Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ

2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են Վերահսկիչ պալատի լիազորությունները, նշանակությունն ու կարգավիճակը: Մայր օրենքի 13-րդ գլխի համաձայն՝ այն այսուհետ պետք է կոչվի Հաշվեքննիչ պալատ: Նախկին Սահմանադրությունն ամրագրում էր, որ Վերահսկիչ պալատն «անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ»: Նոր Սահմանադրության 198-րդ հոդվածի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ»:

Եթե ՎՊ տարեկան ծրագիրը նախկին Սահմանադրությամբ հաստատում էր Ազգային ժողովը, ապա նորով Հաշվեքննիչ պալատն ինքն է որոշելու և հաստատելու իր գործունեության ծրագիրը: ՎՊ-ն տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ ԱԺ է ներկայացնում իր վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը, ՀՊ-ն ԱԺ է ներկայացնելու տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ, պետական բյուջեի կատարման մասին եզրակացություն, իսկ օրենքով սահմանված հատուկ դեպքերում` նաև ընթացիկ եզրակացություններ:

Փոխվել է նաև կառույցի ղեկավարի նշանակման կարգը: Նախկին Սահմանադրությամբ ՎՊ նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ ԱԺ-ի կողմից, նորով սահմանվում է, որ ՀՊ նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Երկու դեպքում էլ սահմանված է պաշտոնավարման 6 տարի ժամկետ:

Սահմանադրականից օրենսդրական

Սահմանադրական այս փոփոխություններին պետք է հաջորդի համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը պետք է փոխարինվի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով:
Օրենսդրական այդ փոփոխությունն իրականացնելու համար ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև ՎՊ, կառավարության ու ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Խմբին փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը՝ GIZ-ը: Աշխատանքային խումբը փետրվարի 5-ին գումարել է իր անդրանիկ նիստը:

Ոչ միայն ստուգում, այլև ուսումնասիրություն և գնահատում

«Այսուհետ մենք գործ ենք ունենալու մի մարմնի հետ, որին վերապահված է ոչ թե ստուգողի, այլ աուդիտորի պատասխանատվությունը: Հաշվեքննիչ պալատը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի խորը ուսումնասիրություններ կատարելու նպատակ հետապնդող կառույց»,- անդրադառնալով օրենսդրական փոփոխության անհրաժեշտությանը՝ Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական անդամ Խոսրով Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսուհետ պետք է կարևոր լինի ոչ միայն այն խնդիրը, թե արդյոք բյուջեն ծախսվեց, կատարվեց հարյուր տոկոսով, այլև այն, թե արդյոք բյուջետային ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեցին: «Ինչպես հայտնի է, 2018թ. վերջնականապես պետք է անցում կատարվի ծրագրային բյուջետավորման համակարգին: Իսկ դա նշանակում է, որ մեզ համար առավել կարևոր է դառնում բյուջեում նախատեսված ցանկացած ծրագրի համար հատկացված գումարի ոչ միայն օգտագործումը, այլև արդյունավետ օգտագործումը, խնդիրը, թե արդյոք բավարարվեցին ծրագրի որակական ցուցանիշները»,- ասում է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն նոր Սահմանադրության պահանջներով, այլև կառույցի գործառույթները միջազգային INTOSAI չափանիշներին ամբողջությամբ համապատասխանեցնելու նպատակով:

Աշխատանքային խումբը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի մշակումը պետք է ավարտի այս նստաշրջանում: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ այն արդեն պետք է ընդունված լինի: Իսկ նոր մարմինը՝ ՀՊ-ն, պետք է ձևավորվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները