Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգրքի քննարկումները սկսված են

Ընտրական օրենսգրքի  քննարկումները սկսված են

Խորհրդարանում սկսվել են քննարկումները Ընտրական օրենսգրքի շուրջ, բայց դրանք առայժմ ընթանում են դռնփակ, և ոչ բոլոր ուժերի մասնակցությամբ: Սահմանադրագետներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը, ովքեր առանցքային մասնակցություն ունեցան Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակելիս, հանդիպել են խորհրդարանական որոշ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ու խոսել Ընտրական օրենսգրքի մի քանի առանցքային կետերի շուրջ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպման առաջարկ դեռ չեն ստացել:

Նոր Ընտրական օրենսգիրքը, համաձայն Սահմանադրության անցումային դրույթների, պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: Այն լինելու է արմատական փոփոխություններ առաջարկող բավական ծավալուն փաստաթուղթ և ամբողջությամբ ընդունվելու համար անցնելու է 3 ընթերցում: Նախագծի վրա մանրամասն և ինչպես հարկն է աշխատելու նկատառումով են մասնագետները հանդիպում պատգամավորների հետ, ու թեպետ դեռ պաշտոնապես հայտարարված չէ, հենց նրանք էլ մշակելու են նոր օրենսգիրքը, որը ներկայացվելու է կառավարության կողմից: Նոր Ընտրական օրենսգիրքը լինելու է Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների գործընթացի կարևոր հանգրվան. մայր օրենքը ամրագրեց անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանականի, Ընտրական օրենսգիրքը ամրագրելու է այդ համակարգի մանրամասները. այս փուլում ընթացող փակ խորհրդակցություններում դեռ ճշտվում են մոտեցումները հիմնական նորությունների շուրջ. ի՞նչ եղանակով է իրացվելու համամասնական ընտրակարգը(խոսվում է առավելապես ռեյտինգայինի մասին) և ինչպե՞ս է ձևավորվելու կայուն մեծամասնությունը:

ԲՀԿ-ում աշխատում են փորձագետները

Առաջիկա 10 օրերի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փորձագետները խմբակցությանը կներկայացնեն առաջարկություններ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Դրանք, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք է ծառայեն 1 նպատակի՝ նվազեցնել ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունը: ԲՀԿ-ն պատրաստվում է ակտիվորեն մասնակցել նախագծի քննարկումներին և խմբակցության ղեկավարի խոսքով՝ «պատրաստ է լինել պատասխանատու»:

ԲՀԿ-ն սահմանադրագետների հետ հանդիպման ժամանակ խոսել է ընդդիմության լիազորություններից, կարևորել գործընթացի թափանցիկությունը, կոալիցիա կազմելու մեխանիզմների հստակեցումը: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ իշխանությունն ուզում է ընտրական համակարգը բարեփոխել, մնում է, որ ունենա նաև այդ ցանկությունը իրականացնելու մտադրություն:

ՀՅԴ-ն լիահույս է

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ նոր Ընտրական օրենսգրքով անցկացվող ընտրությունների արդյունքում ձևավորվելու է նոր որակի խորհրդարան: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա ասել էր, թե իդեալիստ չէ, որ մտածի՝ կատարյալ օրենսգիրք է գրվելու, բայց կա ընտրական համակարգը բարեփոխելու շանս: ՀՅԴ-ն լավատեսորեն է տրամադրված այս գործընթացի նկատմամբ, քանի որ հանրապետության նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ցանկացած հարց, որը կնպաստի առկա խնդիրների լուծմանը, իսկ հարցը, որը կարևորել են Դաշնակցության ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի և Վարդան Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում, վերաբերել է ընտրությունների առաջին փուլում հաղթած ուժին բոնուս տալու, կոալիցիա կազմող ուժերի թիվը սահմանափակելու հարցերին:

«Ժառանգությունը» դեմ է, ՀԱԿ-ը դեռ չի որոշել

Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության միակ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Ընտրական օրենսգրքի որևէ քննարկման մասնակցելու առաջարկություն դեռ չի ստացել, բայց եթե ստանա էլ, կմերժի ու չի մասնակցի: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս կտրուկ դեմ է արտահայտվել քննարկումներին մասնակցելու հնարավորությանը՝ պատճառաբանությամբ, որ իշխանությունը, միևնույն է, անցկացնելու է իր ուզած տարբերակը: Քննարկումներին մասնակցելու հրապարակային առաջարկություն չի ստացել նաև ՀԱԿ-ը, բայց ի տարբերություն «Ժառանգության», Կոնգրեսը չի շտապում վերջնական դիրքորոշում հայտնել, քանի որ նախագիծը դեռ պատրաստ չէ:

Փոխարենը ՀԱԿ-ը հրապարակել է ԸՕ-ին վերաբերող 7 պահանջներ, որոնք, ըստ Արամ Մանուկյանի, իշխանություններին կզրկեն կեղծիքներ կատարելու հնարավորությունից: Մասնավորապես, պահանջում են բնակչության ռեգիստորից առանձնացնել ընտրողների ռեգիստորը, ապահովել ստորագրացուցակների հասանելիությունը, ընտրատեղամասերում տեսանկարահանում իրականացնել և այլն: Խնդիրները չլուծելը, ըստ ՀԱԿ-ի, կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հեռանկարից:

Հայտարարությունը հրապարակելուց հետո ՀԱԿ-ն սպասում է իշխանության արձագանքին: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Ցանկալի կլինի, որ իշխանությունները ասեն, որ իրենք պատրաստ են մեզ հետ բանակցել առաջիկա օրենսդրության անցկացման համար»: ՀՀԿ-ից արձագանքել է Վահրամ Բաղդասարյանը. «Եթե նրանք հիմնավորեն, որ իրենց առաջարկությունները ավելի լավն են, հնարավոր է, ընդունեն, բայց եթե իմպերատիվ ձևով հայտարարում են՝ սա է և վերջ, ուրեմն, չեն ցանկանում մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցել և տեսնել դրականը»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները