Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ն ընտրեց Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանին

ԱԺ-ն ընտրեց Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանին

Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից և գալու է աշխատանքի. և պատգամավորները, և հանրությունը այս մասին արդեն գիտեին, բայց փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հարկ համարեց քառօրյան բացել այս լուրով: Մյուս փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովն էլ արեց այն, ինչ կաներ Գալուստ Սահակյանը, եթե լիներ դահլիճում. ներկայացրեց քառօրյայի օրակարգն ու պատասխանեց դրան առնչվող հարցերին:

Օրակարգի հաստատման ընթացքում ամենաշատ քննարկված հարցը օրակարգի հետ կապ չուներ: Այն վերաբերում էր ակտիվիստ Վարդգես Գսպարիին, ով կալանավորվել էր նախօրեին: Պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը ուզում էին, որ նիստը վարող ԱԺ փոխնախագահ իրավապահ մարմիններից ճշտի, թե ինչու է օրենքի խախտմամբ, առանց դատարանի որոշման կալանավորվել Վարդգես Գասպարին: Հենց նիստի ընթացքում Շարմազանովը SMS-ի միջոցով կարողացավ Արդարադատության նախարարությունից ճշտել, որ Գասպարին կալանավորվել է, որովհետև խախտել է ավելի վաղ սահմանված խափանման միջոցը՝ ստորագրությամբ քաղաքացին չբացակայելու մասին:

Պատգամավորների պահանջը Շարմազանովը կատարեց, բայց համաձայն չէր ընդդիմադիրների կարծիքի հետ, թե Գասպարին կալանավորվել է քաղաքական հայացքների պատճառով, հետևաբար քաղբանտարկյալ է: Հայաստանում քաղբանտարկյալների թեման քառօրյայի առաջին օրվա ընթացքում շոշափվեց մի քանի անգամ. քառօրյան սկսվեց մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցով:

Խախտելով ավանդույթները

Խորհրդարանում ձևավորված ավանդույթներից մեկը խախտել էր նախ պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընտրվելուց հետո արդարադատության փոխնախարար, պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպումներ էր ունեցել խորհրդարանական խմբակցություններում՝ անտեսելով, սակայն, անկախ պատգամավորներին: Այս մասին նիստերի դահլիճում խոսեց Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, թե խախտվել է անկախների հետ հանդիպելու ձևավորված ավանդույթը. և ՎՊ պալատի թեկնածուն, և Գլխավոր դատախազի թեկնածուն ընտրվելուց առաջ հանդիպումներ են ունեցել իրենց հետ, միչնչդեռ Թաթոյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ու չի հանդիպել: Թաթոյանին օգնության հասավ Շարմազանովը, թե՝ թյուրիմացություն է եղել:

Ձևավորված տրադիցիաներից մեկն էլ խախտեց ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը`հայտարարելով, թե կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի ընտրությանը: «Այս անգամ գնալու եմ կանխավարկածային վստահության ճանապարհով»՝ իր դիրքորոշումը բացատրեց Փաշինյանը: Սա, սակայն, չի նշանակում, թե Թաթոյանը կարող է կաշկանդված չլինել մեծամասնության թեկնածուն լինելու հանգամանքով: Փաշինյանը նրբանկատորեն հետաքրքրվեց՝ ո՞վ է Ձեզ ասել, որ առաջադրվելու եք պաշտպանի թեկնածու, զանգո՞վ են ասել, թե՞ կանչել ասել են: Պաշպանի պաշտոնում առաջադրվելու մասին տեղեկությունը Թաթոյանը իմացել էր ՀՀԿ խմբակցության ղեկավարից: Նա վստահեցրեց՝ գործելու է անկաշկանդ ուլինելու է անկաշկանդ:

2-ի հետ աշխատել է, 3-րդի հետ՝ համագործակցել

Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածուն աշխատել է առաջին երկու պաշտպանների՝ Լարիսա Ալավերդյանի և Արմեն Հարությունյանի հետ՝ նրանց ղեկավարությամբ, իսկ երրորդի՝ Կարեն Անդրեասյանի հետ համագործակցել է աշխատանքի բերումով: Նախորդների գործունեությունը հիշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ 3 պաշտպանները տխուր ճակատագիր են ունեցել, հռչակվել են անհաջող կադր ու ժամանակից շուտ հրաժեշտ տվել պաշտոնին: «Ինչո՞վ եք վստահ, որ կգործեն անկախ ու կկարողանաք ապացուցել, որ Դուք իշխանության դրածոն չեք»,-հարցրեց պատգամավորը: Որպես իր անկախ գործունեության երաշխիք՝ Թաթոյանը հիշատակեց փոփոխված Սահմանադրությունը, իր սկզբունքայնությունն ու բարոյական հատկանիշները: Ասաց, թե գիտակցում է պաշտոնավարման հետ կապված բոլոր բարդությունները և մեծ պատասխանատվությամբ է մոտենում պաշտպանի պարտականություններին:

Նա պատրաստ է շարունակել Կարեն Անդրեասյանի կիսատ թողած գործը՝ մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին վերաբերող զեկույցը: Լևոն Զուրաբյանի հարցին, թե Անդրեասյանը այդ առումով լուրջ գործունեություն էր ծավալել, ուներ խախտումների հարուստ շտեմարան ու պատրաստվում էր զեկույց ներկայցնել, արդյո՞ք մտադիր է Թաթոյանն ինքը այդ զեկույցը ներկայացնել, վերջինս պատասխանեց, թե՝ զեկույցի նյութերի մասին տեղեկությանը չի տիրապետում, բայց ընտրվելու դեպքում գնահատականներ կհնչեցնի:

Քաղբանտարկյալ Հայաստանում կա՞, թե՞ չկա

Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին հարցը Թաթոյանին ուղղեց առնվազն 5 պատգամավոր, բայց նրանց բոլորին էլ պաշտպանի թեկնածուն նույն պատասխանը տվեց: Այդ պատասխաններից, սակայն, պարզ չդարձավ նրա դիրքորոշումը՝ կա՞ Հայաստանում քաղբանտարկյալ թե՞ ոչ: Ասաց, թե գոյություն ունեն ԵԽԽՎ-ի կողմից ընդունված քաղբանտարկյալին որոշող չափանիշներ, ու դրանց համապատասխանությամբ միայն կարելի է ասել՝ երկրում կան քաղբանտարկյալներ թե ոչ: Բայց քանի որ ինքը ծանոթ չէ ոչ Գևորգ Սաֆարյանի, ոչ Վարդգես Գասպարիի գործերի բովանդակությանը, չի կարող ասել՝ նրանք քաղբանտարկյալներ են թե ոչ և ընդհանրապես՝ կա՞ Հայաստանում քաղբանտարկյալ թե՞ չկա:

Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց 96 կողմ, 7 դեմ ձայնով: Կողմ քվեարկելու մասին հայտարարել էին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն որոշել էին, որ խմբակցությունները կքվեարկեն ազատ, ՀԱԿ-ը քվեարկությանը չմասնակցեց, «Ժառանգության» անունից քվեարկության մասին ոչինչ չհայտարարվեց: Թաթոյանին տրված կողմ ձայները իր նախորդի՝ Կարեն Ադրեասյանի կողմերից ավել էին 13-ով, դեմերը պակաս էին 5-ով:

Ընտրվելուց հետո պաշտպանը խոստացավ, որ կայցելի անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանին ու Վարդգես Գասպարիին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները