Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Տարանջատում՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ

Տարանջատում՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ

Ազգային ժողովը փետրվարի 19-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստում ձայների 71 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Կառավարությունը առաջարկել էր հարցը համարել էր անհետաձգելի. խորհրդարանը փոփոխությունների նախագիծն առաջին և երկրորդ ընթերցումներով քննարկեց ու ընդունեց նույն օրը: Կողմ քվեարկեցին Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները, դեմ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»: «Օրինաց երկիր» խմբակցությունը բոյկոտեց հարցի քննարկումը:

Տարանջատում՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ

Նախագծով կառավարությունն առաջարկում էր տարանջատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը /ՏԿԱԻՆ/ ու ստեղծել երկու առանձին գերատեսչություններ՝ Տարածքային կառավարման և զարգացման ու Արտակարգ իրավիճակների նախարարություններ: Գործադիրը փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել էր «քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ»: Նախագիծը ներկայացվում է քաղաքական պայմանավորվածությունների իրացման համատեքստում՝ հայտարարեց կառավարության օրենսդրական առաջարկությունն ԱԺ-ում ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Հայտնի է, որ Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցություններն առաջիկայում համագործակցության հուշագիր են ստորագրելու: Շաբաթներ ձգվող բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել համաձայնություն ստեղծվելիք Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ղեկավարումը հանձնելու ՀՅԴ-ին: Հիշեցնենք՝ երկու նախարարությունները միավորվել էին 2014թ. նոյեմբերին` ավելի արդյունավետ կառավարում ապահովելու հիմնավորմամբ:

Նույն ոգով՝ տարանջատել բոլոր գերատեսչությունները

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ դեմ են ՏԿԱԻՆ-ի տարանջատմանը և բոյկոտում են քննարկումը: «ՕԵԿ-ն, անընդունելի համարելով հապճեպ փոփոխությունների արատավոր պրակտիկան, ինչպես նաև՝ նախարարությունների կամայական միավորումները՝ առանց քաղաքական հիմնավորման, չի մասնակցելու այս քննարկմանը: Հաջողություն ենք մաղթում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը»,- հայտարարեց Մ.Շահգելդյանը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեց, իշխանությունները, նույն՝ «քաղաքական համագործակցության անհրաժեշտությունից» ելնելով, Արտակարգ իրավիճակների վարչությանը տվեցին նախարարության կարգավիճակ և այն հանձնեցին ՕԵԿ-ին: Նախարար դարձավ Մ.Շահգելդյանը:

«Ես դեմ եմ քաղաքական առևտրին մասնակցելուն: Այս պատմությունն ինձ շատ հիշեցնում է հայտնի լեյտենանտ Շմիդտի որդիների պատմությունը՝ սա ինձ, սա քեզ, սա ինձ, սա քեզ, միայն արդարաբար, Շուրա: Հիմա ինչպես ասացիք՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված տարանջատում եք երկու կառույցները: Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ չեն տարանջատի սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից: Քանիցս ասվել է, որ մենք պիտի խնայենք բյուջեի միջոցները»,- հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ 15 ամիս առաջ երկու գերատեսչությունները միավորեցին համակարգն ավելի արդյունավետ դարձնելու հիմնավորմամբ: Մինչդեռ հիմա տարանջատում են ոչ թե այն պատճառով, որ միավորումն իրեն չարդարացրեց, այլ՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված: «Այսինքն, արդյունավետ կառավարման սկզբունքը զոհաբերվում է քաղաքական գործարքին, և դուք դա ընդունում եք ամենայն անկեղծությամբ», - հայտարարեց Զուրաբյանը:

ՀԱԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, կառուցողական առաջարկ ուներ. «Երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյուկտուրային։ Բայց ինչո՞ւ գնալ նման անարդար լուծումների, չէ՞ որ կարելի է կիսել նաև մարզերը։ Թող լինի առանձին Արագածի մարզ և Ոտնի մարզ։ Թող լինի առանձին Գեղարի մարզ և առանձին Ունիքի մարզ»,- առաջարկեց Փաշինյանը։
«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ արհեստական ստեղծված պաշտոնները չեն օգնելու երկրի զարգացմանը։ «Հասարակությունը տեսնում է, որ բոլոր քաղաքական պայմանավորվածությունները կեղծ են և հետապնդում են մեկ նպատակ՝ մասնավոր շահի սպասարկում»,- հայտարարեց պատգամավորը։

Ընդդիմադիրների քննադատություններն իր արտահերթ ելույթով ընդմիջեց ԱԺ-ի հանրապետական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ «Կառավարության կառուցվածքը նպատակ չէ և դոգմա չէ։ Այնպես, ինչպես կառուցվածքային փոփոխությունները նույնպես դոգմա և նպատակ չեն, և՛ օպտիմալացումը, և՛ մինիմալիզացումը, և՛ մաքսիմալացումը և մնացած բոլոր «ցում»-ներն ընդամենը գործիքներ են»,- հայտարարեց նա։

«Ձեզ նայեք: Դուք ի՞նչ եք արել: Մի փուշ հանե՞լ եք այս ժողովրդի մատից»,- վերջում ընդդիմադիր պատգամավորներին հակադարձեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով թե իրենք դժվարին իրավիճակում բեռ են վերցնում:

Նա ՕԵԿ-ին հիշեցրեց, որ ժամանակին Արտակարգ իրավիճակների վարչությունն առանձին նախարարություն դարձավ քաղաքական դրդապատճառով, և հենց Մ.Շահգելդյանն էլ նախարար դարձավ: «Էսքան էլ կարճ հիշողությո՞ւն: Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, մեքենաներով: Էդքան խիստ անհրաժեշտությո՞ւն են, թե՞ քաղաքական նպատակահարմարություն: Այս քննարկվող հարցը պոպուլիզմի, ինքնահաստատման միջոց դարձնելը, հանրության մոտ այս համագործակցությունը վարկաբեկելու, կոպիտ ասած՝ «աչոկ» հավաքելու փորձերը եղել ու լինելու են: Շարունակեք նույն ոգով»,- գործընկերներին երեսով տվեց Ա.Վարդանյանը:

Oրինագիծն ընդունվելուց անմիջապես հետո ուղարկվեց նախագահական և երեկոյան ստորագրվեց Սերժ Սարգսյանի կողմից:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները