Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը ապրիլի 28-ին նիստի ավարտին ձայների 98 «կողմ», 9 «դեմ» և 5 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ հարակից փաթեթով: Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորները՝ բացի Լյուդմիլա Սարգսյանից, նաև՝ Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը:

Նախագծի քվեարկությունը բավական «խայտաբղետ» էր: ԲՀԿ անդամներն ու խմբակցության ղեկավարը թեև քննադատեցին օրինագիծը, բայց քվեարկեցին ազատ՝ եղան թե կողմ, թե դեմ, թե ձեռնպահ քվեարկողներ ու քվեարկությանը չմասնակցողներ: «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը «կողմ» քվեարկեցին, Զարուհի Փոստանջյանը դեմ էր: Հանրապետական խմբակցության հետ միասին «կողմ» էր «Դաշնակցություն» խմբակցությունը: «Օրինաց երկիր»-ը քվեարկությանը չմասնակցեց:

2017-ին ո՞ր կուսակցությունները կունենան մեծամասնություն

ԸՕ նախագծով ամբողջությամբ փոխվում է խորհրդարանի կազմավորման կարգը: Ըստ նախագծի՝ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա նվազագույն շեմը հաղթահարած մյուս կուսակցությունները կարող են կոալիցիա կազմել: Իսկ եթե որևէ կուսակցություն ստանում է 50 տոկոս+1 ձայն, ապա նրան տրվում է բոնուս՝ լրացուցիչ այնքան մանդատ, որ կարողանա ունենալ մեծամասնության համար անհրաժեշտ 54 տոկոսը:

Խորհրդարանը ձևավորված կհամարվի, եթե որևէ կուսակցություն ստանա ձայների 54 տոկոսը: Դրանից ավելի ձայն ստանալու դեպքում (ինչը կկազմի խորհրդարանի 2/3-ից ավելին) բոնուս կտրվի ընդդիմությանը, որին բաժին հասնող մանդատները կավելացվեն այնքան, որ հատեն 30 տոկոսի սահմանագիծը: Իսկ եթե որևէ կուսակցություն չստանա ձայների 54 տոկոսը և չկարողանա էլ կոալիցիա ձևավորել, ապա կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են ընտրությունների երկրորդ փուլում միավորվել: Հաղթողն արդեն երկրորդ փուլում կստանա ձայների 54 տոկոսը:

Ընտրական օրենսգրքի մյուս նորամուծությունները

ԸՕ-ի մյուս կարևոր նորամուծությունը քվեարկության, ավելի ստույգ՝ գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումն է: Նախատեսվում է անձի տվյալները նույնականացնել անձը հաստատող փաստաթղթերով, լուսանկարով և մատնահետքով: Ընտրական նորույթներից է նաև կուսակցություններից զատ կուսակցական թեկնածուների ռեյտինգային քվեարկության տարբերակը, որը ընդդիմությունը համարում է թաքնված մեծամասնական ընտրակարգ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները քաղհասարակության հետ միասին ներկայացրել էին 5 կետերից բաղկացած առաջարկների փաթեթ, որում առաջնայինը ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն էր: Իշխանությունները սա չընդունեցին, բայց բողոքարկման դեպքում թույլ տվեցին հրապարակային դարձնել այդ ցուցակների համարները: Ընդունելի համարեցին նաև տեսանկարահանող սարքերի տեղադրումը, եթե, իհարկե, դրանց ապահովման համար ֆինանսական միջոցներ գտնվեն:
ԸՕ նախագծի հետաքրքիր նորություններից մեկն էլ այն է, որ Երևանի նման Գյումրիի և Վանաձորի քաղաքապետին պետք է ընտրի ոչ թե ժողովուրդը, այլ ժողովրդի կողմից ընտրված ավագանին:

Ընտրական օրենսգրքի առաջին կեղծումը

Ընտրական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ քվեարկվեց 2 անգամ: Առաջին փորձը չստացվեց, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթի հնարավորություն էին պահանջում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անտեսելով նրանց կոչերը, նախագիծը երկրորդ անգամ քվեարկության դրեց և հակադարձեց՝ կխոսեք քվեարկությունից հետո: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե կային պատգամավորներ, ովքեր մտադիր էին 20 րոպե ընդմիջում վերցնել, ինչի հնարավորությունը Գ.Սահակյանը նրանց չտվեց ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով:

ՀԱԿ-ը թեև հայտարարել էր, որ բոյկոտում է այս նախագծի քննարկումները, քանի որ իշխանությունները չեն ընդունել ընդդիմության ու քաղհասարակության ներկայացրած առաջարկությունները, մասնակցում էր քվեարկությանը: «Սա արդեն լեգիտիմ օրենք չի կարող համարվել: Եթե այսպես եք վարվում, տարրական պահանջները խախտում եք․․․ Ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում այս Ընտրական օրենսգրքի տակ: Սա խայտառակություն է»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Կընդունվե՞ն առաջարկները

Իսկ նախագծի քննարկումն ու հատկապես քվեարկությանը նախորդած ընթացքը բավական բուռն էր՝ համեմված փոխադարձ վիրավորանքներով, միմյանց ուղղված մեղադրանքներով:

«ԲՀԿ-ն երկար է քննարկել այս նախագիծը, մեր առաջարկների մի մասն ընդունվել է: Մասնավորապես՝ տեղերում նկարահանումներ, էլեկտրոնային մատնահետքով քվեարկություն: ԲՀԿ-ն կքվեարկի ազատ, թեև իմ գործընկերների մեծ մասը հակված է քվեարկելու կողմ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Նաև հավելեց, թե անընդունելի է Ընտրական օրենսգրքի հետ նույն փաթեթով ներկայացված «Կուսակցությունների մասին» օրինագծով առաջարկվող տարածքային կուսակցությունների մոդելը: «Ի՞նչ է, ցեղախմբային կուսակցություննե՞ր ենք ստեղծում: Ստացվում է, որ ամեն ռեգիոնում ինչ-որ մի ցեղախումբ կարող է կուսակցություն հիմնել: Եկեք վերացնենք սա, քանի որ փոփոխությունը վնասելու է քաղաքական համակարգի կայացմանը, ինչին մենք այսօր գնում ենք»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հույս հայտնելով, թե իրենց առաջարկությունները կընդգրկվեն նախագծում:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենց հիմնական առաջարկները չեն ընդունվել: «Մենք առաջարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի ունենա ոչ թե 24 ժամվա, այլ 12 ժամվա ընթացքում, ինչը հնարավորինս կխոչընդոտի թվանկարչությանը: Փորձը ցույց է տվել, որ մինչև ԿԸՀ հասնելը, տեղամասային արդյունքներն ու արձանագրության ցուցանիշները այլանդակվել են, բռնաբարվել է ժողովրդի քվեն»,- հայտարարեց Հ.Բիշարյանը:

Նա նաև աբսուրդային համարեց ԸՕ-ի այն դրույթը, թե տեղամասային ընտրական արձանագրություններին կարելի է ծանոթանալ միայն այն կազմելու պահին նկարահանելու միջոցով: «Ուրեմն կուսակցությունները պետք է կարողանան հանրապետության 2000 տեղամասերում գտնվող իրենց հանձնաժողովի անդամներին նկարահանող հեռախոսներով ապահովել: Այնուհետև մեկ օրվա ընթացքում դրանք հավաքել, նկարահանած արձանագրությունները վերծանեն ու համեմատեն ԿԸՀ-ի արդյունքների հետ: Սա աբսուրդ է: Մենք պարտադիր ենք համարում, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունենա տեղամասի արձանագրությունները»,- ասաց նա՝ նույնպես հույս հայտնելով, թե իր այս ու մյուս առաջարկությունները կընդգրկվեն ԸՕ նախագծի լրամշակված տարբերակում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը թեև կարեւոր փաստաթուղթ է, բայց դրա նշանակությունը փոքր-ինչ գերագնահատվում է: Բացատրելով իր միտքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործող ընտրական օրենսգրքի պայմաններում անցած դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կոպտորեն կեղծվեց, ընտրողների ձայները գողացվեցին: Բայց նույն օրենսգրքով ապրիլի 17-ին անցկացված Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց պահել եւ դե յուրե արձանագրել իր թեկնածուին տրված բոլոր քվեները:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես նկատեց, որ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենսգրքով և հակառակը՝ ամենալավ օրենքը չի կարող լավ ընտրությունների երաշխիք լինել: «Դաշնակցության անունից առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են ջենտլմենական համաձայնագիր, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու»,-առաջարկեց Վարդանյանը:

Նախագծի հեղինակներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում գոհունակություն հայտնեց, որ ԸՕ նախագծի քննարկումը խորհրդարանում ընթացավ բուռն և հետաքրքիր մթնոլորտում: Ասաց, որ նույնիսկ բացասական դիրքորոշմամբ ելույթներում կային «հետաքրքիր» մտքեր: «Ռեգիոնալ կամ տարածքային կուսակցությունների գաղափարը շատերը մերժեցին, և մենք, ամենայն հավանականությամբ, կհրաժարվենք այս մոտեցումից»,- ասաց Դ.Հարությունյանը և հավելեց, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ մի շարք ընդունելի առաջարկներ հնչեցին, որոնք տեղ կգտնեն երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծում:

Նախագծի լրամշակված տարբերակը, ամենայն հավանականությամբ, ԱԺ կներկայացվի մայիսի 16-ին սկսվող քառօրյայի ժամանակ: ԸՕ նախագծի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Օրենսդրական փաթեթը պետք է քննարկվի և ընդունվի 3 ընթերցումներով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները