Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ագրամունտի պաշտոնանկությունից մինչև ԼՂՀ-ի հատուկ կարգավիճակ. ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում

Ագրամունտի պաշտոնանկությունից մինչև ԼՂՀ-ի հատուկ կարգավիճակ. ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում

Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ ղարաբաղյան քառօրյա պատերազմին վերաբերող երկու փաստաթուղթ: Առաջինը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան», երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»: Առաջին ձեւակերպմամբ հարցը օրակարգ է մտցրել ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստվում է ներկայանալ պատերազմին վերաբերող տարատեսակ փաստական ապացույցներով, ելույթներով, ինչպես նաև եվրոպացի պատգամավորների հետ անհատական աշխատանքով այն մասին, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը ու ռազմական գործողությունների ընթացքում խախտել միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններ: Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ գրեթե բոլոր պատգամավորներին արդեն ուղղարկել է այդ փաստերն ամփոփող տեղեկանքներ և պատրաստվում է նստաշրջանի ընթացքում դիմակայել այդ կառույցում Ադրբեջանի պատվիրակության անդամներին, ավելին՝ նախահարձակ լինել:

Պետք է փաստեր ներկայացվեն

Ի՞նչ քայլերով են մեր պատվիրակության անդամները պատրաստվում միջազգային հանրությանն ապացուցել , որ Ադրբեջանն է հրահրել պատերազմը, ռազմական գործողությունների ժամանակ կոպտորեն խախտել մարդասիարական իրավունքի միջազգային նորմերը, և, ի վերջո, միջազգային հանրությանը լսելի ու ընկալելի դարձնել, որ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ոչ միայն իր գոյության իրավունքի, այլև իր պատմական հողում ինքնորոշվելու իրավունքի համար:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, որ կարևորում են եվրոպացի պատվիրակներին հնարավորինս շատ տեղեկություններ ներկայացնելը : Ոչ միայն ԵԽԽՎ-ին, այլև միջազգային բոլոր կառույցներին խախտումներն ապացուցող փաստեր են տրամադրել, շարունակում են նոր փաթեթներ պատրաստել: «Մենք միջազգանին բոլոր կայռույցներին, անհատ գործիչներին ու լրատվամիջոցներին հորդորում ենք գալ ենք Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մենք այստեղ ենք հրավիրում նաև միջազգային փաստահավաք առաքելություններին՝ առաջին ձեռքից ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»,- ասում է Վ.Բաղդասարյանը:

«ԵԽԽՎ նստաշրջանն առիթ է լինելու, որ ներկայացնենք տեղի ունեցածը: Պետք է փաստարկված նյութեր ունենանք ձեռքի տակ: Մեծ աշխատանք է տարվելու առաջին իսկ օրից: Կարծում եմ, որ այդ նյութերով ծրարներ պետք է ձևավորվեն ու բաժանվեն: Կան դիակների անդամահատման, խոշտանգումների ու այլ փաստեր, որոնք ապացուցողական հիմք են, որ Ադրբեջանը ներկայացվի որպես պատերազմական հանցագործ»,- հավելում է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Իշխանությունն ու ընդդիմությունը միասին են պայքարելու

Այս հարցում իշխանությունների հետ միասնաբար են գործում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները:

Ռազմական գործողությունների օրերին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ «անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում ունեցած հակասություններից և տարաձայնություններից՝ արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման և անվտանգության պաշտպանության դիրքերում»: ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Սա աջակցություն է ոչ թե Ս.Սարգսյանին, այլ ազգային միասնականությանը»,- հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ԵԽԽՎ պատվիրակության կազմում «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը կարծում է, որ արդեն սկիզբ է դրվել այնպիսի գործընթացի, որի արդյունքում միջազգային հանրությունը հակամարտող կողմերին չի դատում հավասարակշռության սկզբունքով: Նա հիշեցնում է ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանում ղարաբաղյան հարցի քննարկման ժամանակ եվրոպացի գործիչների հնչեցրած հակաադրբեջանական բազմաթիվ հայտարարությունները: «Պետք է կարողանանք նաև ԵԽԽՎ մեր բոլոր գործընկերներին հասանելի դարձնել ադրբեջանական ագրեսիան: Անհրաժեշտ է նաև ոչ հրապարակային, անհատական աշխատանքներ տանել մարդկանց հետ»,- ասում է պատգամավորը:

«Ցավով եմ ասում, որ ադրբեջանական զինուժի ու վարձկանների կողմից կատարված ռազմական հանցագործությունը ապացուցող փաստերը, նկարներն այնքան շատ են, որ եթե միջազգային հանրությունը հերթական անգամ չփորձի երկու ձեռքով փակել իր աչքերը, դրա 1 տոկոսն անգամ բավարար է տեղի ունեցածը ռազմական հանցագործություն որակելու եւ Ադրբեջանին ահաբեկչական պետություն ճանաչելու համար: 1994թ. ղարաբաղյան պատերազմի մասնակիցները վկայում են, որ նույնիսկ այն տարիներին մեր զինվորների դիակները այսպիսի դաժան խոշտանգումների ենթարկված չեն եղել: Սա ահաբեկչական պետության ձեռագիր է՝ գլխատված մարմիններ, կտրված դաստակներ»,- նշում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել այդ կառույցի ղեկավար Պեդրո Ագրամունդի պաշտոնավարման նպատակահարմարության խնդիրը: «Այն ժամերին, երբ Թալիշում խոշտանգվում էր խաղաղ բնակչությունը, այդ ամենն իմանալով հանդերձ, հրաշալի տեղեկացված լինելով, թե ով է եղել նախահարձակ, ով է ռազմական հանցագործությունների հեղինակը, ԵԽԽՎ նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է ներկայացնել ԵԽ անդամ 47 երկրների հավաքական տեսակետը, ուղղակիորեն Ալիեւի հանցագործ ռեժիմին սատարող հայտարարություն արեց»,- եզրափակում է Ն.Զոհրաբյանը:

Իսկ ԵԽԽՎ պատվիրակության նախկին անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ համոզված է, որ լիագումար նիստին հայկական պատվիրակությունը պետք է բարձրացնի Ադրբեջանի՝ ԵԽԽՎ անդամակցության հարցը: «Երբ Ադրբեջանն ու ՀՀ-ն անդամակցում էին ԵԽ-ին, ռազմական ճանապարհով որևէ հարց չլուծելու պարտավորություն ստանձնեցին: Իսկ հիմա մենք ունենք հստակ ապացույցներ, որ այդ երկիրը խախտել է իր իսկ ստորագրած միջազգային իրավունքի նորմերը: Անկախ այն հանգամանքից, թե այս հարցում հաջողություն կունենանք, թե ոչ, կամ ԵԽ-ն քաղաքական ինչ նպատակահարմարություն կդրսևորի, մենք նվազագույնը պետք է այդ հարցը դնենք շրջանառության մեջ: Եվ ոչ միայն լսումներ ու ելույթներ ունենանք, այլև փաստաթղթեր ստեղծենք, ինչպես իրենք են անում»,- ասում է պատգամավորը:

Փոստանջյանը նաև կարծում է, որ հայկական պատվիրակությունը պետք է փորձի ԵԽԽՎ-ում ԼՂՀ-ին հատուկ կարգավիճակ տալու գործընթաց սկսել: «Պաղեստինն էլ ճանաչված պետություն չէ, բայց տվել են հատուկ կարգավիճակ»,- եզրափակում է Զ.Փոստանջյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները