Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մանվել Բադեյան. Ես պատգամավոր եմ, ոչ թե շրջանի սպոնսորը

Մանվել Բադեյան. Ես պատգամավոր եմ, ոչ թե շրջանի սպոնսորը

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 22 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն է:


-Նշեք Ձեր նախընտրական ծրագրի մի քանի առաջնահերթություններ:


-Իմ նախընտրական ծրագիրը մասն էր ՀՀԿ-ի ծրագրի, և, միաժամանակ, Գեղարքունիքի մարզի որոշ տեղային խնդիրների լուծումներ էր պարունակում: Պետք է ասեմ, որ մեծամասնական և համամասնական ընտրակարգերով ընտրված պատգմավորների գործունեության միջև տարբերություններ գրեթե չկան, որովհետև պատգամավորի գործը օրինաստեղծ աշխատանքն է: Բայց ընտրվելով կոնկրետ ընտրատարածքից՝ մեծամասնականի պատգամավորը պետք է հատուկ ուշադրութուն դարձնի նաև տվյալ տարածքի խնդիրներին: Այս մասը, որպես կանոն, լուծվում է կառավարության հետ շփումների ընթացքում, որովհետև դրանք հատվածային խնդիրներ են:

-Այնուամենայնիվ, Ձեր ծրագրային առաջնահերթություններից մի քանիսը, որոնք լուծվել են, կնշե՞ք:

-Օրինակ, Գավառ քաղաքում, որ դեռ խորհրդային շրջանից ճանապարհների խնդիր է ունեցել, լայն թափով ճանապարհաշինություն է իրականացվում: Նույն Գավառում և գյուղերում դպրոցաշինության աշխատանքներ են կատարվել, ջրատարեր ու տանիքներ վերանորոգվել: Այս ամենի մասին գրվել է իմ նախընտրական ծրագրում, և ես սրանք նշում եմ որպես ՀՀԿ-ի ծրագիր, որին անմասն չեմ եղել նաև ինքս:

-Ձեր անմասն չլինելը ինչպե՞ս է դրսևորվել. ֆինանսական օժանդակությո՞ւն եք ցուցաբերել:

-Ես ֆինանսական օժանդակություն հանդես չեմ բերել: Մեծամասնականով ընտրվածների գործառույթների մեջ անձնական ներդրումներ նախատեսված չեն: Ես պատգամավոր եմ, ոչ թե շրջանի սպոնսորը:

-Ձեր ծրագրային առաջնահերթությունները 2012թ-ից ի վեր փոփոխվե՞լ են թե՞ նույնն են մնացել:

-Իհարկե, փոփոխություններ կան, որովհետև մարդկանց խնդիրները նույնը չեն մնում, ու արագ արձագանքելու կարիք է լինում: Դրա համար էլ ՀՀԿ-ն, ի դեմս կառավարության, ունի հրատապ արձագանքման ֆոնդ, որի միջոցով այդ խնդիրները լուծվում են. չես կարող սպասել, որ հինգ տարին անցնի, ու նոր դրանց անդրադառնաս:

-Ծրագրում նշված և չլուծված խնդիրները շա՞տ են:

-Կան: Դրանք կընդգրկվեն հաջորդ տարիների բյուջեներում: Ես սովորություն չունեմ տարվա բյուջեի վերաբերյալ գրավոր առաջարկնել տալու կամ ամբիոնից ելույթներ ունենալու, բայց ամենօրյա կապի մեջ եմ կառավարության գրեթե բոլոր անդամների հետ:

-Մինչև այժմ Ձեր նախընտրական ծրագիրը քանի՞ տոկոսով է իրականացվել:

-Գրեթե 90 %:

-5 բալանի սանդղակով Ձեր աշխատանքը որքա՞ն կգնահատեք:

-4 բալ:

-Կշարունակե՞ք Ձեր պատգամավորական գործունեությունը հաջորդ գումարման Ազգային ժողովում:

-Դեռ չեմ որոշել:

-Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները կազմում են խորհրդարանի մոտ ¼-րդը: Ինչպե՞ս եք գնահատում այս հատվածի ազդեցությունը խորհրդարանի վրա:

-Իսկ ինչո՞ւ եք նրանց գործունեությունը առանձնացնում: Ես 4 գումարման պատգամավոր եմ, 3 անգամ ընտրվել եմ համամասնական ընտրակարգով և միայն 4-րդը՝ մեծամասնականով: Ոչինչ չի փոխվել. ուղղակի արմատներով Գեղարքունիքից լինելով՝ ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում այդ մարզին:

-Բայց մեծամասնական հատվածը ընդհանուր առմամբ առանձնանում է իր պահվածքով, կրթական մակարդակով, նրանց մեծ մասը գործարարներ են:

-Այդ հատվածի հատուկ ազդեցության կամ վատ լինելու մասին ավելի շատ մամուլն է գրում, քան իրականում կա: Լրատվամիջոցները ուզում են թշնամի գտնել գործարարի, իշխանության, մեծամասնականով ընտրված պատգամավորի մեջ, որ շեղեն ուշադրությունը ամենակարևորից. յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ստեղծի իր բարեկեցությունը:

-Այսինքն, հաջորդ խորհրդարանը, որտեղ չեն լինի մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որակական առումով այսօրվանից ավելի լավը չի՞ լինի:

-Ամեն բան կախված կլինի ժողովրդի ընտրությունից: Ում կընտրի, այդ որակն էլ կստանա: Իսկ ընդհանուր առմամբ՝ տարբեր են լինելու Ազգային ժողովի գործառույթները, պատասխանատվությունը, գործելաոճը:

Քվեարկության պատմություն

Բադեյան Մանվել Հենրիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բադեյան Մանվել «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 526 4 0 123 93 5 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները