ են, կամ արդյո՞ք այդ առաջարկություններն իրականացվել են: Բայց հաշվետվության մեջ նման տվյալներ չկան: Ես կցանկանայի նաև լսել, թե քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել կատարած չարաշահումների համար»,- հայտարարեց Թ.Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը կարծում է, որ ՎՊ-ի՝ չարաշահումների մասին բացահայտումները պետք է ամրագրվեն քաղաքական որոշումներով, հակառակ դեպքում որևէ արդյունք չեն ունենա: «Եթե վերահսկողական գործառույթը քաղաքական ամուր հիմքեր չի ունենում և սահմանափակվում է միայն եզրակացություններով, մենք արդյունքի չենք հասնում: Եթե ձեր հայտնաբերած խնդիրները քաղաքական որոշումներով չեն ամրագրվում, դա ուղղակի օդում կախվում է ու վերջ»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը էլ համոզված է, որ ՎՊ 2012թ. աղմկոտ հաշվետվությունից հետո Ի.Զաքարյանի վրա ճնշումներ են գործադրվել, ինչ արդյունքում նախորդներից տարբերվող զեկույց է ներկայացվել: « Այստեղ ես քաղաքականություն եմ տեսնում: Մտահոգիչ է, որ ազդեցություն է նկատվում մի անկախ մարմնի վրա, որը որևէ մեկին պետք է չլսեր: Ես խիստ կասկածում եմ, որ վաղն այս անկախ մարմինները հաղորդում կներկայացնեն, կամ դատական մարմինները անկախ կընտրվեն ու անկախ վերաբերմունք կունենան»,- հայտարարեց Հ.Բիշարյանը:

Բարձրացված հարցադրումներին ի պատասխան Ի.Զաքարյանը հայտարարեց, թե ՎՊ հաշվետվություններն աստիճանաբար համապատասխանեցնում են Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության /INTOSAI/ սկզբունքներին:

Հավելենք, որ ՎՊ տարեկան հաշվետվությունն ԱԺ-ում քվեարկության չի դրվում. այն ընդամենը քննարկվում է և ընդունվում ի գիտություն:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները