Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

2015-ի վերջին արտահերթը

2015-ի  վերջին արտահերթը

Կառավարությունը չխախտեց տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը և հաջորդ տարվա բյուջեի ընդունումից հետո՝ Ամանորին ընդառաջ, նախաձեռնեց ԱԺ արտահերթ նստաշրջան՝ բավական խիտ օրակարգով: Դրանում ընդգրկված էր 38 օրենքի նախագիծ՝ կից ներկայացված օրենսդրական փաթեթներով (ընդհանուր առմամբ փոփոխություններ էին առաջարկվում 81 օրենքներում): 38 օրինագծերից 28-ի համար ԱԺ-ն, կառավարության առաջարկով, ընդունեց քննարկման հատուկ կարգ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը առաջինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու մասին: Մեկ շաբաթ տևած արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը 59 քվեարկություն անցկացրեց:

Խոսրով Հարությունյանը գոհ էր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մոտ 10 օր ձգված արտահերթ նստաշրջանին այսպիսի հիացական գնահատական տվեց. «Այս նստաշրջանին բնորոշ էր այն, որ շատ գործընկերներ կառավարության ներկայացրած նախագծերի քննարկումը սկսում էին հետևյալ կերպ. «շնորհակալ ենք, շատ սպասված օրինագիծ էր, վաղուց էինք սպասում»: Դրականն այն է, որ այս խոսքերը հնչում էին նաև ընդդիմադիր հատվածից»:

Արժե, թերևս, նկատել, որ ՀՀԿ-ական պատգամավորի նշած «ընդդիմադիր հատվածից» ՀԱԿ-ը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, բացակայում էր նիստերից, իսկ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի ելույթները որևէ կերպ չէին առնչվում նախագծերի բովանդակությանը: ՀՅԴ-ն նստաշրջանի ընթացքում ակնհայտորեն պասիվացել էր, ԲՀԿ-ն՝ ակտիվացել, և երկուսի կեցվածքն էլ տեղավորվում էր ՀՀԿ-ի հետ միասնաբար ասված «այո»-ի տրամաբանության մեջ: Որոշ նախագծերի քննարկման ժամանակ ԲՀԿ-ն, կարծես, մրցակցում էր ՕԵԿ-ի հետ. հարց տալու կամ ելույթ ունենալու համար հերթագրված 1-2 պատգամավորները հենց այս 2 խմբակցություններից էին: Նրանց շնորհիվ տպավորություն էր ստեղծվում, թե կառավարության ներկայացրած նախագծերը խորհրդարանում լրջորեն քննարկվում են:

Խորհրդանիշերը՝ ուշադրության կենտրոնում, իսկ Իշխան Զաքարյանը եկավ ԱԺ ու գնաց

Արտահերթ նստաշրջանի ընթացքում որոշ հարցեր իսկապես լրջորեն քննարկվեցին, թեպետ ներկայացված նախագծերը խորը բովանդակային փոփոխություններ չէին առաջարկում: Օրինակ, ՀՀ զինանշանի և ՀՀ դրոշի մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերով կառավարությանն էր վերապահվում դրանց վերաբերող ստանդարտների, գունային գամաների, տեխնիկական պայմանների սահմանումը, ընդհանուր կոմպոզիցիայի շտկումն ու վերամշակումը: Այս նախագծերի վերաբերյալ հարց տալու ու ելույթ ունենալու համար հերթագրվել էին ավելի քան 2 տասնյակ պատգամավոր, իսկ կառավարությունը դրանց հրատապ քննարկումն ու ընդունումը կարևորել էր այնքան, որ առաջարկել էր նախագծերի 2-րդ քննարկումը անցկացնել առաջինի քվեարկությունից հետո 24 ժամվա ընթացքում: Ուշագրավ է, որ սրանց համեմատ՝ Վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը քննարկվեց կայծակնային արագությամբ՝ հազիվ 1-2 հարց ու ելույթ, ՎՊ 2014թ. հաշվետվության քննարկումը ևս անցավ աննկատ:

Զառան գնաց, Դուք եք հերոսը

Արտահերթ նստաշրջանը սկսվեց ու ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվ մասնակցությամբ: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող նախագծի քննարկման ժամանակ նա ամբիոնից ելույթ ունեցավ ու այնտեղից հեռացավ միայն այն բանից հետո, երբ նիստը վարող Էդվարդ Շարմազանովը ստիպված չնախատեսված 30 րոպե ընդմիջում հայտարարեց: (Ազգային ժողովում ամբիոնը «գրավելու» վերջին դեպքը գրանցվել էր 2002 թվականին՝ ՀԺԿ և «Հանրապետություն» ուժերի պատգամավորների կողմից: Նրանք պահանջում էին քննարկել Ռ. Քոչարյանի հրաժարակաանի հարցը):

Ամբողջ նստաշրջանի ընթացքում, գրեթե բոլոր հարցերի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ելույթներ ունեցավ, բայց դրանցից և ոչ մեկը օրենսդրական նախաձեռնությունների շուրջ չէր: Ակնհայտ էր, որ առանց Զարուհի Փոստանջյանի՝ Էդուարդ Շարմազանովի համար նիստ վարելն ավելի դյուրին էր, ու պատահական չէր, որ նրա բացակայությամբ Շարմազանովը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին ասաց՝ Զառան գնաց, Դուք եք հերոսը: Երիցյանը ներկայացնում էր օրենքի նախագիծ՝ ավանդների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն դրանց՝ եթե բանկը սնանկ է ճանաչվում, ապա 7 օրվա ընթացքում պարտավոր է վերադարձնել քաղաքացիների ավանդները: Այսօր գործող օրենքով՝ սնանկ ճանաչված բանկերը ավանդները վճարում են մեկ տարվա ընթացքում:

Ինչպես ողջ նստաշրջանի սկզբում,այնպես էլ ավարտին, Գալուստ Սահակյանը թույլ չտվեց Զարուհի Փոստանջյանին ավարտել իր խոսքը: Արդեն քվեարկությունների ժամանակ Փոստանջյանը վարման կարգով ձայն խնդրեց և փորձում էր դիմել վարորդներին: Քվեարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Ընդհանուր առմամբ՝ դրանցով առաջարկվում են ճանապարհային երթևեկության ժամանակ գրանցվող խախտումների համար սահմանված պատիժների մեղմացումներ: Մասնավորապես, հաճախ խախտվող ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքները փոխարինվելու են նախազգուշացմամբ: Դրանցից են, օրինակ, հոծ գծերը հատելը, խաչմերուկում հատման գծերը չպահպանելը:

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահը Զարուհի Փոստանջյանին ձայն տվեց, բայց վերջինը դրանից հրաժարվեց: «Դե, ուրեմն, շնորհավոր Նոր տարի»,-եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները