Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագիծը Ազգային ժողովում է

ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագիծը Ազգային ժողովում է

Ավելի քան 5 տարի ՀՀ կառավարությունը փորձում է փոխել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը: Գործընթացը սկսվել է 2009 թվականին: Գործադիրը նախ փորձեց փոփոխություններ կատարել գործող՝ 2001 թվականին ընդունված օրենքում, ինչը հարուցեց ՀԿ-ների լուրջ դժգոհությունը: Դրանից հետո պարզ դարձավ, որ չկարգավորված հարցերը բավական շատ են, ու որոշվեց մշակել նոր նախագիծ:

Արփինե Հովհաննիսյանը, ում դիտարկմամբ հաջողվել է մշակել կողմերի համար առավելապես ընդունելի և սուր անկյունները հարթած նախագիծ, Արդարադատության երրորդ նախարարն է, ով մասնակցում է նախագիծը բարելավելու աշխատանքներին: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, ևս 20 օրենքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական նախաձեռնությունների հետ, ընդգրկվել է Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի օրակարգ, իսկ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրա շուրջ լսումներ էր կազմակերպել:

Կվերահսկվեն բյուջեի միջոցները ծախսող ՀԿ-ները

Խորհրդարան հասած նախագիծը սկզբնական տարբերակից էականորեն տարբերվում է: Վիճահարույց որոշ դրույթներ ՀԿ-ների հետ քննարկման արդյունքում նախագծից հանվել են: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է հաշվետվողականության համակարգին: Նախագծի սկզբնական տարբերակը հանրային հաշվետվողականության մեխանիզմներ էր ենթադրում Հայաստանում գործող բոլոր ՀԿ-ների համար, իսկ դրանց թիվը մոտենում է 5000-ին: Քաղաքացիական հասարակության առարկությունները հաշվի առնելով՝ կառավարությունը որոշել է աուդիտ անցնելու և ֆինանսական տարեկան հաշվետվություններ ներկայացնելու պահանջը թողնել միայն պետական ֆինանսավորում ստացող ՀԿ-ների համար: Ըստ նախագծի՝ եթե կազմակերպությունը հանրային միջոցներից ֆինանսավորվել է 5 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով, ապա նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Այս պահանջը կվերաբերի ՀԿ-ների ՝ միայն հանրային միջոցներից ֆինանսավորման մասին՝ լսումների ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը՝ շեշտելով, որ աուդիտի համար պահանջվող ծախսերի հարցը մտահոգում էր ՀԿ-ներին:

Պարտադիր աուդիտի ծախսերը ՀԿ-ներին դեռ անհանգստացնում են. քննարկման ժամանակ նրանցից շատերը կառավարությանն առաջարկեցին՝ պայմանն առաջադրելու հետ հոգալ նաև այդ լրացուցիչ ծախսերը:

Ձեռնարկատիրական գործունեության իրավունք՝ ՀԿ-ներին


Եթե օրենսդրական այս փաթեթը ընդունվի, ՀԿ-ները կունենան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, բայց այդ գործունեությունը, ըստ նախագծի, պետք է համապատասխանի ՀԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակներին: Արդարադատության փոխնախարարի գնահատմամբ՝ փոփոխությամբ թեթևացնում են ՀԿ- ի գործը: «Այս նորմը թույլ է տալիս առանց բարդացնելու, առանց առևտրային ընկերություն ստեղծելու ձեռնարկատիրությամբ զբաղվել: Այսինքն՝ հեշտացրել ենք ՀԿ-ների կյանքը»:

ՀԿ-ները, սակայն, խնդիրը նույնքան միանշանակ չեն դիտարկում: Ընդհանուր առմամբ՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք վերապահելը դրական փոփոխություն են համարում, բայց ձևակերպումը, որով այդ իրավունքը սահմանվել է, մտահոգիչ: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը լսումների ժամանակ ձևակերպեց, թե որ սահմանումն ավելի լիարժեք կլիներ: «Խնդիրը կարծում ենք, որ պետք է լինի ոչ թե կանոնադրական նպատակների հետ ձեռնարկատիրական գործունեության համապատասխանությունը, այլ այդ գործունեության արդյունքում ստացված շահույթը, եկամուտը պետք է ուղղվի կանոնադրական եկամուտների իրականացմանը»:

Հակառակ դեպքում, ըստ Տիգրանյանի, մի շարք կազմակերպություններ կդժվարանան ձեռնարկատիրական այնպիսի գործունեության իրականացնել, որը կհամապատասխանի կանոնադրական այն նպատակին, որն օրինակ ժողովրդավարության խթանումն է կամ ընտրական համակարգի բարելավմանը նպաստելը:

ՀԿ-ները՝ առանց հանրային շահը պաշտպանելու իրավունքի

Մյուս խնդիրը, որը ՀԿ-ներն ամենամտահոգիչն են համարում, վերաբերում է դատարան դիմելու, հանրային շահը դատական կարգով պաշտպանելու իրավունքին: Ի դեպ, որոշակի սահմանափակումներով այդ իրավունքը ամրագրված է եղել նախագծի նախնական տարբերակում, այժմ հանվել է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը արդարադատության փոխնախարարին հիշեցրեց. դեռևս 2010-ին ՍԴ-ն որոշում է ընդունել, որով ճանաչել է հանրային շահերի պաշտպանության հարցերով դատարան դիմելու ՀԿ-ների իրավունքը: Ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում կատարել ՍԴ պահանջը՝ հարցրեց Սաքունցը: «Մենք այդ նորմից չեն հրաժարվում, պարզապես կարծում ենք, որ մի շարք հարցադրումներ կան, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Խնդիրը փորձելու ենք լուծել դատավարական օրենսդրության փոփոխություններով»,-պատասխանեց փոխնախարարը:

Ի դեպ, նախագծի վերջնական տարբերակում սահմանված է եղել է հասարակական կազմակերպության կողմից իր և իր անդամների իրավունքներն ու շահերը դատարանում պաշտպանելու իրավունքը, այն նույնպես տեղ չէր գտել նախագծում: Արդարադատության փոխնախարարը վստահեցրեց, որ դա վրիպակ է և կշտկվի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները