Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մնացական Մնացականյան. Երբևէ ընտրողին չեմ խոստացել իմ անձնական միջոցներով խնդիր լուծել

Մնացական Մնացականյան. Երբևէ ընտրողին չեմ խոստացել իմ անձնական միջոցներով  խնդիր  լուծել

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 15 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանն է:

-Որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները:

-Ես հիմնականում կարևորել եմ համայնքների զարգացման հետ կապված օրենսդրական փոփոխությունները, իսկ ընտրողների հետ մեր հանդիպումների ժամանակ քննարկվել է առավելապես համայնքային ճանապարհների հարցը: Այս տարիներին էլ փորձել ենք իրականություն դարձնել ծրագրային այս կարևորությունները:

-Ինչպե՞ս:

-Կառավարության միջոցներով տարբեր ծրագրեր են կատարվել: Ես, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, մասնակից եմ եղել այդ ամենին: Վերանորոգվել է Արմավիր-Գյումրի ճանապարհի մոտ 26 կմ հատվածը: Այս տարի էլ ավարտվեց Թալին-Քարակետ ճանապահի մի հատվածի՝ 11 կմ-ի վերանորոգումը:

-Ընդհանուր առմամբ՝ Ձեր նախընտրական ծրագիրը քանի՞ տոկոսով եք իրականացված համարում:

-Ծրագրի իրականացումը մի քիչ բարդ հարց է: Մեծամասնական պատգամավորը առանձին բյուջե չունի, աշխատանքները հիմնականում մեր տարածքներում իրականացվում են կառավարության հետ համագործակցության միջոցով:

-Ըստ Ձեզ՝ նախընտրական շրջանում տրված ծրագրերի իրականացումը ընտրողը ո՞ւմից է ակնկալում՝ կոնկրետ թեկնածուից թե կառավարությունից:

-Ես երբևէ ընտրողին չեմ խոստացել, թե իմ անձնական միջոցներով ինչ-որ խնդիրներ եմ լուծելու: Ես եղել եմ ՀՀԿ-ի թեկնածուն, և ինչ իրականացվել է, իրականացվել է կառավարության հետ միասին: Հանդիպումների ժամանակ ես համայնքապետերին խնդրել եմ ներկայացնել իրենց խնդիրները, որպեսզի ես էլ դրանք փոխանցեմ կառավարությանը: Խնդիր է եղել նաև գազաֆիկացումը, ու այդ ուղղությամբ բավական շատ աշխատանք է կատարվել: Այսինքն, խոսել ընտրատարածքում արված աշխատանքի մասին՝ նշանակում է խոսել կառավարության կատարած աշխատանքի մասին:

-Այնուամենայնիվ, կգնահատեք Ձեր գործունեությունը 5 բալանի սանդղակով:

-Գնահատականը պետք է տա ընտրողը: Ես վերամբարձ բաներ չեմ ուզում ասել: Ընտրողին էլ ոչ մի վերամբարձ խոստում չեմ տվել: Ասել եմ՝ կա՞ն կառավարությանը հասցնելու, քննարկելու խնդիրներ, ըստ բյուջեի հնարավորությունների կքննարկենք: Ես միշտ պատրաստ եմ եղել ու արձագանքել եմ ընտրատարածքից եղած ցանկացած ահազանգի ու ոչ մի անգամ չեմ խուսափել հարցը տեղ հասցնել: Փորձել եմ իմ հնարավորությունների շրջանակում լուծումներ տալ:

-Կուզեի՞ք շարունակել Ձեր գործունեությունը հաջորդ գումարման Ազգային ժողովում:

-Իհարկե: Ինձ համար հաճելի է աշխատել այն տարածաշրջանի ժողովրդի հետ, որտեղ ես ծնվել եմ: Բայց քանի դեռ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունված չէ, վաղ է խոսելը: Տեսնենք, թե մարզերի ներկայացվածության հարցը ինչպես է լուծվելու: Կարծում եմ, որ այդ հնարավորությունը օրենքով պետք է ամրագրվի:

-Եթե պատգամավոր դառնաք համամասնական ընտրակարգով, կուսակցության ցուցակով, սա կսահմանափակի՞ Ձեր գործունեության հնարավորությունները, թե՞ հակառակը:

-Չեմ կարծում, թե կսահմանափակի: Եթե քաղաքական ուժի ներկայացուցիչ ես, լինես մեծամասնական թե համամասնական, խնդիրների լուծման մեկ խողովակ կա՝ կառավարությունը և բյուջեի միջոցները: Ես չեմ ընդունում, երբ խնդիրների լուծումը անձնավորված է ներկայացվում, երբ պետական միջոցներով հարցեր են լուծում ու ներկայացնում որպես սեփական: Չլինի մեծամասնականը, մարդիկ հնարավորություն չեն ունենա անհատապես առաջադրվելու, բայց մյուս կողմից, եթե լինում է ամբողջությամբ համամասնական ընտրակարգ, ու առաջադրումները արվում են միայն կուսակցություններով, լավն այն է, որ կուսակցությունն էլ պատասխան կտա իր ցուցակում ընդգրկվածների համար:

-Իսկ ինչո՞ւ կուսակցությունը ցուցակով խորհրդարան եկածների համար այսօր պատասխանատվություն չի կրում: Առաքել Մովսիսյանն, օրինակ, ընտրվել է համամանսական ընտրակարգով, բայց ՀՀԿ-ն նրա պահվածքի համար որևէ կերպ պատասխանատվություն չի դրսևորել:

-Ես չեմ ուզում անձնավորել, ու պետք չէ մտածել, որ հենց անցնենք խորհրդարանական ընտրակարգի, ամեն ինչ լինելու է իդեալական: Ավելի ուշ, սակայն, գալու է ժամանակ, որ կուսակցությունները փորձելու են իրենց ցուցակներում ներառել առավել ներկայանալի մարդկանց:

-Դարձյալ խորհրդարանում չհայտնվելու դեպքում չարված ո՞ր գործի համար կափսոսաք:

-Նման շատ գործեր կան: Կափսոսամ, որ բյուջեի սղության պատճառով չկարողացանք համայնքային ճանապարհների խնդիրը լուծել: Համայնքների խոշորացման խնդիրն էլ կա: Կուզեի, որ այդ խոշորացումը ընդգրկեր առավել մեծ թվով հայնքներ, ես նախկին շրջանային մոդելի կողմնակից եմ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները