Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կ. Պողոսյան. Կցանկանայի, որ մեծամասնական ընտրակարգը չվերանար

Կ. Պողոսյան. Կցանկանայի, որ մեծամասնական ընտրակարգը չվերանար

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 17 ընտրատարածքից ընտրված  Կարինե Պողոսյանն է:

- Տիկին Պողոսյան, որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները, և ի՞նչ է հաջողվել անել այդ ուղղոթյամբ։

- Ծրագրային առաջնահերթությունները շատ են եղել, հիմնականում վերաբերել են սոցիալ-տնտեսական խնդիրներին, մարդկանց կենցաղային պայմաններին։ Այս ընթացքում փորձել եմ իմ ծրագրում ընդգրկված բոլոր խնդիրները հնարավորինս լուծել, բայց կան նաև դեռևս չլուծվածները, որոնք պատրաստվում ենք առաջիկայում իրականացնել։

- Կհիշե՞ք, թե այս ընթացքում ինչ խնդիր է լուծվել կամ ո՞ր խնդիրները դեռ չեն լուծվել։

- Անկեղծ ասած՝ ես շռայլ խոստումներ չեմ տվել: Փորձել եմ անկեղծ լինել իմ ընտրողների հետ և ասել եմ, որ հաստատ իմ համեստ ներդրումը կունենամ, իրենց հետ կլինեմ և կկիսեմ իրենց հոգսերը։ Իսկ ամենամեծ աշխատանքը, որ իրականացրել եմ, 2015թ․բյուջեի միջոցներով Արտաշատ քաղաքում մեծ փողոցի 120 միլիոն դրամ արժողությամբ ասֆալտապտումն էր: Ես՝ որպես պատգամավոր, նախապես առաջարկություն էի արել, որն ընդունվել էր կառավարության կողմից, և աշխատանքն արդեն ավատվել է։

- Արդյոք դա պայմանավորված չի՞ եղել Հովիկ Աբրահամյանի՝ այդ տարածաշրջանից լինելու, Ձեզ հետ ազգակցական կապեր ունենալու հանգամանքով:

- Ոչ, դա նշանակություն չունի: Արտաշատը Հայաստանի մի մասն է, իսկ այդ խնդիրը կարևոր էր:

- Իսկ այս տարիների ընթացքում Ձեր ընտրատարածքի առաջնահերթությունները փոխվե՞լ են ։

- Այո, տարիների ընթացքում առաջնահերթությունները փոխվում են։ Մի տարի ընտրողները առաջ են քաշում կրթական հարցեր, օրինակ, դպրոցների լաբորատոր վերազինման խնդիրը: Հաջորդ տարի՝ մանկապարտեզների շինարարության, վերակառուցման հարցը, դարձյալ ասֆալտապատման աշխատանքներ, քանի որ դա լուրջ խնդիր է մեզ մոտ։ Շատ լուրջ է նաև մարդկանց աշխատանքով ապահովելու հարցը։

- Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենակարևոր ծրագրային խոստումը, որ կատարել եք պատգամավոր լինելու ընթացքում:

- Այս ընթացքում ես փորձել եմ հնարավորինս օգնել դպրոցներին, վերազինել լաբորատոր դասասենյակները: Օգնել եմ, որ իմ տարածքի բոլոր դպրոցների աշխարհագրության դասասենյակները հայերեն գլոբուսներով ապահովված լինեն։ Արդեն նշեցի ասֆալտապատումը, նաև ուսանողների վարձավճարների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լուծվել։

- Վարձավճարների գումարը որտեղի՞ց եք տրամադրել։ Դուք ունե՞ք այդքան միջոցներ:

- Հանրապետական կուսակցության Երիտասարդական հիմնադրամն ունի աջակցելու, զեղչեր տրամադրելու հնարավորություն, և փորձել եմ առաջին կուրսի կարիքավոր ուսանողների համար օգտվել այդ հնարավորությունից։ Եղել են նաև հովանավորներ, բարերարներ, մարզպետարանները, քաղաքապետերն են օգնել։ Այսինքն՝ ես իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ հիմնականում կրթական խնդիրների վրա։

- Իսկ կա՞ն խոստումներ, որոնք չի հաջողվել իրականացնել։

- Նորից հիշեցնեմ, որ խոստումներ չեմ շռայլել, բայց դեռ կան խնդիրներ, որոնք առաջիկա մեկուկես տարում պետք է փորձեմ կյանքի կոչել։ 2016թ․ բյուջեով Արտաշատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման առաջարկն ընդունվել է: Ընդունվել է ևս մի մեծ փողոցի՝ Շահումյանի վերանորոգման առաջարկը, և այս տարի կասֆալտապատվի։

- Գնահատեք Ձեր գործունեության արդյունավետությունը 5 բալանի սանդղակով։

- Ես չեմ կարող գնահատել, համոզված եմ, որ ինձ կգնահատեն իմ ընտրողները։

- Կգնահատե՞ք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի գործունեության ազդեցությունը Ազգային ժողովի վրա։

- Ես տարբերակված ազդեցություն չեմ տեսնում, որովհետև եթե մարդ պարտաճանաչ է իր աշխատանքում, ինչ նշանակություն ունի՝ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով է ընտրվել։ Ես միայն զգում եմ, որ շատ հասանելի եմ իմ ընտրողներին, յուրաքանչյուր ուրբաթ հանդիպում եմ նրանց հետ, լսում եմ նրանց խնդիրներն ու փորձում դրանց հնարավորինս լուծում տալ։

- Իսկ կցանկանայի՞ք հաջորդ խորհրդարանում էլ պատգամավոր լինել։

- Աստծուց առաջ չընկնենք. իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես առաջիկայում մեր աշխատանքը ցույց կտա։

- Դուք ամեն ուրբաթ հանդիպում եք ձեր ընտրողների հետ, լսում եք նրանց խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել: Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը դա չի անում։ Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգի կարիքը կա՞։

- Ես կցանկանայի, որ մեծամասնական ընտրակարգը չվերանար, քանի որ երկուստեք աշխատանքն ավելի արդյունավետ է ստացվում։ Հիմա չեմ պատկարացնում, թե ինչպես կլինի։ Այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն ավելի հասանելի է իր ընտրողներին։

Քվեարկության պատմություն

Պողոսյան Կարինե Համլետի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Պողոսյան Կարինե «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 912 9 1 8 35 36 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները