Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ կներկայացվի ուշացումով

Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ կներկայացվի ուշացումով

Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն` Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն էր: Նախագիծը մշակող աշխատանքային խումբը, սակայն, այն դեռ խորհրդարան չի ուղարկել: Ըստ հրամանագրի՝ 12 օրենքներ, այդ թվում նաև Ընտրական օրենսգիրքը, պետք է համապատասխանեցվեն 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեով փոփոխված Սահմանադրության պահանջներին: Օրենսդրական փոփոխությունների մշակման գործառույթն, ըստ էության, վստահվել է միայն ՀՀ կառավարությանը: 

Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբում ներգրավված են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Որպեսզի նախագիծն ԱԺ ներկայացվի, այն պետք է նախ հաստատվի կառավարության նիստում: Կառավարության առաջիկա նիստը տեղի է ունենալու մարտի 3-ին: Եթե Ընտրական օրենսգրքի նախագիծը հաստատվի այդ նիստում, ապա նույն օրը՝ Ս.Սարգսյանի սահմանած վերջնաժամկետից երկու օր անց, այն կարող է ուղարկվել խորհրդարան:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, 2 օրվա ուշացումը Ս.Սարգսյանի հրամանագրի խախտում չի համարում:

«Ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, որևէ խախտում չկա: Հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, կլինի կառավարության նիստը, որի ընթացքում նախագիծը կքննարկվի: Համենայնդեպս նախագիծն արդեն պատրաստ է ԱԺ ուղարկելու համար»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց Վ.Բաղդասարյանը:

Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին քաղաքական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ չեն ներգրավվել: « Կուլուարներում ընթացող աշխատանքներից մենք տեղյակ չենք: Այսպես ասենք՝ իրենք իրենցով են խնդիրը լուծում: Բայց ես տեղեկություն ունեմ, որ իրենց մոտ էլ ամեն ինչ պարզ չէ, իրենք էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Եկեք դեռ չասեմ, թե որ հարցերում, բայց սկզբունքային հարցեր կան, որոնց վերաբերյալ չեն կարողանում ընդհանուր կարծիքի գալ, այդ պատճառով էլ նախագիծը չեն հրապարակում»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերն օտարված են Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործընթացից: Իսկ այդ հանգամանքը նպաստում է միասնական պլատֆորմ ձևավորելուն: «Հիմա այդ ուղղությամբ գնում է քաղաքացիական խմբերի, դիտորդական կազմակերպությունների, կուսակցությունների համախմբման գործընթաց: «Բաց հասարակության ինստիտուտն» այդ նպատակով քննարկում էր կազմակերպել էր, որին ՀԿ-ներից, կուսակցություններից, միջազգային կազմակերպություններից ու դեսպանատներից մոտ 300 ներկայացուցիչ էր մասնակցում: Մենք էլ մեր առաջարկները կձևավորենք միջազգային կառույցների առաջարկներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցների պահանջներին համահունչ»,- ասում է Ա.Մանուկյանը:

«Մենք էլ ներգրավված չենք եղել Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին: Դրանով համապատասխան խումբն է զբաղվել: Բայց երբ նախագիծը գա խորհրդարան, կկազմակերպվեն լայն քննարկումներ, հասարակական լսումներ: Բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան իրենց առաջարկությունները ներկայացնել»,- Ա.Մանուկյանին հակադարձում է Վ.Բաղդասարյանը:

Սահմանադրության անցումային դրույթների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունման վերջնաժամկետը 2016թ. հունիսի 1-ն է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները