Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պետաիրավական հանձնաժողովը ընտրեց ՄԻՊ թեկնածու

Պետաիրավական հանձնաժողովը ընտրեց ՄԻՊ թեկնածու

Փոփոխված Սահմանադրությունը կիրարկելու առաջին փորձը կատարեց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը: Փետրվարի 12-ի նիստում, ներկայացված 3 անուններից հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ընտրեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ում թեկնածությունն էլ կառաջադրվի Ազգային ժողովին ու կքննարկվի փետրվարի 22-ին մեկնարկող քառօրյայում: Մինչ Սահմանադրական փոփոխությունները՝ պաշտպանի թեկնածուն առաջադրվում էր պատգամավորների 1/5-րդի կողմից:

4-րդ ՄԻՊ-ը կլինի Արման Թաթոյանը

Արման Թաթոյանի թեկնածությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին առաջադրել էին հանձնաժողովի անդամ 6 հանրապետական պատգամավորները: Այս 6-ից բացի նրա թեկնածությանը կողմ քվեարկեց նաև դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը քվեարկությանը չմասնակցեց: Թաթոյանը 34 տարեկան է, փոխնախարար է 2013 թվականից, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալն է, Խոշտանգումների եվրոպական կոմիտեում Հայաստանի ներկայացուցիչը, 2004 թվականին աշխատել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի՝ Լարիսա Ալավերդյանի հետ:

ՀՀ 3 պաշտպանները պաշտոնավարման սկզբում ներկայացվել են որպես իշխանության թեկնածու, իսկ պաշտոնին հրաժեշտ են տվել ժամկետը չլրացած՝ ընդհանուր առմամբ՝ չգոհացնելով իշխանություններին: Կա՞ երաշխիք, որ նախորդների ճակատագիրը չի խանգարի Թաթոյանին, ու նա կգործի անկաշկանդ՝ չվախենալով վաղաժամկետ հրաժարականից. ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի այս հարցի՝ թեկնածուն ասաց, թե իրեն համարում է սկզբունքային մարդ, ով կարող է գործել անկաշկանդ, ու չի տրվի ճնշումների, եթե դրանք լինեն:
Արման Թաթոյանը, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի ներկայացմամբ, ունի ներկայանալի բարձրագույն կրթություն և գիտական աստիճան: Նա սակայն, չունի հանրային ճանաչում, ինչը, համաձայն Պաշտպանի մասին օրենքի, պիտի ունենա ՄԻՊ-ը: Թաթոյանի հանրային ճանաչելիությունը սահմանափակվում է միայն Ազգային ժողովի շրջանակում, որի ամբիոնից նա, որպես Արդարադատության փոխնախարար, բազմիցս օրենսդրական նախագծեր է ներկայացրել:

Պատգամավորը պաշտպան չի դառնա

Մյուս թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը, հանրության շրջանում ճանաչված քաղաքական գործիչ է, փաստաբան, տարբեր առիթներով հանդես է եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների, բայց չունի պահանջվող բարձրագույն կրթությունը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նիստի ընթացքում առիթը բաց չթողեց ու ի լուր ամենքի հայտարարեց այս մասին, թեպետ չարտոնագրված ԲՈՒՀ-ի դիպլոմով թեկնածուին հանձնաժողովը գրանցելու իրավունք չուներ:

Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկեցին հանձնաժողովի ոչ ՀՀԿ-ական անդամները՝ բացի Գագիկ Ջհանգիրյանից: Նա ստացավ 5 կողմ ձայն: Փոստանջյանի թեկնածությունը հանձնաժողովին առաջադրել էր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ասաց՝ հաշվի է առել պատգամավորի ոչ թե քաղաքական, այլ իրավապաշտպան գործունեությունը: Մինչդեռ նրա թեկնածության քննարկումը ուղեկցվեց քաղաքական հարցադրումներով:

ՀՀԿ-ականները հիշեցին, որ Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության միակ ներկայացուցիչն է խորհրդարանում, ու նրա՝ պաշտպան ընտրվելու դեպքում խմբակցությունը, իբր թե, կարող է փակվել, զգուշացրեցին, որ անգամ հանձնաժողովում ընտրվելու պարագայում, լիագումար նիստում, միևնույն է, չի ունենալու 3/5-ի աջակցությունը: Քվեարկությունից առաջ էլ Զարուհի Փոստանջյանն ու Արծվիկ Մինասյանը փոխադարձ մեղադրանքներով միմյանց մեղադրեցին իշխանություններին ծառայություններ մատուցելու մեջ:

ԲՀԿ-ականի թեկնածուն ԲՀԿ-ի թեկնածուն չէր

Փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին նաև ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Վեջինս խմբակցության ներկայացուցիչն է պետաիրավական հանձնաժողովում, բայց պաշտպանի թեկնածու էր առաջադրել ոչ թե խմբակցության նախընտրած անձին՝ Մակար Եղիազարյանին, այլ իր կուսակցական ընկերոջը՝ «Ալյանսից»: Նաիրա Զոհրաբյանը Ուրիխանյանին մեղադրում էր նախնական համաձայնությունը խախտելու մեջ, Ուրիխանյանը հայտարարում էր, թե նման համաձայնություն չի էլ եղել:

Արդյունքում՝ նրանք երկուսն էլ մի-մի դիմում գրեցին հանձնաժողովին: Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանին պաշտպանի թեկնածու առաջադրելու համար, Զոհրաբյանը՝ տեղեկացնելու համար, որ իրենք՝ ԲՀԿ-ն, փաստորեն, զրկված է թեկնածու առաջադրելու հնարավորությունից: Առաջիկայում նման դեպքերից խուսափելու նպատակով ԲՀԿ խմբակցության ղեկավարը որոշել է, որ պետաիրավական հանձնաժողովի կազմը կհամալրվի այլ ԲՀԿ-ականներով եւս:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները