Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Չեմ կարող գնահատել գործունեությունս, բայց խիղճս հանգիստ է

Չեմ կարող գնահատել գործունեությունս, բայց խիղճս հանգիստ է

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթկան զրուցակիցը թիվ 21 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է:

- Պարոն Պետրոսյան, որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները, ի՞նչ է հաջողվել կատարել այդ ուղղությամբ:

- Առաջին հերթին հաջողվել է օրենսդրական խնդիրներ լուծել, հարթել այն «կնճռոտ» օրենքները, որոնք վնաս էին բերում գյուղատնտեսությանը, կոնյակագործությանն ու գինեգործությանը: Ես հիմնականում աշխատել եմ գյուղատնտեսության ոլորտում: Սա մեր տնտեսության ամենամեծ արտահանումն ապահովող ճյուղն է: Դրսից ամենաշատ գումարը գալիս է թե թարմ մթերքների, թե վերամշակված ապրանքների արտահանման արդյունքում, իհարկե, եթե հանքարդյունաբերությունը չենք հաշվում: Այնպես որ՝ ես գյուղատնտեսությունը համարում եմ մեր տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը: Օրենքներ կային, որոնք խոչընդոտում էին ոլորտի գործունեությանը: Օրինակ, նախկինում մարդիկ, ընկերությունները չէին կարողանում ոչ շշալցված գինի վաճառել, ակցիզային հարկ կար, որի պատճառով ամբողջ առևտուրը ստվերային կերպով էր կատարվում: Դա ուղղվեց: Նման շատ այլ օրենքներ էլ կային, որոնք շտկվել են: Ես սա համարում եմ իմ ամենամեծ հաջողություններից մեկը:

- Ձեր ընտանիքը զբաղվում է գինեգործությամբ ու կոնյակագործությամբ: Ստացվում է՝ Դուք խորհրդարանում Ձեր սեփական շահերից բխող օրենսդրական փոփոխություններ եք նախաձեռնում:

- Այդպես չէ: Ես մեկն եմ, իսկ այդ ոլորտում բազմաթիվ ընկերություններ ու ֆերմերներ են գործում: Նրանցից շատերն ունեն շատ ավելի մեծ ծավալներ: Այդ փոփոխությունները նպաստել են ոլորտի զարգացմանը:

- Իսկ Ձեր ընտրատարածքում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:

- Ես աշխատում եմ առավելագույն չափով լուծել գյուղացիների բոլոր այն խնդիրները, որոնք կապված են իրենց հող ու ջրի հետ: Դա իմ պատգամավոր լինելու հետ կապ չունի:

- Փոխվե՞լ են առաջնահերթությունները, որոնք կարևոր էին 4 տարի առաջ, և կարևորում եք այսօր:

- Իհարկե, ոչ: Կոնկրետ գյուղատնտեսության դեպքում անընդհատ ուղղելու, շտկելու, անընդհատ ինչ-որ բան անելու կարիք կա: Եվ ես այդպես շարունակելու եմ:

- Ձեր ամենակարևոր ծրագրային խոստումը, որն այս ընթացքում կատարել եք:

- Ես խոստում չեմ տալիս և չեմ սահմանափակվում, թե այսքանը կանեմ: Որքան հնարավոր է, որքան կարող եմ, անելու եմ: Այսինքն՝ եթե կարողացար ավելին անել, չե՞ս անելու: Ես ինձ լավ եմ զգում, երբ մի գյուղացու կամ գյուղապետի ինչ-որ բան եմ խոստանում և խոստումս կատարում եմ:

- Միգուցե չե՞ք խոստանում, որ հետո ազատ լինեք Ձեր խոստումը կատարելու կամ չկատարելու հարցում:

- Չեմ կարող խոսք չտալ: Մարդիկ խնդիրներ ունեն, և չի եղել դեպք, որ ես մի բան ասեմ ու չանեմ:

- Իսկ կա՞ն խոստումներ որոնք չեք հասցրել իրականացնել կամ ընդհանրապես Դուք Ձեր խոստումները քանի՞ տոկոսն եք կատարել:

- Եթե խոստումներ տվել եմ, կատարել եմ և տոկոս չեմ հաշվել: Խնդիրները շարունակական են, դա կյանք է: Ամեն տարի նոր խնդիրներ են առաջ գալիս: Տեսաք՝ մի տարի կարկուտ եղավ, գյուղացու բերքը ոչնչացավ, բոլորս գումար հավաքեցինք ու որոշակի փոխհատուցում տվեցինք: Ես հո չեմ կարող վեց ամիս առաջ խոստանալ, որ եթե կարկուտ լինի, ես ինչ-որ բան կանեմ:

- Կգնահատե՞ք Ձեր պատգամավորական գործունեության արդյունավետությունը 5 բալանոց սանդղակով:

- Ես չեմ կարող գնահատել իմ գործունեությունը, բայց խիղճս հանգիստ է:

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեության ազդեցություննը ԱԺ-ի վրա:

- Մեծամասնական պատգամավորն ԱԺ-ում ներկայացնում է մի մեծ զանգվածի շահերը, և դա չի կարելի անտեսել: Ես մինչև հիմա ինձ համար ոչ մեկից ոչինչ խնդրած չկամ: Եթե ինչ-որ բան եմ խնդրել, ուրեմն դա արել եմ իմ ընտրատարածքի մարդկանց կարիքները հոգալու, նրանց խնդիրները լուծելու համար:

- Կցանկանայի՞ք շարունակել Ձեր պատգամավորական գործունեությունը հաջորդ խորհրդարանում:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ: Մարդը որտեղ էլ որ աշխատում է, պետք է կարողանա գտնել չշարունակելու ճիշտ ժամանակը, որպեսզի մինչ այդ արածը արժևորված մնա: Դեռ մեկուկես տարի կա, կմտածեմ:

- Դուք՝ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, աշխատեցիք, որ ընդունվի նոր Սահմանադրությունը: Իսկ դրա կարևոր փոփոխություններից մեկն էլ անցումն է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Կարծում եք՝ ճի՞շտ արեցիք, մեծամասնական ընտրակարգն այլևս անհրաժեշտ չէ՞ Հայաստանին:

- Ճիշտն ասած՝ մեծամասնական ընտրակարգը պատգամավորի համար ծանր բեռ է: Չի կարող երկու պատգամավորներից մեկի պարտականությունը մյուսից շատ մեծ լինել: Մեծամասնականինը մեծ է: Նորմալ, բարոյական մարդն իր ընտրողների խնդիրներն իր ուսերի վրա է զգում: Եվ ես իսկապես կողմ եմ, որ մեծամասնական ընտրակարգ չլինի: Երբ նույն բանն անում ես որպես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, քո արածը գնահատվում է, իսկ մեծամասնականը կարծես թե պարտավոր է անել: Եվ այդ պարտավոր բառի պատճառով էլ գտնում եմ, որ մեծամասնականը համամասնականով փոխելը ճիշտ էր:

Քվեարկության պատմություն

Պետրոսյան Ալեքսան Մակարի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Պետրոսյան Ալեքսան «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 911 9 0 44 1 6 1
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները