Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հերթական նստաշրջան՝ խիտ օրակարգով

Հերթական նստաշրջան՝ խիտ օրակարգով

Փետրվարի 1-ին կմեկնարկի Ազգային ժողովի 9-րդ՝ գարնանային նստաշրջանը: Այն քաղաքական ու օրենսդրական լարված ընթացք է ունենալու: Նստաշրջանի քաղաքական ինտրիգը կապվում է հնարավոր վերադասավորումների, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման հեռանկարի հետ: Այն, որ քաղաքական այս ուժերի համագործակցությունն ավելի սերտ է դառնալու, ենթադրելի էր դեռևս 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո, բայց թե ինչպիսին է լինելու համագործակցության ձևաչափը, պարզ կդառնա առաջիկայում:

Քաղաքական վերադասավորումներին զուգահեռ խորհրդարանին լարված օրենսդրական աշխատանք է սպասվում: Նոր Սահմանադրությունը ենթադրում է գրեթե ամբողջ օրենսդրության վերանայում, օրենքների համապատասխանեցում սահմանադրական նոր դրույթներին: Նստաշրջանի գերխնդիրը, սակայն, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է. Սահմանադրությունը պահանջում է, որ այն ընդունված լինի մինչև 2016թ. հունիսի 1-ը:

Նոր Սահմանադրություն, նոր օրենսգիրք

Ընտրական օրենսգիրքը գրեթե ամբողջությամբ պետք է փոփոխվի ու համապատասխանեցվի նոր՝ խորհրդարանական կառավարում, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ամրագրող Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը, սակայն, խորհրդարանում չի մշակվում: Այդ նպատակով կառավարությունում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծվել է ոչ պաշտոնական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Խմբում որևէ պատգամավոր ընդգրկված չէ: Հ.Թովմասյանի ներկայացմամբ՝ նախագիծը դեռ մշակվում է: Այն, ամենայն հավանականությամբ, ԱԺ կներկայացվի առաջիկա քառօրյայից հետո: Ենթադրվում է, որ մինչև նիստերի դահլիճ հասնելը նախագիծը կքննարկվի խմբակցություններում, հանձնաժողովներում: Նախատեսվում է նաև խորհրդարանական լսումներ հրավիրվել:

Իշխանությունները խոստանում են այնպիսի փաստաթուղթ ներկայացնել , որը բեկում կմտցնի Հայաստանի ընտրական համակարգում, նվազագույնի կհասցնի ընտրակեղծիքների հնարավորությունը: Աշխատանքային խմբի անդամները չեն բացառում էլեկտրոնային քվեարկության ներդրման տարբերակը, ինչն, ըստ նրանց, կվերացնի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու անհրաժեշտությունը:

Նոր օմբուդսմենի ընտրությանն ընդառաջ

Հունվարի 29-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց « ԱԺ 5-րդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություններ առաջարկող նախագիծը: Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ՄԻՊ հրաժարականից հետո: Խորհրդարանը պետք է նոր օմբուդսմեն ընտրի, գործող կանոնակարգումները, սակայն, հակասում են նոր Սահմանադրության դրույթներին:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» գործող օրենքով, մասնավորապես, սահմանվում է, որ օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավունքը պատգամավորների 1/5-ինն է, իսկ նոր Սահմանադրության համապատասխան հոդվածն ամրագրում է, որ թեկնածու պետք է առաջադրի ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը: Ու քանի որ նոր Սահմանադրության՝ Պաշտպանին վերաբերող գլուխն արդեն ուժի մեջ է, նշանակում է, որ խորհրդարանը պետք է առաջնորդվի նոր կարգավորումներով:

Որոշման նախագծով առաջարկվում է ՄԻ պաշտպանի առաջադրման իրավունքը վերապահել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Հեղինակները (ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ միասին այս նախագծի համահեղինակներն են ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը) համոզված են, որ իրավասու հանձնաժողովը պետաիրավականն է, քանի որ խոսքը սահմանադրական մարմնի մասին է:

Հանձնաժողովի անդամներից Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Պաշտպանի թեկնածուի առաջադրումը պետաիրավականի իրավունքը չէ, բայց տրվում է հենց այս հանձնաժողովին, որովհետև այստեղ ՀՀԿ-ականները մեծամասնություն են՝ ի տարբերություն մարդու իրավունքների հանձնաժողովի: Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀՀԿ-ն իսկապես փոքրամասնություն է՝ 11-ից ընդամենը 3-ը, պետաիրավականում հանրապետական են 12-ից 6-ը: Առաջարկվող փոփոխությամբ՝ Պաշտպանի թեկնածու կարող է առաջադրել հանձնաժողովի անդամների 1/3-ը:

ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները վերանայելու մասին որոշման նախագիծն ամենայն հավանականությամբ կքննարկվի փետրվարի 1-ին մեկնարկող նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում:

2016-ի մեկնարկը՝ խոշոր վարկերով

Նույն օրը ԱԺ արտաքին հարցերի մշտական հարցերի հանձնաժողովը քննարկել է դեռևս անցած տարի կնքված 2 վարկային համաձայնագիր ու դրանց դրական եզրակացություն տվել: Փաստաթղթերից մեկի համաձայն ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 190 կմ ճանապարհ բարեկարգելու համար 25 տարի մարման ժամկետով 40 մլն դոլար վարկ է վերցնում: Մյուս՝ 112 մլն դոլար արժողությամբ վարկը տալու է Ասիական զարգացման բանկը «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» երկրորդ մասը ֆինանսավորելու համար:

Քննարկվել և դրական եզրակացություն են ստացել Եվրասիական տնտեսական միությանն առնչվող երկու պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Դրանցից մեկով առաջարկվում է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով: Ինչպես նաև՝ «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունը» բառերը փոխարինել «Եվրասիական զարգացման բանկը» բառերով: Մյուսով առաջարկում է վերը նշված նպատակի համար որոշ լրացուցիչ փոփոխություններ իրականացնել:

Ընդհանուր առմամբ ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում 164 հարց և 41 միջազգային պայմանագիր է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները