Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Միջազգային փորձագետներն ընդդիմությանը ուշադիր լսել են, իշխանությանը՝ հորդորել կոնսեսուսի գնալ

Միջազգային փորձագետներն ընդդիմությանը ուշադիր լսել են, իշխանությանը՝ հորդորել կոնսեսուսի գնալ

Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկելու նպատակով մարտի 14-16-ը Հայաստանում էին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները: Նրանք հանդիպել են հասարակական կազմակերպությունների, խմբակցություններում չընդգրկված և իրենց խմբակցություններում տարաձայնություններ ունեցող ՀԱԿ-ի ու «Ժառանգության» պատգամավորների, իսկ վերջում՝ խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրի հետ՝ առանձին:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության մշակած Ընտրական օրենսգրքի նախագիծը առաջինը հանրայնացրեց հենց Վենետիկի հանձնաժողովը՝ այն տեղադրելով իր պաշտոնական կայքում: Դրանից մի քանի ժամ անց նախագիծը տեղադրվեց կառավարության, իսկ մարտի 9-ին՝ ԱԺ-ի կայքերում: Օրինագիծը Ազգային ժողով է ներկայացվել ուշացումով՝ նախագահ Սերժ Սարգսյանի սահմանած վերջնաժամկետից՝ մարտի 1-ից 8 օր անց:

Առաջնայինը ցուցակների հրապարակումն է

Քանի որ Ընտրական օրենսգրքի մշակման փուլում ընդդիմությունը առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն չունեցավ, ստացվեց այնպես, որ առաջինը, որ լսեցին ընդդիմադիրների առաջարկները, ոչ թե նախագծի հեղինակներն էին, այլ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները: Առաջարկություններից առաջինը, որ ներկայացրել են ՀՀԿ-ից բացի բոլոր խմբակցությունները, վերաբերել է ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակելուն: Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև ընտրողների ռեգիստրից Հայաստանում չբնակվող ՀՀ քաղաքացիների անունները հանելու, ոչ ռեյտինգային, պարզ համամասնական ընտրակարգ սահմանելու, բոլոր ընտրատրատեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելու, քվեարկության մասնակիցների մատները թանաքոտելու մասին:

Վենետիկի հանձնաժողովը՝ մանիպուլյացիաների գործիք

Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրացուցակները հրապարակելու ընդդիմության պահանջը իշխանությունը տարիներ շարունակ մերժել է՝ պատճառաբանելով, թե Վենետիկի հանձնաժողովը դա համարում է քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում: Փորձագետների հետ հանդիպումից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Փորձագետները չեն պնդել, թե քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է: Ակնհայտ է, որ Վենետիկի հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է՝ հիմք ունենալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները, որովհետև աշխարհում թիվ մեկ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, և նա է պրոֆեսիոնալ գնահատական տալիս: Իսկ նրա վերջին եզրակացության մեջ միանշանակ նշվել է, որ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման հետ կապված խնդիր կա»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ստորագրացուցակների հրապարակման մասին իր հարցին փորձագետները հստակ պատասխան չեն տվել: Լևոն Զուրաբյանը փորձագետների հետ հանդիպումից տպավորվել էր. «Տպավորիչ էր այն ուշադրությունը, խորաթափանցությունը, որով փորձագետները ուսումնասիրում են մեր փաստարկները»,- հանդիպումից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Նրա կարծիքով՝ իշխանությունները տարիներ շարունակ Վենետիկի հանձնաժողովն օգտագործել են՝ հասարակության հետ զիջումների չգնալու նպատակով. «Դա անթույլատրելի է: Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որեւէ մեկնաբանության հրապարակումից, քանի դեռ ներքին գործընթացը՝ բանակցություններն ընդդիմության, հասարակության հետ ավարտված չէ: Թող ավարտվի, դրա հիման վրա ձևավորված նախագիծն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, և հետո այդ մարմինը կարծիք ներկայացնի: Շատ կարեւոր է, որ նրանք իսկապես իշխանությունների ձեռքում չդառնան մանիուլյացիաների գործիք»:

Դժգոհ է նաև ՀՅԴ-ն

Եվրոպացի փորձագետներից ու հատկապես «վենետիկցիներից» դժգոհ էր նաև իշխանության մաս կազմած ՀՅԴ-ն, որը կուսակցությունը, ի տարբերություն ընդդիմադիրների, ԸՕ նախագծի մշակմանը որոշակի մասնակցություն է ունեցել: ՀՅԴ-ն նույնպես հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ հենց Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշումն է արգելում ստորագրացուցակների հրապարակումը: Դաշնակցականները այլ առաջարկություններ էլ են ներկայացրել: 

«Կարևորագույնը անձի նույնականացման հարցն է` տեխնիկական միջոցների կիրառման և միասնական բազայի ստեղծման հարցը, ինչը կբացառի այլ անձի փոխարեն քվեարկելը` ոչ միայն ՀՀ-ից բացակայողների, այլև Հայաստանում գտնվող, բայց ընտրությունների չմասնակցողների փոխարեն»,-ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ ըստ այս նախագծի՝ մի ընտրատարածքից պատգամավոր կարող է դառնալ նույնիսկ հազար ձայն հավաքած մեկը, բայց մեկ ուրիշ տարածքից տասը հազար ձայն հավաքողը կարող է պատգամավոր չդառնալ: «Սա ևս մենք անարդար ենք համարում և գտնում ենք, որ եթե պետք է մնա տարածքային պաշտպանության խնդիրը, ձայների հաշվառումը պետք է կատարվի հանրապետությունով մեկ»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Հորդորել են կոնսեսուսի գնալ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ եվրոպացի փորձագետներին հետաքրքրել է, թե ինչու է ԸՕ-ի նախագիծը ներկայացվել կառավարության և ոչ թե ԱԺ-ի կողմից և ինչու նախագծի մշակմանը չեն մասնակցել ընդդիմադիրները: Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ականները պատասխանել են, որ ժամանակը սեղմ է եղել, ու նպատակահարմար են գտել, որ նախագիծը ներկայացնի կառավարությունը: Ընդդիմադիր ուժերի առաջարկությունների մասին փորձագետները ՀՀԿ-ականներին ոչինչ չեն ասել, բայց խոսք է եղել ընդդիմության հետ կոնսեսուսի գալու մասին: «Հորդորն այս էր. միջազգայնորեն ընդունված է, որ նմանատիպ փաստաթղթերն ընդունվեն քննարկումների ճանապարհով ու կոնսեսուսով: Քննարկումները սկսվել են, և դրանք կնպաստեն նախագծի էլ ավելի բարելավմանը»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա նաև հավելեց, թե ընդդիմության առաջարկներն իրենց համար ընդունելի են, եթե Սահմանադրության կամ Սահմանադրական դատարանի որոշումների հետ հակասություններ չունեն: «Պետք է հասկանանք, թե այդ առաջարկներն ինչ նպատակ են հետանդում. արդյո՞ք վստահության մակարդակի բարձրացմում: Կքննարկենք, բայց դա չի նշանակում, որ նրանց բոլոր առաջարկությունները ճիշտ են և պետք է հալած յուղի նման ընդունենք: Տեսախցիկներին էլ դեմ չենք, եթե դոնոր գտնվի: Իսկ տարբեր շահարկումներից խուսափելու համար փոխհամաձանություն է անհրաժեշտ»,- եզրափակեց պատգամավորը:
Ի դեպ՝ Հովհաննես Սահակյանը կարծում է, որ կվերանայվի ընտրատեղամասերում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակող դրույթը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները