Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ս.Ֆարմանյան. «Քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը»

Ս.Ֆարմանյան. «Քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը»

Մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է:

-Որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները:

-Թիվ 1 առաջնահերթությունը եղել է իմ ընտրատարածքի բնակչի ձայնը խորհրդարան հասցնելը, նրա դիրքորոշումը հնչեցնելը: Մեծամասնականի իրական հնարավորությունները և հանրության սպասելիքները դրանից՝ հաճախ չեն համապատասխանում: Ես փորձել եմ հավատարիմ մնալով իմ նախընտրական ծրագրին՝ բարձրաձայնել ընտրողի խնդիրները, դնել դրանք պետական տարբեր գերատեսչությունների առջև, լուծումներ ստանալ:

-Ընտրողների հետ կապը պահելու համար ծրագրում նախատեսվում էր հանրային ընդունարաններ ստեղծել: Ստեղծեցի՞ք:

-Հանրային ընդունարանների գաղափարը փայլուն և շատ ամբիցիոզ գաղափար էր: Դրանք չստեղծվեցին ռեսուրսների բացակայության պատճառով: Որպեսզի ընդունարանները գործեին արդյունավետ, պիտի լինեին չեզոք ռեսուրսներ: Եղել են ֆինանսավորման առաջարկներ, բայց դրանք չեն եղել անաչառ առաջարկներ, որոնք կծառայեին բուն նպատակին: Եղել է առաջարկ, որ որպես ընդունարանի տարածք օգտագործվեն ՀՀԿ-ի գրասենյակները, բայց ես հրաժարվել եմ, որովհետև քաղաքացիների գոնե այն մասը, որը մեծամասնական պատգամավորի միջոցով փորձում է իր շահերը հետապնդել, խոշոր հաշվով ուղղված է հենց իշխանությունների դեմ, և դա ի սկզբանե կլիներ ձախողված: Դրա համար ընտրեցինք այս՝ մշտապես հասանելի լինելու տարբերակը: Տարածքի ցանկացած բնակիչ կարող է իրեն հուզող խնդրով դիմել ինձ, հանդիպել, զանգել, պայմանավորվել:

-Կոնկրետ ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-1000-ից ավելի դիմումներ են եղել, ու չի եղել հատկապես կրթությանն ու առողջապահությանն առնչվող որևէ դիմում, որ ես իմ ուժերի չափով լուծում տված չլինեմ:

-Փոխվե՞լ են խնդիրները անցած 4 տարիների ընթացքում, ու ըստ դրա՝ նաև Ձեր առաջնահերթությունները:

-Խոշոր հաշվով՝ ոչ: Բայց 4 տարի առաջ, երբ առաջադրվում էի, ավելի լավատես էի: Չեմ կարող ասել, թե այնպիսի մի բան եմ արել, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց պատվով եմ ներկայացրել թիվ 2 ընտրատարածքը, ու գումարման ավարտին հաշվետվություն կտամ:

-5 բալանի սանդղակով որքա՞ն կգնահատեք Ձեր գործունեությունը:

-Չէի ուզենա ինքս գնահատել, կարող եմ սուբյեկտիվ լինել: Ընտրողը պետք է գնահատի:

-Ձեր ծրագրի քանի՞ տոկոսն եք կատարել:

-Չեմ կարող տոկոս հանել, բայց հավատարիմ եմ իմ տված խոստումներին: Ես ասել եմ, որ լինելու եմ ազնիվ, անկաշառ, առաջնորդվելու եմ իմ սեփական խղճով: Քաղաքական կոնյուկտուրան երբեմն սահմանափակումներ մտցնում է, բայց լինելով մեծամասնության ներկայացուցիչ՝ ես առավելագույնս հավատարիմ եմ մնացել իմ խոստմանը: Քաղաքացիների հիմնական անբավարարվածությունը չի վերաբերում իմ անձնական գործունեությանը:

-Վերաբերում է Հանրապետականի՞ գործունեությանը:

-Ես այդպիսի բան չասացի:

-Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները կազմում են խորհրդարանի ¼-ը. ինչպե՞ս եք գնահատում այս հատվածի ազդեցությունը ԱԺ-ի գործունեության վրա:

-Ե՛վ համամասնական, և՛ մեծամասնական ընտրակարգերը կարող են շատ արդյունավետ լինել. սա լավի ու վատի խնդիր չէ: Բայց մեր իրականության մեջ ավանդաբար մեծամասնականը չի ծառայում բուն նպատակին: Դրա համար էլ, ես, լինելով մեծամասնականով ընտրված պատգամավոր, կողմ եմ, որ հրաժարվենք դրանից:

-Այսուամենայնիվ, մեծամասնականով ընտրված պատգամավորները դեռ խորհրդարանում են. նրանք օրենսդրական գործունեությամբ աչքի չեն ընկնում, հայտնի են մականուններով, մեծ մասը գործարարներ են. այս ամենը ինչպե՞ս է անդրադառնում ԱԺ-ի հեղինակության վրա:

-Կոռեկտ չեմ համարում իմ կոլեգաների վերաբերյալ գնահատական հնչեցնել, բայց վստահ եմ, որ միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ժամանակի ընթացքում խորհրդարանի պատկերը դրականորեն փոխվելու է: Դա լինելու է ուղիղ համեմատական քաղաքական կուսակցությունների կայացվածությանը:

-Շարունակելո՞ւ եք Ձեր պատգամավորական գործունեությունը հաջորդ Ազգային ժողովում:

-Որոշում դեռ չունեմ: Կարող եմ միայն ասել, որ ես ինձ աշխատաշուկայում համարում եմ մրցունակ կադր, իսկ քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը:

-5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը մոտենում է ավարտին. չարված ո՞ր խոստման, ծրագրի համար եք ափսոսում:

Ափսոսանքի զգացում, իհարկե, կա, ու դա ճնշող է: Դու ներկայացնում ես իշխող մեծամասնությունը, և ցանկացած լկտի պահվածք, ցանկացած ապօրինի որոշում, որ քաղաքական իշխանությունը կայացնում է, որոշ չափով հասարակության աչքում վերագրվում է քեզ, և ափսոսանքի զգացումը, իհարկե, ճնշող է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները