Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մարտի 14-17-ի քառօրյան՝ նախընտրական շրջանի մեկնարկ

Մարտի 14-17-ի քառօրյան՝ նախընտրական շրջանի մեկնարկ

Ընտրական օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներով Ազգային ժողովում կսկսվի 2017 թվականի նախընտրական շրջանը: Ակնհայտ է, որ հաջորդ՝ աշնանային նստաշրջանում պատգամավորները օրենսդրական գործունեության փոխարեն առավելապես զբաղված են լինելու նախընտրական խնդիրներով, ուստի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը, որը կձգվի մինչև գարնանային նստաշրջան, կարող է դառնալ 5-րդ գումարման Ազգային Ժողովում լայնորեն քննարկված թերևս վերջին նախագծերից մեկը: Այս շաբաթվա ընթացքում նախագիծը կքննարկվի առայժմ դահլիճից դուրս՝ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քառօրյան՝ առանց Գալուստ Սահակյանի

Ազգային ժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն է: Մարտի 14-ին մեկնարկած խորհրդարանական քառօրյայի առաջին օրը այս մասին տեղեկացրեց ԱԺ պաշտոնական կայքը՝ ըստ էության տեղեկություն տալով նաև ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին: Գալուստ Սահակյանը կարճատեւ արձակուրդում է, այն անցկացնում է արտասահմանում և դրա ընթացքում նաև բժշկական հետազոտություն է անցնելու:

Քառօրյայի օրակարգը ներկայացրեց Էդուարդ Շարմազանովը: Օրակարգի հաստատման ժամանակ հնչած հարցերը վերաբերում էին հիմնականում նոր Ընտրական օրենսգրքի նախագծին:

Ընտրական օրենսգրքի սպասումով

Արդեն հայտնի է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվելու է հաջորդ քառօրյայում, իսկ մինչ դա իշխանությունը մտադիր է մարտի 18-ին կազմակերպել նախագծի քննարկում՝ խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջարկեց ստեղծել, այսպես կոչված, քաղաքական երկխոսության ձևաչափ՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության 4-ական ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա, ըստ ՀԱԿ պատգամավորի, չպիտի լինի աշխատանքային խումբ՝ քննարկումներ կազմակերպելու նպատակով, այլ այն պետք է գործի կոնսեսուսային սկզբունքով՝ հարցերի շուրջ համաձայնության գալու համար: Իշխանությունը միասին աշխատելուն պատրաստ է, բայց քաղաքական երկխոսության խումբ ստեղծելու հարցում չի շտապում. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե դրա մասին կխոսեն, եթե մարտի 18-ի քննարկումից հետո պարզվի, որ դեռ կա դրա անհրաժեշտությունը:

Մարտի 22-ին էլ, Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկելու համար Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության մասնակցութամբ:

ՀՅԴն նոր պատգամավոր ունի

Քառօրյան առաջինն էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանի համար: Նա պատգամավորական մանդատ ստացավ Արծվիկ Մինասյանի՝ նախարար նշանակվելուց հետո: Շախմուրադյանը համալրեց ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորների շարքը՝ առաջին իսկ հարցազրույցում լրագրողներին ասելով, թե ինքը գործարար չէ, զբաղվելու է ակտիվ օրենսդրական գործունեությամբ ու չի լինելու ընդամենը «կոճակ սեղմող»: Ի դեպ, Արծվիկ Մինասյան-Կարեն Շախմուրադյան փոփոխության արդյունքում առաջին անգամ ՀՅԴ խմբակցությունում ստեղծվել է իրավիճակ, երբ խմբակցության կազմում գործարար պատգամավորները մեծամասնություն են կազմում:

ԲՀԿ-ում էլի փոփոխություններ կլինեն

Առաջիկայում հնարավոր է Վարդան Օսկանյանը հայտարարի ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: 2015թ.-ի փետրվարի հայտնի իրադարձություններից հետո նա դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ շարունակելով անդամակցել ԲՀԿ խմբակցությանը: Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ անունն էր, ու համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ կարող էր դուրս գալ խմբակցությունից՝ չհրաժարվելով պատգամավորական մանդատից: Մեկ տարի առաջ նա դա չարեց, բայց այսօր, երբ արդեն հայտարարել է, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, հնարավոր է, անի:

Օսկանյանի նոր կուսակցության ստեղծումով հնարավոր է ևս 1-ով պակասի ԲՀԿ-ականների թիվը. չի բացառվում, որ այդ կուսակցությանն անդամակցելու նպատակով ԲՀԿ-ի շարքերը լքի խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Օսկանյանին կարող են միանալ նաև ԲՀԿ խմբակցության անդամներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը, նրանք, սակայն, ԲՀ կուսակցության անդամներ չեն:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները