Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչ պալատի ուսումնասիրած ծրագրերում համատարած խախտումներ են

Վերահսկիչ պալատի ուսումնասիրած ծրագրերում համատարած խախտումներ են

ՀՀ Վերահսկիչ պալատը խորհրդարան է ներկայացրել 2015թ. տարեկան հաշվետվությունը: Այն ապրիլի 19-ին քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացավ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար:

ՎՊ-ն 2015թ. ընթացքում ուսումնասիրել է 7 ոլորտ՝ սոցիալական, գյուղատնտեսություն, առողջապահություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, դատաիրավական ոլորտներ, վարկային և դրամաշնորհային ծրագրեր: Ինչպես նախորդ հաշվետվությունների դեպքում, այս անգամ էլ պետական և վարկային միջոցներով իրականացվող ծրագրերում համատարած խախտումներ են հայտնաբերվել:

Հաշվետվությունը հանձնաժողովին ներկայացնելիս ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, սակայն, դժվարացավ ասել, թե այս 7 ոլորտում ընդհանուր առմամբ որքան գումարի ծրագրեր են ուսումնասիրել, կամ հայտնաբերած խախտումները գումարային առումով ինչ ծավալ են կազմում:

Բայց խախտումներ կան ուսումնասիրած բոլոր ծրագրերում

Ուսումնասիրություններ են կատարվել Կոտայքի և Արագածոտնի մարզերի սոցիալական տարածքային գործակալությունների կողմից բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում: 8 գործակալություններում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել է խախտման 571 դեպք՝ 105 միլիոն 599 հազար դրամի չափով: Խախտումները հիմնականում վերաբերում են նպաստների բաշխման համակարգին. պետությունից դրամական աջակցություն են ստացել այնպիսի ընտանիքներ, որոնց տվյալները բարձր են նպաստառուի համար սահմանված մակարդակից:

Գյուղատնտեսության ոլորտում անցած տարի ստուգվել են հատկապես վարկային միջոցներով իրականացվող ծրագրերը և խախտումներ են հայտնաբերվել գրեթե բոլոր դեպքերում:

Առողջապահության ոլորտում ՎՊ-ն հիմնականում ուսումնասիրել է դեղերի ներմուծումը, ներմուծման օրինականությունն ու արդյունավետությունը: «Արդյունքում որակյալ «Ինսուլին»-«Գլիկլազիդ» դեղերով բնակչությանը հատկացվող բյուջետային ծախսերն էապես նվազեցվել են, քանի որ դեղերն արդեն գնվում են անմիջապես արտադրողից՝ ավելի էժան գնով: Դեռևս լուծված չեն «Գլիմեպիրիդ»-«Մեթֆորմին» շաքարային դիաբետի դեղերն արտադրողից գնելու հարցը»,- ասվում է ՎՊ զեկույցում և նշվում, որ այս ոլորտում հիմնական խնդիրը պոլիկլինիկաների կողմից դեղերի՝ ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով գնելն է: ՎՊ-ն առաջարկում է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծում պետական գնումների մրցույթի համար գների ձևավորման ավելի հստակ մեխանիզմներ նախատեսել:

ՎՊ-ն անդրադարձել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Զեկույցի համաձայն՝ այս ընկերությունը խախտել է «Գնումների մասին» օրենքը և «Գյումրի-2» ենթակայանի վերակառուցման աշխատանքները կազմակերպելիս չի անցկացրել նախատեսված մրցույթը: Համանման խախտումներ են հայտնաբերվել նաև դատաիրավական և ջրային տնտեսության ոլորտներում:

ՎՊ-ն լիարժեք հնարավորություն չի ունեցել ուսումնասիրել վարկային ծրագրերի իրագործումը: Ա.Նռանյանը հայտարարեց, թե հատկապես Կենտրոնական բանկի կողմից ստեղծված «Գերմանահայկական հիմնադրամի» մոտ 500 մլն դոլարի վարկային ծրագրերը ՎՊ-ին հասու չեն եղել. ԿԲ-ն մերժել է ՎՊ-ի ստուգումները՝ պատճառաբանելով, թե դա հակասում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին:

Կիրականացվե՞ն ստուգումներ Հյուսիս-հարավ ծրագրում

Նիստին ներկա պատգամավորները ներկայացված խնդիրների վերաբերյալ հարցեր չունեին: Փոխարենը նիստի հենց սկզբում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ա.Նռանյանին հարց ուղղեց, թե արդյոք ստուգելու են Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագիրը, որն ընդգրկված չի եղել ՎՊ ոչ 2015թ. ծրագրում, ոչ էլ ընթացիկ տարվա ուսումնասիրությունների ցանկում: Հյուսիս-հարավ ծրագիրը ենթադրում է Մեղրի-Երևան-Բավրա 556 կմ երկարությամբ ռազմավարական նշանակության բետոնե ավտոճանապարհի կառուցում: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019թ., նախագծի հաշվարկային արժեքը 1,5 մլրդ դոլար է: « Նախապես այդ նախագծի իրագործման համար պահանջվում էր 500 մլն դոլար, հիմա 1 մլրդ դոլար է պարտք վերցվել, այն էլ այն տեղերում է շինարարություն արվել, որտեղ նորմալ ճանապարհ կար»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:

Ա.Նռանյանը պատասխանեց, որ ՎՊ գործունեության ծրագիրը ԱԺ-ն է հաստատում, և եթե խորհրդարանը հարկ համարի 2017թ. ստուգումների ցանկում ընդգրկել նաև այդ ծրագիրը, իրենք կստուգեն: Մինչև 2018-ն էդ վարկից բան չի մնա՝ դժգոհեց Հ.Բագրատյանը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ հավելեց, թե ՎՊ-ն կարող է ծրագրից դուրս ինքնուրույն որոշումներ կայացնել ու որևէ ոլորտ ստուգել: ՎՊ փոխնախագահը խոստացավ այդ առաջարկությունը փոխանցել իր գործընկերներին և հույս հայտնեց, որ իրենց գերատեսչության մասին նոր մշակվող օրենքը թույլ կտա ուսումնասիրությունների ոլորտներն ինքնուրույն ընտրել:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են Վերահսկիչ պալատի լիազորությունները: Այդ իսկ պատճառով պետք է ոլորտը կարգավորվող նոր օրենք մշակվի, ինչը և արվում է Գ.Մինասյանի գլխավորած նոր աշխատանքային խմբի կողմից: Փոփոխված Սահմանադրությամբ՝ Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ օժտված լինելով նաև աուդիտի լիազորություններով: Նախատեսվում է օրենքն ընդունել մինչև տարեվերջ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները