Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով

2003-ի կոալիցիայից, հուշագրի ժամկետը չլրացած, դուրս է եկել ՕԵԿ-ը, 2007-ի կոալիցիայից՝ ՀՅԴ-ն: 2011-ի կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու մասին խոսվել է անընդհատ, 2013-ի կոալիցիայից դուրս է եկել ՕԵԿ-ը: Կոալիցիաների 13-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ դրանք կազմվել են հաճախ ու փլուզվել են արագ:

ՀՅԴ-ն՝ ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի ճանապարհով

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կլինի թերևս 3-րդ խմբակցությունը, որը մի կողմ կդնի 2012-ի ընտրություններից հետո ունեցած իր կարգավիճակը ու կհայտարարի քաղաքական դաշտում իր տեղը փոխելու մասին: 2014 թվականի ապրիլին այդպես վարվեց ՕԵԿ-ը՝ իշխանությունից տեղափոխվելով ընդդիմություն, 2015 թվականի մարտին՝ ԲՀԿ-ն՝ այլընտրանքից դառնալով ընդդիմություն: ՀՅԴ-ի ընթացքը հակառակն է լինելու՝ ընդդիմությունից իշխանություն:

Ու եթե, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին, ապա ոչ ընդդիմադիր լինելու մասին կարող է և չհայտարարել. բավարար է միայն, որ խմբակցության առաջադրած անձը ընդգրկված լինի կառավարության կազմում: Դրա ականատեսը կլինենք ամենամոտ ապագայում՝ հերթական կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո:

Գումարելիների թիվը փոխելով

ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ. Հայաստանի 3-րդ հանրապետությունում քաղաքական կոալիցիաները կազմավորվել են այս ուժերի միջև՝ տարբեր ձևաչափերով: Բոլոր կոալիցիաներում մշտապես ներկա է եղել իշխող Հանրապետականը: ՀՀԿ-ն 3 անգամ եռակողմ կոալիցիա է կազմել, 1 անգամ՝ քառակողմ, 1 անգամ՝ երկկողմ:

Առաջին կոալիցիոն հուշագիրը կնքվել է 2003 թվականին, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Առաջին կոալիցիան եռակողմ էր՝ ՀՀԿ- ՀՅԴ-ՕԵԿ: Ավելի վաղ, 2003-ի փետրվարին, այս 3 ուժերը պաշտպանել էին նախագահի միասնական թեկնածուին՝ Ռոբերտ Քոչարյանին, և նախագահը դե ֆակտո համարվում էր կոալիցիայի 4-րդ կողմը: Կոալիցիան, համաձայն հուշագրի, պիտի գործեր երրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ընթացքում՝ մինչև 2007 թվականը, բայց 2006-ին ՕԵԿ-ը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին. պատճառը ներկոալիցիոն անհամաձայնություններն էին ներքին և արտաքին քաղաքական հարցերում: 2007-ի խո րհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը մասնակցեց որպես ընդդիմություն:

Հաջորդ կոալիցիան կազմվեց 2007-ի ընտրություններով քաղաքական ասպարեզ մուտք գործած ԲՀԿ-ի մասնակցությամբ: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կնքվեց կոալիցիոն հուշագիր, հավելյալ մի փաստաթուղթ էլ այս միավորումը ստորագրեց ՀՅԴ-ի հետ: Այս երկու փաստաթղթերի միջև էական մի տարբերություն կար. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պարտավորվում էին 2008-ի նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով, ՀՅԴ-ի հետ համաձայնագրում այս մասին խոսք չկար:
Այս կոալիցիան ևս չկարողացավ գոյատևել մինչև հուշագրով սահմանված ժամկետի՝ ԱԺ 4-րդ գումարման ավարտը: 2009 թվականին, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից:

2011 թվականի ձևավորված կոալիցիան դարձյալ եռակողմ էր՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի մասնակցությամբ: Այս անգամ կողմերն արձանագրում էին, որ առաջիկա՝ 2012-ի ընտրություններում չեն փորձելու միմյանց հաշվին փոխել ուժերի հարաբերակցությունը, իսկ 2013 թվականի ընտրություններում սատարելու են գործող նախագահին: Մինչև 2012-ի խորհրդարանական ընտրություններ այս կոալիցիայից ոչ մի ուժ դուրս չեկավ, բայց ԲՀԿ-ն անընդհատ քննադատում էր ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականությունը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ընթերցել էր իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, որն, ըստ էության, ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկ էր: 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չսատարեց:

2013-ին ձևավորվեց երկկողմ կոալիցիա՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև, բայց սա էլ երկար չգործեց՝ հազիվ մեկ տարի: 2014-ի ապրիլին, Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո և հենց այս պատճառով ՕԵԿ-ը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: ՀՀԿ-ն, 2003 թվականից հետո առաջին անգամ, իշխանության մեջ մնաց մենակ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները