Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր ընտրական օրենսգրքի նորամուծությունները

Նոր ընտրական օրենսգրքի նորամուծությունները

Մարտի 2-ին կառավարության կայքում հրապարակվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 10-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ այն պետք է մշակվեր և խորհրդարան ներկայացվեր մինչև մարտի 1-ը, գործադիրը, սակայն, կարողացավ նախագիծը հաստատել միայն մարտի 3-ի նիստում: Մարտի 8-ի դրությամբ փաստաթուղթն ԱԺ կայքում՝ քննարկման սպասող նախագծերի շարքում դեռ ընդգրկված չէր, ինչը նշանակում է, որ խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետը խախտվել է առնվազն 8 օրով:

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն, ի դեպ, նախագիծն իր կայքում հրապարակեց ավելի վաղ, քան դա արեց ՀՀ կառավարությունը: Վենետիկի հանձնաժողովը, սակայն, փաստաթղթի վերաբերյալ եզրակացություն դեռ չի ներկայացրել:
Հիշեցնենք՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակել է կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Ազգային ժողովի ձևավորում

Նոր ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը։ Ըստ նախագծի՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: 41-ից 13-ի է հասցվելու ընտրատարածքների թիվը. 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում: Ընդ որում, Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ ընտրատարածք են կազմելու: Նոր Ազգային ժողովում լինելու է նվազագույնը 101 պատգամավոր:

Ըստ նախագծի՝ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք առաջադրելու է 2 ցուցակ՝ մեկ համապետական համամասնաև 13 տարածքային՝ ամեն ընտրատարածքի համար մեկական: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև:

Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ ուժ չի ստանում առնվազն 53 մանդատ, ընդունվում է մանդատների բաշխման նախնական որոշում, որից հետո ցանկացած կուսակցություն կամ դաշինք 3 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել առավելագույնը երկու կուսակցությունների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, և նրանք արդեն համաձայնության են եկել վարչապետի թեկնածուի հարցում:

Հակառակ դեպքում քվեարկությունից 21 օր հետո անցկացվում է ԱԺ ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները: Սահմանված է նաև լրացուցիչ մանդատների տրամադրման հնարավորություն, որի համաձայն երկրորդ փուլում մեծամասնություն ստացած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի խորհրդարանի 54 տոկոսը: Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում է լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:

Առաջարկվում է Երևանի նման նաև Գյումրիում ու Վանաձորում քաղաքապետի ընտրություններն անցկացնել ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ համամասնական ընտրակարգով ձևավորվող ավագանու կողմից:

Էլեկտրոնային գրանցման համակարգ

Նոր Ընտրական օրենսգրքի նորամուծություններից մեկը էլեկտրոնային համակարգի ներդրումն է: Էլեկտրոնային համակարգ կիրառվում է ընտրական բոլոր՝ գրանցման, քվեարկության և հաշվարկման փուլերում: Իշխանությունները որոշել են այն ներդնել միայն գրանցման փուլում: Նախագծի համաձայն՝ այն լոկալ համակարգ է (համակարգչային), որն աշխատում է միայն տվյալ տեղամասի ընտրողների բազայի հետ և կատարում է միայն մեկ գործառույթ՝ ազդանշան է տալիս, եթե նույն քարտը փորձում են երկրորդ անգամ գրանցել:

Ի դեպ, նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն ներդրվելու է նաև ռեյտինգային ընտրական համակարգ: Ինչպես նշվեց, յուրաքանչյուր կուսակցություն 13 ընտրատարածքներում առանձին-առանձին թեկնածուների ցուցակներ է ներկայացնելու: Կուսակցություններից յուրաքանչյուրը տարածքային ցուցակում իրավունք ունի առաջարկել առավելագույնը մեկ թեկնածու՝ այդ տարածքի յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով, բայց ոչ պակաս, քան 5 թեկնածու: Այսինքն, կուսակցության տարածքայի ցուցակում պետք է ընդգրկված լինի առնվազն 5 թեկնածու, իսկ թեկնածուների առավելագույն թիվը, ըստ նախագծի, սահմանվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ընտրությունները նշանակելուց հետո՝ 10 օրվա ընթացքում:

Քվեաթերթիկը կազմված է լինելու երկու էջից. առաջին էջում նշված կլինեն կուսակցությունների անվանումները՝ համամասնական ցուցակի առաջին երեք անուններով, երկրորդ էջում կլինեն տարածքային ցուցակներում ընդգրկվածների անունները: Անձերին իր քվեն տալով` ընտրողը ձայն է տալիս նաև համապատասխան կուսականությանը: Այս նախագծի ընդդիմախոսները գտնում են, որ սա թաքնված մեծամասնական ընտրակարգ է: Ավելին՝ եթե գործող օրենքով ընտրողը կարող էր քվեարկել մի կուսակցության օգտին, բայց իր ձայնը տալ մեկ այլ կուսակցության մեծամասնական թեկնածուին, այս դեպքում դա բացառված է: Ընտրողը թեկնածուին քվեարկելով՝ իր ձայնը մեխանիկորեն տալիս է տվյալ թեկնածուի կուսակցությանը:

Դիտորդների և լրագրողների գործունեության սահմանափակում

Ընտրական օրենսգրքի նախագծով սահմանափակում է նախատեսվում լրատվամիջոցների ու դիտորդների համար: Նախագծում տեղ է գտել այսպիսի դրույթ. «Նախընտրական քարոզարշավի իրականացման ընթացքում չի թույլատրվում զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը»` առանց մանրամասնելու, թե ինչը կարող է համարվել ազատության չարաշահում:

Սահմանափակվել է նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում տեղացի դիտորդի ու լրատվամիջոցի ներկայացուցչի քանակը՝ նրանց թիվը չի կարող 8-ից ավելի լինել: Եթե գործող օրենսգրքով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունները նույնպես ունեն դիտորդական առաքելության իրավունք, ապա նոր նախագիծը նման հնարավորություն չի նախատեսում:

Դիտորդների ու վստահված անձանց մասով կա ևս մեկ նորամուծություն՝ եթե գործող օրենսգրքով նրանց ընտրատեղամասից կարելի էր հեռացնել միայն կալանքի կամ ձերբակալության դեպքում, ապա այժմ առաջարկվում է այդ իրավունքը տալ նաև ընտրահանձնաժողովի նախագահին, եթե դիտորդը կամ վստահված անձը խախտի Ընտրական օրենսգրքի պահանջները:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները