Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նորը՝ նոր նստաշրջանում

Նորը՝ նոր նստաշրջանում

Փետրվարի 1-ին մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանը: Առանցքային օրենքը, որը ընդունվելու է այս նստաշրջանի ընթացքում, նոր Ընտրական օրենսգիրքն է: Իսկ նստաշրջանի առաջին քառօրյայի սպասված քննարկումը Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության շուրջ է լինելու: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, հայտարարեց Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին, բայց հարցը, որի մասին պատգամավորները սկսեցին խոսել դրանից հետո, կապ չուներ ոչ օրակարգի, ոչ նոր Պաշտպանի ընտրության հետ:

ԵԽԽՎ-ից մինչև Հայաստանի Ազգային ժողով

Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը հազիվ մեկնարկած՝ պարզվեց, որ մեր պատգամավորները, ԱԺ նախագահի գլխավորությամբ, դեռ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի տպավորության տակ են: Գալուստ Սահակյանը հարկ համարեց մի ծավալուն ելույթ ունենալ Ստրասբուրգում քննարկված բանաձևերի մասին ու բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտության դերակատարումը: Ասաց, թե ԵԽԽՎ-ում գրանցված արդյունքները ցույց տվեցին, որ մենք կարող ենք խորամտորեն գործել, և որ իր խոսքը վերաբերում է և խորհրդարանից դուրս գործ կատարածներին, և պատվիրակության անդամներին:

Բայց պատվիրակության անդամներից առնվազն մեկը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նրա հետ համաձայն չէր: Նա ասաց, որ առաջին անգամ ԵԽԽՎ-ում ընդունվեց բանաձև, որտեղ Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է որպես գրավյալ տարածք: Զուրաբյանի հետ համաձայն չէին ու այդ մասին արտահայտվեցին պատվիրակության ՀՀԿ-ական անդամները: Այդքանից հետո ակնհայտ էր, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունները վերլուծելու համար լսումներ կազմակերպելու մասին առաջարկը նույնիսկ քննարկման չարժանացավ մեծամասնության կողմից: Զուրաբյանի ելույթից ԱԺ նախագահը տարակուսել էր. «Մեկը՝ Դուք, բավականին լավ մասնակցել եք այդ գործընթացին, ինչո՞ւմն է բանը»:

Ծանոթ՝ նախագիծ քննարկելու համար

Օրակարգի հաստատման ժամանակ բարձրացված հարցը, որ վերաբերում էր օրակարգի հաստատմանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանինն էր: 2012 թվականից ի վեր նա 15 օրենսդրական նախաձեռնություն է հեղինակել, դրանք ընդգրկվել են օրակարգ, բայց ոչ մեկը չի քննարկվել: Պատգամավորը ուզում էր իմանալ, թե ինչու. «Դուրս է գալիս, որ օրենքի նախագիծ ներկայացնելու յուրաքանչյուր պատգամավորի սահմանադրական իրավունքը պատրանքային է, չի իրացվում»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ տպավորություն է, թե նախագծերը ծանոթի միջոցով են քննարկման առարկա դառնում:

«Ուրեմն, ծանոթ ճարեք»,-որպես կատակ պատասխանեց ԱԺ նախագահը, իսկ ավելի լուրջ՝ պատգամավորին խորհուրդ տվեց ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների մշակմանը ու լուծում առաջարկել՝ օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը քննարկել հասցնելու համար: ԱԺ նախագահը ինքն էլ մի լուծման տարբերակ առաջարկեց, բայց դրան հազիվ թե պատգամավորները կողմ լինեն. ասաց՝ կարելի է կանոնակարգում ամրագրել, որ աշխատելու ենք մինչև օրակարգի բոլոր հարցերը սպառվեն:

Գնացածի հետևից՝ միայն լավը

Փոփոխվող «ԱԺ կանոնակարգ» օրենքը կարգավորումներ կբովանդակի նաև Պաշտպանի առաջադրման ու ընտրության վերաբերյալ, բայց քանի որ այն դեռ չկա, իսկ առավելապես՝ պայմանավորված նրանով, որ արդեն ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխը, ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորները հանդես է եկել իրավիճակային մի լուծմամբ: Դրա անհրաժեշտությունը առաջացել է Կարեն Անդրեասյանի՝ Պաշտպանի պաշտոնից հրաժարվելուց հետո:

Նոր Պաշտպանին, համաձայն նոր Սահմանադրության, պետք է առաջադրի իրավասու հանձնաժողովը: Պատգամավորները առաջարկում էին որպես իրավասու հանձնաժողով՝ Պաշտպանի թեկնածու առաջադրելու իրավասությունը տալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Պետաիրավական հանձնաժողովը այս նախաձեռնությանը դրական եզրակացություն էր տվել, բայց վերջնականապես որոշված չէր հարցը, թե հանձնաժողովի քանի անդամը կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ: Նախնական տարբերակում ներկայացված էր 1/5-ը, իսկ լիագումար նիստում հանձնաժողովի նախագահը հայտարարեց, թե իրենք դեմ չեն լինի նաև, եթե Պաշտպանի թեկնածուն առաջադրվի ոչ թե 1/5-ի, այլ 1/3-ի կողմից:

Սա, սակայն, ըստ որոշ պատգամավորների՝ նշանակում է, որ առաջադրվելու է միայն մեկ թեկնածու, և չի լինելու մրցակցություն: Հնչեց առաջարկ, որ թեկնածուներ մշտական հանձնաժողովներին ներկայացնեն խմբակցությունները, ու, ինչպես և սպասվում էր, բոլոր ելույթ ունեցողները, ՀՀԿ-ականներից բացի, անդրադարձան նախորդ Պաշտպանի հրաժարականին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքը: Ռուբիկ Հակոբյանը զարմացած էր, թե ինչու այդ ելույթները չհնչեցին 2 ամիս առաջ, երբ Կարեն Անդրեասյանը խորհրդարանում ներկայացնում էր իր տարեկան զեկույցը և, իսկապես, պաշտպանության կարիք ուներ: Նրա դիտարկմամբ՝ հետահայաց պաշտպանությունը ընդամենը իրավիճակի շահարկում է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները