Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քվեարկողի նույնականացումը կլինի լուրջ և վստահելի դաշտում

Քվեարկողի նույնականացումը կլինի լուրջ և վստահելի դաշտում

Հարցազրույց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, Դուք ծանո՞թ եք Ընտրական նոր օրենսգրքի նախագծին, էլեկտրոնային քվեարկության ի՞նչ համակարգ է ներդրվելու ընտրական գործընթացում:

- Իհարկե, ծանոթ եմ, բայց չեմ կարող բովանդակային որևէ բան հայտնել: Միայն կարող եմ ասել, որ մենք հակված ենք քվեարկության գործընթացի որոշակի փուլում ներդնել էլեկտրոնային քվեարկության կամ էլեկտրոնային գրանցման որևէ մոդել, բայց դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ Ընտրական օրենսգրքի նախագիծը գա Ազգային ժողով:

- Կա մտադրություն ընտրական պրոցեսի բոլոր՝ գրանցման, քվեարկության, հաշվարկման փուլե՞րն էլեկտրոնացնել, թե՞ այդ 3 փուլերից միայն մեկում է նախատեսվում ներդնել էլեկտրոնային համակարգը:

- Կարող ենք ասել հետևյալը՝ գործող օրենսգիրքն ունի լուրջ գործիքակազմ, որպեսզի անցկացվեն նորմալ ընտրություններ: Բայց քանի որ կա որոշակի վստահության խնդիր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վստահության առումով լրացուցիչ քայլեր ձեռնարկենք: Իսկ թե ինչ քայլեր կլինեն, թողնենք առաջիկա քննարկումներին: Բայց որ լինելու են այնպիսի քայլեր, մեխանիզմներ, որոնք բարձրացնելու են ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը, կարող եմ միանշանակ պնդել: Մեխանիզմները տարբեր են՝ սկսած ընտրական հանձնաժողովների աշխատանքից մինչև գրանցման ու քվեարկության փուլերը: Կարող եմ ավելացնել, որ քվեարկողի նույնականացումը կլինի բավականին լուրջ և վստահելի դաշտում:

- Ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բացակայության հիմնական պատճառներից մեկը ընտրական ցուցակներն են, որտեղ ընդգրկված են նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող և տարիներ շարունակ Հայաստանում չբնակվող մարդկանց անունները: Ընդդիմությունը պահանջում է նրանց անունները հանել ցուցակներից, որպեսզի նրանց փոխարեն քվեարկություններ չլինեն: Պատրա՞ստ եք գնալ այդ քայլին:

- Երբ նախագիծը կգա ԱԺ, այդ բոլոր հարցերը կքննարկենք և պատասխանները կտանք: Ցուցակները մեզ մոտ ձևավորվում են լիազոր մարմնի՝ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից, որն էլ պատասխանատու է ցանկացած անճշտության համար:

- Ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և ընտրակեղծիքներից խուսափելու նպատակով ընդդիմությունն առաջարկում է նաև հրապարակել քվեարկությանը մասնակիցների անունները: Այդ խնդիրն ինչպե՞ս է արտացոլվելու նոր օրենսգրքի նախագծում:

- Դա արհեստական հարցադրում է, որովհետև այսօր էլ, եթե տվյալ քաղաքական ուժն իրեն տրված լիազորությունների շրջանակում կարողանա ճիշտ գործել, ցուցակները կդառնան հրապարակային: Երբ որևէ տեղամասում բողոքարկվում է ընտրության արդյունքները, ընտրողների ցուցակները հասանելի են դառնում բոլորին: Հետևաբար, եթե որևէ ուժ մտածում է, որ ինչ-որ ընտրատեղամասում կա ցուցակների հետ կապված խնդիր, կարող է իր հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի միջոցով դա դարձնել հանրության սեփականությունը:

- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր զեկույցում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը մերժելու առնչությամբ մտահոգություն էր հայտնել: Անտեսվելո՞ւ է այս մտահոգությունը:

- Մենք ունենք ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակման ենթակա չեն: Խորհուրդ կտամ դա էլ ուսումնասիրել:

- Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվե՞լ է Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը:

- Որքան գիտեմ՝ այո:

- Իսկ ինչո՞ւ ընդդիմադիր որևէ խմբակցություն չի ներգրավվել նախագծի մշակման այս փուլում:

- Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն և կառավարությունը, և ԱԺ-ն: Մեր կողմից նոր Սահմանադրությունից բխող այդ պարտավորությունը դրված է կառավարության վրա:

- Կարևորում եք ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության գործոնը: Չե՞ք կարծում, որ հանրային վստահության խնդիր է առաջանում նաև այն դեպքում, երբ ընդդիմությունն ու հասարակական կառույցները չեն մասնակցում Ընտրական օրենսգրքի մշակմանը:

- Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, այն ավելի քան երկու ամիս կքննարկվի հանրության համար տեսանելի դաշտում: Իսկ նախագիծը գրելը որևէ կապ չունի հանրային վստահության հետ: Ընդդիմության ձեռքը ոչ ոք չի բռնել, որ հանդես գա իր մոտեցումներով ու առաջարկություններով: Իհարկե, կլինեն նաև հանրային լսումներ:

- Նախագիծը ԱԺ-ում ե՞րբ կդրվի շրջանառության մեջ:

- Շատ մոտ ժամանակներում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները