Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախընտրակա՞ն, թե՞ մոդայիկ վարկեր

Նախընտրակա՞ն, թե՞ մոդայիկ վարկեր

2016թ. գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան Ազգային ժողովը սկսեց երկու խոշոր վարկային համաձայնագրերի քննարկումով: Դրանցից առաջինով ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից նախատեսում է ստանալ 112,9 միլիոն դոլար «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում: Երկրորդ վարկը՝ 40 մլն դոլար, տրամադրում է Համաշխարհային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային բարելավման լրացուցիչ ծրագրի» իրականացման համար: Վարկային 2 համաձայնագրերն էլ ստորագրվել են 2015թ.տարեվերջին:

Փետրվարի 1-ին մեկնարկած քառօրյայի ընթացքում խորհրդարանը ձայների 78 կողմ, 20 դեմ, 12 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց առաջին համաձայնագիրը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Մյուս խմբակցությունները դեմ էին կամ ձեռնպահ: Երկրորդ համաձայնագիրը քննարկվեց, բայց չքվեարկեց. քվեարկությունը կկայանա հաջորդ՝ փետրվարի 22-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում:

153 միլիոն դոլար ՝ 1 քառօրյայի ընթացքում

Վարկային երկու ծրագրերն էլ վերաբերում են ճանապարհների շինարարության կամ բարեկարգման նպատակին: Ասիական զարգացման բանկից ստացված միջոցները կառավարությունը նախատեսում է ուղղել Երևանում տրանսպորտային ցանցի և ենթակառուցվածքների բարելավմանը: Ծրագրի համար անհրաժեշտ 150 մլն դոլարից 112.9 դոլարը կտրամադրի Ասիական զարգացման բանկը, մնացածը կհամաֆինանսավորի ՀՀ կառավարությունը: Վարկը տրամադրվում է 22 տարի մարման ժամկետով, 1,4% տոկոսադրույքով: Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2020թ.:

Երկրորդ վարկը՝ 40 մլն դոլարը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը տրամադրում է 25 տարի մարման ժամկետով: Ծրագրի նպատակը կենսական նշանակության ճանապարհները բարեկարգելն է, գյուղական համայնքներն ընդհանուր ճանապարհային ցանցի միջոցով մայրուղիներին, հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին կապելը: Ծրագիրը շարունակական է և մեկնարկել է 2013թ.: Այս փուլում նախատեսվում է վերակառուցել 190 կմ ճանապարհ:

Փող եք լվանո՞ւմ, թե՞ նախընտրական ծրարգրեր իրականացնում

Վարկային համաձայնագրերի քննարկումը խորհրդարանում բուռն ընթացք ունեցավ. քննարկման առարկան կառավարության ՝ «ամեն ինչի համար» վարկ վերցնելու գործելաոճն էր, վարկային ծրագրերի արդյունավետությունը, միջոցների ծախսման թափանցիկությունը:

«Փող վերցնելը Հայաստանի համար մոդայիկ է դարձել»,- հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն վարկեր է վերցնում ոչ թե ճանապարհաշինության, այլ՝ ճանապարհների վերանորոգման համար, մինչդեռ արդյունքները տեսանելի չեն: «Սա անհասկանալի է: Միլիոնավոր դոլարների վարկեր ենք բերում, բայց դրանից օգուտ չկա: Ի՞նչ է՝փո՞ղ ենք լվանում, թե՞ մի քանի հոգու երկու-երեք տարով աշխատանք ապահովում»,- տարակուսեց Հ. Բիշարյանը՝ ավելացնելով, որ ՕԵԿ-ը «ձեռնպահ» է քվեարկելու:

«Որևէ մեկը չի ասում, որ այս կամ այն մարզում ճանապարհ կառուցելը վատ բան է: Մենք ունենք ճանապարհներ, որոնք ողբալի վիճակում են, բայց երկիրն այնպիսի վիճակում է, որ ստիպված ենք հաշվել ցանկացած դրամ», - իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ շեշտելով, որ խնդիրը ոչ թե վարկերն են, այլ դրանց օգտագործման արդյունավետությունը:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը դժգոհեց ՎԶԵԲ-ի վարկային քաղաքականությունից: «Կարծում եմ՝ նրանք արդեն բացահայտորեն խրախուսում են կոռուպցիան ամենուրեք, նրանց վարկավորման մեխանիզմները թույլ են, անպիտան: Եվ ես Երևանում գտնվող եվրոպական դեսպանների ուշադրությունն եմ հրավիրում դրա վրա»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Նիկոլ Փաշինյանը, կարծում է, որ իշխանությունները «նախընտրական» վարկ են վերցնում: Պատգամավորը հիշեցնում է՝ 2016-ը նախընտրական տարի է: «Ձեր ասած ծրագրերը՝ ասֆալտապատում և այլն, ընտրությունների ժամանակ են անում ու ասում՝ ժողովուրդ ջան, տեսեք, ՀՀԿ-ն ինչ լավ բաներ է անում»,- ասաց պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշում է, որ վարկերի նկատմամբ «յուրահատուկ» վերաբերմունք ունի՝ հասկանում է, որ դրանց կարիքը կա, բայց և այդ անհրաժեշտությունը փաստող հաշվարկների, հիմնավորումների կարիք է տեսնում: «Նկարագրվում են միայն դրական փոփոխությունները, բայց եկեք արդյունավետության թվեր ներկայացրեք, որ հասկանալի լինի»,- կառավարությանը հորդորեց պատգամավորը:

ԱԺ Հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում հասկանալի համարեց վարկերի նկատմամբ պատգամավորների բացասական վերաբերմունքը: «Պարզ է, որովհետև որևէ մեկին հաճելի չէ բեռի ավելացումը: Իշխանությունը կիսում է այս մտահոգությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է որևէ բան չձեռնարկել ու ձեռքերը ծալած նստել»:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ աշխարհում վարկերով մեծ ծրագրեր են իրականացվում, պարզապես անհրաժեշտ է, որ կառավարությունն ու խորհրդարանն իրենց վերահսկողական լծակներով անընդհատ ուշադրության կենտրոնում պահեն դրանք, ստեղծեն այնպիսի միջավայր, որ ծրագրերը լավագույնս իրագործվեն:

Նշենք, որ միայն 2015թ. ՀՀ կառավարությունը 15 վարկային համաձայնագիր է ստորագրել՝ 1 միլիարդ դոլարը գերազանցող ընդհանուր գումարով: Համաձայնագրերից մի քանիսը ԱԺ-ն դեռ չի վավերացրել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները