Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքակա՞ն, թե քաղաքացիական ամուսնություն

Քաղաքակա՞ն, թե քաղաքացիական ամուսնություն

Փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունների քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ՀՀԿ-ի կողմից ստորագրել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությունը փաստաթղթի վրա չկա:

Համաձայնագրի ստորագրման արդյունքում ՀՅԴ-ն ստացավ նախարարական երեք պորտֆել՝ տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարների պաշտոնները: Ստացավ նաև Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Համապատասխանաբար նախարարներ նշանակվեցին Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը, մարզպետեր՝ Հովսեփ Սիմոնյանը և Գագիկ Գյոզալյանը:

«Երկար աշխատված փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են երկու կուսակցությունների համադրելի նպատակները, նաև երկրի նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են»,- համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Վարդանյանը:

«Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք: Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների ու գործողությունների ծրագրի վրա»,- հավելեց Ա.Աշոտյանը:

Բազմաթիվ խոստումներից մինչև համագործակցության դադարեցում

5 էջանոց համաձայնագրով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամրագրում են, որ պետք է «համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս»:

Պետք է «շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը»:

Քաղաքական համաձայնագրի ռազմավարական ուղղություններից են նաև 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված Սահմանադրությունից բխող «հրատապ» քայլերը. «Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը»:

«Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրապնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորություններ»:

Կողմերը Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով նախատեսում են ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները, իսկ ԱԺ կանոնակարգ նոր օրենքով՝ ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն անդրադարձել են նաև բիզնեսը հանրային շահերից տարանջատելու խնդրին, ինչպես նաև՝ հակամենաշնորհային քաղաքականության և մրցունակության բարձրացման անհրաժեշտությանը: Փաստաթղթում կա նաև կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթ․«Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը»:

Եվ վերջապես համաձայնագրում կետ կա նաև համագործակցության դադարեցման վերաբերյալ․ «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»:

Քաղաքակա՞ն, թե քաղաքացիական ամուսնություն

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ով նախկինում ՀՅԴ անդամ էր, ոչ միայն կողմ է երկու կուսակցությունների համագործակցությանը, այլև կարծում է, որ մեր երկրին ավելի լայն համախմբում է անհրաժեշտ. «Որով ինչ-որ տեղ պետք է համարժեք վիճակ ստեղծվի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր Հայաստանը կանգնած է: Այսինքն, դա ինչ-որ տեղ ժամանակի հրամայականն է»: Բայց չէ՞ որ նախկինում ավելի լայն համագործակցություն եղել է: Նախկինում ոչ միայն ՀՅԴ-ն, այլև այսօր իրենց ընդդիմություն հռչակած «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես ՀՀԿ-ի հետ կոալիցիա էին կազմել: «Այսօրվա վիճակը շատ տարբեր է, այսօր մեր տարածաշրջանը ամենասադրիչ տարածաշրջաններից մեկն է, որտեղ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են հնարավոր, որտեղ գերտերությունները հստակ շահեր ունեն և որտեղ հիմնական սադրիչ առիթ կարող է լինել ԼՂՀ հակամարտությունը: Այս իրավիճակը պահանջում է անել համարժեք քայլեր, իսկ այդ քայլը եղած ռեսուրսների մաքսիմալ համախմբումն է»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց Ռ.Հակոբյանը:

Մինչդեռ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը դրական սպասելիք չունի ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի այս համագործակցությունից: «Սա, ըստ էության, պաշտոնական ամուսնություն չէ, սա քաղաքացիական ամուսնություն է: Իսկ քաղաքացիական ամուսնության գնացողները հիմնականում երեխաններ չեն ունենում, որովհետև իրար հետ ապրում են՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Հիմա այս մարդիկ որոշել են ապրել իրար հետ, բայց դրանից հնարավոր չէ արդյունք ակնկալել: Գեղեցիկ տեքստեր կարելի է անընդհատ գրել, բայց բացառվում է, որ դրանք կյանքի կոչեն»,- համոզված է պատգամավորը:

Իսկ ահա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ուրախ է հատկապես ՀՅԴ-ի համար: «Շատ ուրախ եմ դաշնակցականների համար, վերջապես հասան իրենց երկարամյա մուրազին: Կոալիցիայում են, լուրջ խնդիրներ կլուծեն: Պարզապես սա ինձ հիշեցնում է հայտնի գովազդը՝ կրկին փորձիր: Քանի՞ անգամ կարող են փորձել, հետո՝ խռովել կամ իբր թե խռովել: Գնալ ընդդիմություն, նորից հետ գալ իշխանություն, գրել լուրջ թղթեր, որոնք կապ չունեն այս երկրի հետ: Գրել՝ գրելու համար, բայց ո՞վ է հավատում կամ ո՞ւմ համար են գրել: Ինձանից շատ հեքիաթներին հավատացող մարդ չեմ ճանաչում, բայց այս կարգի հեքիաթներին դժվար է հավատալ»,- եզրափակում է Ա.Մանուկյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները