Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Իշխանությունները քննարկելու են բոլոր առաջարկները, բայց չեն ընդունելու կարևորները

Իշխանությունները քննարկելու են բոլոր առաջարկները, բայց չեն ընդունելու կարևորները

Մարտի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցան Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին մոտ 60 հասարակական կազմակերպությունների, տասնյակից ավելի խորhրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նախագիծը ներկայացնում, մասնակիցների հարցերին պատասխանում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով փաստաթղթի հեղինակներից է:

Հիշեցնենք, որ ԸՕ նախագիծը հեղինակել է կառավարությունը: Այն մշակող աշխատանքային խմբում Դ.Հարությունյանից բացի ներգրավված էին նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նախագիծը խորհրդարան է ներկայացվել մարտի 9-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված վերջնաժամկետից 8 օր ուշացումով:

Քաղաքացիական հասարակությունն ու կուսակցությունները միասին են

Մարտի 21-ին մոտ 10 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ներկայացրել են ԸՕ նախագծի վերաբերյալ առաջնային 5 պահանջները։ Նշել են, որ կարևորագույն պահանջները ընտրության մասնակիցների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումն ու վրացական մոդելով ընտրացուցակների «մաքրումն» են: Առաջարկել են նաև ընդունել պարզ համամասնական ընտրակարգ՝ առանց ռեյտինգային մեխանիզմի, ապահովել բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, ներդնել մատների թանաքոտման մեխանիզմը:

Հայտարարությունը ստորագրել են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքի Եվրոպա» միավորումը և այլ կազմակերպություններ: Հայտարարության պահանջները սատարելու առաջարկ է ուղարկվել ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին: Առաջարկը պաշտպանել են ՀԱԿ, ՀԺԿ, ՀՀՇ «Հայկական Վերածնունդ», «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Ազատություն», «Լուսավոր Հայաստան» (վերապահումով՝ կապված ընտրացուցակների մաքրման վրացական փորձի և մատների թանաքոտման հետ) կուսակցությունները:

Քննարկել չի նշանակում ընդունել

Լսումների ժամանակ հնչող հիմնական հարցերը վերաբերում էին այս առաջարկություններին: Հարցերին պատասխանող Դ.Հարությունյանը հայտարարեց, թե քննարկման առարկա է դառնալու ներկայացվող ցանկացած առաջարկ, ինչը չի նշանակում, որ բոլոր առաջարկներն ընդունվելու են: Նա անընդունելի համարեց քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվող հիմնական առաջարկը՝ քվեարկության ավարտից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը: «Մի պահ պատկերացրեք, թե ինչ- որ իշխանության ներկայացուցիչ իր աշխատակիցներին հանձնարարում է գնալ ու ձայն տալ իշխանական կուսակցությանը: Երբ նրա ձեռքին լինի պաշտոնական թուղթ, որ տվյալ մարդը չի մասնակցել, սա ինչի՞ մասին է խոսելու: Ամենայն հավանականությամբ՝ մարդու կողմնորոշման կամ որոշման մասին»,- բացատրեց Հարությունյանը:

Ցուցակների հրապարակման փոխարեն հեղինակներն առաջարկում են վերահսկողության այլ մեխանիզմներ, որոնք հասու կլինեն ոչ թե ողջ հանրությանը, այլ միայն քաղաքական ուժերին եւ միջազգային կազմակերպություններին: Առաջարկվում է նաև ցուցակների համեմատության էլեկտրոնային տարբերակ: «Համապատասխան ծրագրային եղանակով մասնակիցների ամբողջ ցանկը «պոստ ֆակտում»՝ քվեարկությունից հետո, կհամեմատվի ընտրողների ցանկի հետ: Դա եւս հնարավորություն կտա համոզվելու՝ արդյոք անձինք մի քանի տեղ մասնակցե՞լ են ընտրություններին, թե՞ ոչ»,- ասում է Դ.Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նախագծի ամենաշատ քննադատված մեկ այլ դրույթի՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների միաժամանակյա ներկայությունը 8-ով սահմանափակելուն, ապա Հարությունյանի խոսքով՝ այս հարցում նոր մոտեցումներ են ուրվագծվում. «Կարծես թե հանգում ենք այն եզրակացությանը, որ կարող ենք հանել այս սահմանափակումը, սակայն սահմանափակել յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Այստեղ քննարկումները շարունակվում են, օրինակ` յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարողանա ներկայացնել 50 լրագրող»:

Անդրադառնալով ընտրակաշառքների խնդրին՝ Դ.Հարությունյանը մեկ այլ նորության մասին էլ խոսեց: «ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է կրկնաքվեարկության հարցով խստացնել քրեական պատասխանատվությունը։ Մենք այդ ուղղությամբ ուսումնասիրություններ ենք կատարում եւ, կարծում եմ, շուտով մեր առաջարկություններում կտեսնեք որոշակի նորույթներ»,- հայտարարեց նա:

Նախարարն ընդունելի է համարում նաև ԸՕ նախագծի՝ 4+4+4 ձաևաչափով քննարկումը, սակայն մինչև այժմ չի ստացել անուններ, թե հատկապես որ 4 կազմակերպությունները պետք է մասնակցեն քննարկումներին:

Ըստ Հարությունյանի՝ մոտ 50 % ճշգրտություն խոստացող էլեկտրոնային գրանցման սարքերի ու մոնիտորների ներդրումը կպահանջի մոտ 3 մլն, իսկ գրանցումը նույնականացման քարտերով կազմակերպելը՝ մոտ 8 մլն դոլար: Կառավարությունը նախատեսում է գումարը ստանալ դոնոր կազմակերպություններից:

Ցուցակները պետք է հրապարակվեն

«Կցանկանայի, որ մենք հասկանանք ՀՀԿ-ականների իրական նպատակները: Այսօրվանից արդեն որոշել են, թե ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Այս գլխից արդեն որոշել են ամեն ինչ և դրա համար է, որ մերժում են մեր առաջարկած «4+4+4» ֆորմատը: Մարտի 18-ի լսումների ժամանակ հայտարարեցին, որ ընդունում են մեր առաջարկը, բայց հիմա ամեն ինչ անում են այդ առաջարկը վարկաբեկելու, արժեզրկելու և վիժեցնելու նպատակով»,- լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոստանալով վաղը Դ.Հարությունյանին ներկայացնել գրավոր առաջարկ բոլոր 12 մասնակիցների վերաբերյալ:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ քննարկվում է մի նախագիծ, որը կառավարության հաստատմանը ներկայացվել և ԱԺ ուղարկվել է ընթացակարգային խախտումներով: Բայց եթե այն բովանդակային առումով գոհացներ հանրությանը, գուցե քննադատություններն այսքան խիստ չլինեին: Իրավաբանը շեշտեց հատկապես ընտրատեղամասերում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թվի և իրավունքների սահմանափակման խնդիրը: Նա նաև հավելեց, որ նախագծում չեն ներառվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները: «Չի կատարվել այն դիտողությունը, թե բողոքարկման առարկան կամ սուբյեկտների շրջանակը պետք է ավելի լայն լինի: Նախագիծը կրկնում է գործող իրավակարգավորումը, որը դիտորդներին հնարավորություն չի տալիս բողոքարկելու միևնույն ընտրատեղամասում»,- հավելեց նա:

«Ցուցակները պիտի հրապարակվեն: Սա ավելի քան 10 տարի քաղաքացիական հասարակության պահանջն է: Մենք չունենք ուրիշ գործիք, որպեսզի կարողանանք վերականգնել ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը»,- լսումներին հայտարարեց Գյումրիի Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները