Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քրեականացնե՞լ, թե՞ հեռացնել դահլիճից

Քրեականացնե՞լ, թե՞ հեռացնել դահլիճից

ԱԺ էթիկայի հանձնաժողովի փետրվարի 15-ի նիստում քննարկվել է երկու հարց: Դրանցից մեկը վերաբերում է գործընկերների փոխարեն քվեարկած պատգամավորներին: Հիշեցնենք՝ 2015թ. դեկտեմբերին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 7 պատգամավոր նիստերի ժամանակ քվեարկել էր նաև գործընկերների փոխարեն: Past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանը նկարահանել էր այդ խախտումը և տեսանյութը տրամադրել Էթիկայի հանձնաժողովին: Լրագրողը պահանջում է գնահատական տալ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին:

Երկրորդ հարցը վերաբերում է ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանին: Պատգամավորը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից» գրառմանն այսպես էր արձագանքել. «Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է հանձնաժողովին՝ պահանջելով պատգամավորի արտահայտությունները որակել որպես էթիկայի կանոնների խախտում: Շուշան Պետրոսյանը մասնակցում էր նիստին: Նա, ըստ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի, պարզաբանումներ է ներկայացրել հանձնաժողովի անդամներին: «Այսօր լսեցինք Շ.Պետրոսյանին: Քանի դեռ որոշում չենք կայացրել ոչ ես, ոչ էլ հանձնաժողովի մյուս անդամները որևէ մեկնաբանություն չենք անի: Օրենքը մեզ նման հնարավորություն չի տալիս»,- դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ Շուշան Պետրոսյանի հարցով հանձնաժողովը որոշում կկայացնի փետրվարի վերջին:

Մյուս որոշումը հանձնաժողովը կկայացնի ավելի շուտ, հաջորդ՝ փետրվարի 18-ին նախատեսվող նիստի ընթացքում: ՀՀԿ խմբակցության անդամներ Սեյրան Սարոյանը, Համլետ Հարությունյանը, Սպարտակ Մելիքյանը, Կարեն Սարիբեկյանը, Առաքել Մովսիսյանն և ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն ու Արշակ Մխիթարյանը, ովքեր ներկայացված տեսանյութում քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն, էթիկայի հանձնաժողովի նիստին չէին մասնակցում: Նրանք, ընթացակարգի համաձայն, կարող են պարզաբանումներ ներկայացնել մինչև փետրվարի 18-ը:

Ականջալուր լինել Սերժ Սարգսյանի հորդորին

«15 տարվա պատգամավոր եմ, երբեք որևէ մեկի փոխարեն չեմ քվեարկել»,- parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նրա կարծիքով՝ ուրիշի փոխարեն քվեարկելը նույնն է, ինչ այլ անձի փոխարեն ընտրություններին քվեարկելը: Ըստ Մարգարյանի՝ պետք է խստացվեն այն նորմերը, որոնք պատասխանատվություն են սահմանում կարգազանցության համար: Նա նաև առաջարկում է քվեարկությունը տարանջատել գրանցումից: «Այլ բան է, երբ գործընկերներիցդ մեկը ուշանում է և խնդրում է իր փոխարեն գրանցվել: Դա գոնե կարծիքի արտահայտություն չէ: Իհարկե, էլի թույլատրելի չէ, բայց նույն հարթության վրա էլ չէ»,- ասում է Հ.Մարգարյանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն առայժմ խուսափում է գնահատականներից: Ըստ նրա՝ խմբակցությունը դեռ չի քննարկել իր երկու պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու վարքագիծը: «Էթիկայի հանձնաժողովն աշխատում է նման դեպքերում կիրառվող պատժամիջոցների խստացման վրա: Երբ որոշումը կլինի, կտեսնեք, որ այնտեղ ամեն ինչ ներառված է: Հիմա չեմ ուզում փակագծերը շատ բացել»,- ասաց Բաբայանը:

«Ժառանգությունը» դեռևս 2013-ին շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծ, որով առաջարկում էր բացակա գործընկերների փոխարեն քվեարկելը համարել կարգազանցություն և կիրառել կարգազանցության համար սահմանված «պատիժները»: Դրանցից ամենախիստն, ի դեպ, պատգամավորին 6 օրով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից զրկելն է: «Առնվազն պետք է գիտակցել, որ այս խախտումը պառլամենտարիզմի պրակտիկայում ամենաբացասական երևույթներից մեկն է: Միգուցե հարցը անգամ քրեական հարթությունում է: Հուսով եմ, որ ուրիշի փոխարեն քվեարկող գործընկերներս այս անգամ գոնե ականջալուր կլինեն Սերժ Սարգսյանի ելույթին, կփորձեն դա կյանքի օրինակով ապացուցել»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նույնպես կարծում է, որ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքում պետք է պատասխանատվություն նախատեսվի ոչ միայն նորմերով, այլև՝ կարգապահական վարույթներով: Արարքը քրեականացնելուն Մինասյանը դեմ չէ, ասում է՝ ժամանակին ինքն է նման առաջարկ արել. «Եթե ընտրությունների ժամանակ դա համարվում է քրեորեն պատժելի արարք, ԱԺ-ում առավել ևս պետք է համարվի: Բայց կարելի է սկսել պարզ մեխանիզմներից»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի ժխտում, որ ժամանակին ՀՀԿ-ին անհրաժեշտ է եղել գործընկերների փոխարեն քվեարկելով քվորում ապահովել կամ օրինագիծ, անգամ բյուջեի նախագիծ անցկացնել: «Բայց, միևնույնն է, դա էթիկայի նորմերի խախտում է»,- ասում է պատգամավորը: Սուքիասյանը վստահեցնում է, որ հիմա խմբակցությունում անընդհատ զգուշացնում են՝ գործընկերների փոխարեն չքվեարկել: «Զուտ մարդկային խնդիր է: Ստացվում է, որ գրանցում են, հետո էլ տեղը քվեարկում են, ու մենք անհարմար վիճակում ենք հայտնվում: Ուղղակի իրենք պետք է հասկանան, որ մեկը մյուսին նման բան չխնդրի»,- ասում է Ս.Ավետիսյանը:

Թե ինչպիսին է խնդրի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի վերաբերմունքը, պարզ կդառնա փետրվարի 18-ին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները