Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառօրյան մեկնարկեց. առանցքում բանակն է ու Ընտրական օրենսգիրքը

Քառօրյան մեկնարկեց. առանցքում բանակն է ու Ընտրական օրենսգիրքը
Մեկ հայտարարություն՝ Ազգային ժողովի կողմից, մեկ փակ նիստ՝ Պաշտպանության փոխնախարարի մասնակցությամբ, մեկ փակ նիստ՝ վերլուծաբանների ու փորձագետների մասնակցությամբ, բազմաթիվ այցելություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Ազգային ժողովի ղեկավարությունը, թերևս, կարծում էր, որ ապրիլի առաջին 20 օրերի այս նախաձեռնությունները բավարար էին, ու արդեն ապրիլի 25-28-ի քառօրյան որոշել էր սկսել օրակարգային հարցերով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց քառօրյայի օրակարգի նախագիծը, բայց դրա հաստատումը տևեց ավելի քան 1 ժամ: Պատգամավորներին հետաքրքրում էին պատերազմի բացահայտած բազմաթիվ խնդիրներն ու պաշտոնյաները, ովքեր պատասխանատու էին դրանց լուծման համար: Շարմազանովի բնորոշմամբ՝ այս  «նուրբ» հարցերի  հրապարակայնացումը չի նպաստի դրանց լուծմանը:
 
Ընդդիմադիրները փակ քննարկում են պահանջում 

«Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որից մենք զոհ ենք տվել»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ զոհեր եղել են, որովհետև զինվորը չունի գիշերային լուսավորության սարք, չկա կապի միջոց: Նա առաջարկեց ԱԺ հրավիրել գլխավոր շտաբի պետին, Պաշտպանության նախարարին ու փակ նիստում հասկանալ, թե ինչ է կատարվում բանակում, ինչ արդյունավետությամբ են ծախսվում գումարները: «Փակ նիստ մենք արդեն կազմակերպել ենք, կարող եմ իմ աշխատասենյակում կազմակերպել Ձեր և Պաշտպանության նախարարի հանդիպումը»,- այլընտրանք առաջարկեց Շարմազանովը: 

Բանակի խնդիրներն ու պատերազմի դասերը միայն Բագրատյան-Օհանյան ձևաչափում քննարկելուն դեմ էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նկատեց, որ նախորդ քննարկումից հետո նոր հարցեր են առաջ եկել, իրավիճակ է փոխվել, ու պետք է ևս մեկ փակ քննարկում անցկացնել, բայց այս անգամ՝ Պաշտպանության և Արտգործնախարարների մասնակցությամբ: 

Զարուհի Փոստանջյանն էլ առաջարկեց հրավիրել Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահին, ՀՀ և ԼՂՀ վարչապետներին, որպեսզի նրանք ներկայացնեն, թե ինչ խնդիրներ կան այսօր բանակում, և ինչպես են պատկերացնում նրանք այդ խնդիրների լուծումը: Շարմազանովը այս առաջարկին դեմ էր. «Ես նպատակահարմար չեմ գտնում, որ Արցախի Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը գան, կանգնեն այստեղ ու հաշվետվություն տան»:

Միքայել Մելքումյանին էլ հետաքրքրում էր, թե որ փուլում է ՀՀ-ԼՂՀ ռազմական օգնության պայմանագրի մշակումը: Հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է այդ մասին տեղեկություններ ստանալ: Շարմազանովը ցույց տվեց նախ ամենակարճ ճանապարհը՝ չորեքշաբթի, կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարցն ուղղել արտգործնախարարին, երկրորդ՝ խոստացավ ճշտել անձամբ ու տեղեկացնել խմբակցությունների ղեկավարներին: Խոստացավ նաև խորհրդակցել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, խոսնակ Գալուստ Սահակյանի հետ ու ասել, թե երբ և ինչ ձևաչափով կարող են ևս մեկ փակ քննարկում կազմակերպել:  

Ընտրական օրենսգիրքը՝ առանց ՀԱԿ-ի ու էլեկտրոնային գրանցման 

Ընտրական օրենսգրքի նախագիծը, որի հիմնական նորամուծությունը ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումն է, խորհրդարանն սկսեց քննարկել առանց էլեկտրոնային գրանցման: «Ընդամենը մեկ համակարգչի խնդիր է»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երբ լուսատախտակը ցույց տվեց, որ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին հարցեր տալու համար չի գրանցվել ոչ մի պատգամավոր: Ստիպված էին քննարկումն սկսել բանավոր գրանցմամբ՝ հարց տալու հնարավորությունը տալով նախ կանանց: Իսկ երբ համակարգչի խնդիրը լուծվեց, հարց տալու համար գրանցվեց 25 պատգամավոր: 

Նրանց մեջ ՀԱԿ խմբակցության անդամներ չկային: Ավելի վաղ, օրակարգի հաստատման ժամանակ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե նպատակահարմար չեն գտնում, որ Ազգային ժողովում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական լարվածություն առաջացնող նախագծի շուրջ: Բացատրել էր նաև պատճառները՝ չկա կոնսենսուս նախագծի շուրջ, շարունակվում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի և Հայաստանի: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը առկախել է իր մասնակցությունը Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը: 
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները